Լրահոս

07.09.2009 14:10


Տիգրան Առաքելյանի հայտարարություն

Ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, սույն թվականի հուլիսի հինգից գտնվում եմ անազատության մեջ, իսկ հուլիսի 15-ից՝ դատապարտյալների  հիվանդանոցում, քանի որ ոստիկանական հանցագործ հրոսակախմբի անդամներից մեկի կողմից զենքի խզակոթով գլխիս հարված էի ստացել, ինչի հետևանքով ինքնազգացողությունս կտրուկ վատթարացել է: Թեև այստեղ ես գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և   հիվանդանոցի անձակազմի  կողմից արժանանում հարգալից վերաբերմունքի, բայց և այնպես իմ առողջական վիճակը շարունակում է օր-օրի վատթարանալ, և ինձ համար այլևս միևնույն է, թե ինչ ժամկետներում այն կհասնի իր կրիտիկական կետին... Նշեմ նաև, որ ձերբակալությունից հետո մինչ այժմ իմ նկատմամբ կամ մասնակցությամբ ոչ մի քնչական գործողություն չի կատարվել, կալանքի ժամկետը երկարացնելու համար վարույթն իրականացնող մարմինը որևէ ծանրակշիռ փաստարկ չի ներկայացրել, սակայն դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, իմ կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով:

 Այսպիսով վարչախումբը վերջնականապես ապացուցեց, որ ինձ պահում է որպես քաղաքական պատանդ: Ես հալածվում եմ միմիայն քաղաքական  հայացքներիս համար: Ինձ պատանդի կարգավիճակում պահելը չեմ որակում որպես անձամբ իմ դեմ կատարված հանցագործություն, դա ոտնձգություն էր ողջ երիտասարդ ակտիվի և ընդհանրապես առողջ հասարակության դեմ. ի սկզբանե նրանք հույս ունեին, որ կկարողանան լռեցնել կամ վախեցնել երիտասարդությանը: Ավաղ, նրանց մոտ ոչինչ չստացվեց, և այլ բան չի մնում անել, քան հրաժարվել այսօրինակ մեթոդներից:

Ներողություն  խնդրելով իմ բոլոր ընկերներից, ՀԱԿ  անդամներից և ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, ովքեր իմ առողջական վիճակը հաշվի  առնելով ինձ հորդորում են չդիմել բողոքի այս ծայրահեղ միջոցին' մնում  եմ իմ վերջնական կարծիքին և, հրաժարվելով  հիվանդանոցի բուժծառայությունից, սեպտեմբերի 8-ից առավոտյան ժամը 10-ից հայտարարում անժամկետ հացադուլ:

 Տիգրան Առաքելյան

 

Այս խորագրի վերջին նյութերը