Մեկնաբանություն

29.07.2014 10:57


Բնական հակառակորդները

Բնական հակառակորդները

ԲՀԿ–ի՝ իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո շատ է խոսվել ու գրվել, թե որքանով է Գագիկ Ծառուկյանի պահվածքը խաղ և որքանով՝ իրական։

Խաղերի ու դավադրությունների տեսության սիրահարները կարծում են, թե Ծառուկյանն ու Սարգսյանը չեն կարող հակասություններ ունենալ, և, հետևաբար, այս ամենը իմիտացիա է։ Այս տեսակետը իշխանությունները տարածում են նաև իրենց տարատեսակ հաճախորդների միջոցով, այդ թվում՝ «անկախ» մամուլով։ Ահագին «դիշովկա», զարգացնելով խաղերի թեման, իր հացը վաստակում է ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելով։

Նույն «անկախ» մամուլը շրջանառության մեջ է դնում նաև հակառակ տեսակետն այն մասին, որ Ս. Սարգսյանի ու Գ. Ծառուկյանի հակասությունները մտացածին չեն։

«Գեբելսյան» քարոզչամեքենան մի հեքիաթ է հորինել այն մասին, թե, իբր, Սերժ Սարգսյանն օլիգարխիայի ձեռքը կրակն է ընկել, ու նա զոհի կարգավիճակ ունի։ Մինչդեռ անգամ չորքոտանիներին է պարզ, որ ՀՀ թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է, իսկ օլիգարխիան նրա ղեկավարած նեղ թիմն է՝ կազմված բարեկամներից ու մանկության ընկերներից (ՀՀԿ–ին վերապահված է օլիգարխիային սպասարկող մարմնի և հետագայում՝ քավության նոխազ դառնալու դերը)։

Ծառուկյան–Սարգսյան հարաբերություններում իրականությունն այն է, որ ոչ մի խաղ և պայմանավորվածություն չկա։ Կան, իհարկե, որոշակի խաղի կանոնների պահպանման մասին համաձայնություններ (ասենք՝ միմյանց անձնական վիրավորանքներ հրապարակավ չհնչեցնելը կամ արարողակարգային միջոցառումներին համատեղ մասնակցելը), բայց ռազմավարական առումով կողմերը որևէ ընդհանուր հայտարար չունեն և օբյեկտիվորեն չեն կարող ունենալ։

Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ այդ դեպքում Սարգսյանը չի հարձակվում Ծառուկյանի սեփականության վրա։ Պատասխանը շատ պարզ է՝ չի կարողանում։ Սերժը կուզենար խլել Ծառուկյանի սեփականությունը, բայց քանի որ ԲՀԿ–ն քաղաքական դաշտում դարձել է լուրջ գործոն, ՀՀԿ ղեկավարը չի կարողանում կյանքի կոչել իր ծրագրերը։

Ծառուկյանը դիմադրություն ցույց տալով նեոբոլշևիկներն՝ պաշտպանում է ոչ միայն իր, այլ նաև հանրության շահերը, ինչն էլ թույլ չի տալիս Սարգսյանին վերջնականապես մոնոպոլիզացնել տնտեսությունը։ Ծառուկյանի անձնական շահն ու հանրության լայն շերտերի շահերը համընկել են, ինչն էլ ուժեղացրել է ԲՀԿ–ին և հարվածել Սարգսյանի շահերին։

Եթե Ծառուկյանի և Սարգսյանի հակասությունները խաղային բնույթ կրեին, ապա ԲՀԿ–ն ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակ կկազմեր, խորհրդարանական ընտրություններից հետո կմնար կոալիցիայում, նախագահական ընտրություններում կսատարեր Սերժ Սարգսյանին, նույն այդ ընտրություններից հետո կմտներ կոալիցիա և, վերջապես, կողմ կարտահայտվեր Սերժի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։ Բոլոր այս հարցերին Ծառուկյանը դեմ է արտահայտվել կամ չի մասնակցել Սերժի համար կենսական նշանակություն ունեցող գործընթացներին։

ԲՀԿ–ն կոալիցիան լքեց այն պարզ պատճառով, որ կար սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ լուրջ վերապահում, եթե չասենք՝ անտոգոնիզմ։

Սերժ և Տիգրան Սարգսյանները նախաձեռնեցին սեփականության վերաբաշխման և կապիտալը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու քաղաքականություն։

«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցող Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանը, ում ղեկավարած ԲՀԿ–ն դե ֆակտո հանդիսանում է Հայաստանի գործարար շերտի (փոքրից մինչև խոշոր) արհմիությունը, չէր կարող բնական հակադրության մեջ չմտնել։

Մինչև 2007թ. Հայաստանում ձևավորվել էին բիզնեսի շերտերը։ Կար էքստենսիվ զարգացում։ Անարդար էր այդ համակարգն այն առումով, որ մարդիկ փոքրից կարող էին սեփական տաղանդի և գործարար կարողության հաշվին դառնալ միջին բիզնեսմեն, սակայն միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհն արհեստականորեն փակ էր, իսկ խոշորի դաշտում գործում էին 20-30 ընտանիքներ կամ կիսակրիմինալ ֆինանսական խմբեր, որոնց, ի դեպ, կուռացիա էր անում Սերժ Սարգսյանը։

Եռաշերտ բիզնեսի համակարգը որոշակի ժամանակահատվածում տնտեսական աճ ապահովեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Դրական զարգացումների վրա իր հետքը թողեց նաև միջազգային կոնյունկտուրան, սակայն եթե համապատասխան միջավայր չլիներ, ապա այդ կոնյունկտուրայից կօգտվեր միայն իշխանության վերին շերտը։ Այնինչ օգտվեցին շատ–շատերը՝ փոքրից մինչև խոշոր։ Ճիշտ է, ոչ այնքան արդար համամասնությամբ, բայց, ամեն դեպքում, օգտվեցին։

Պարզ է, որ հանրությունն ուներ կլանաօլիգարխիկ համակարգը բարեփոխելու պահանջ։ Բարեփոխման համար անհրաժեշտ էր, որպեսզի միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը բացվեր, իսկ խոշորի համար էլ ստեղծվեր բարենպաստ միջավայր՝ ներդրումներ անելու, ներմուծման փոխարինում ապահովելու և դեպի արտահանումը միտված բիզնես վարելու համար։ Ինքնին հասկանալի է, որ փոքր բիզնեսի համար պետք է նվազագույն հարկային բեռ սահմանվեր, քանզի ֆիսկալ օգուտ այդ շերտից ակնկալելը պարզապես սադիզմ է։

Իսկ ի՞նչ արեց «օլիգարխ» կոչվածների և մականունավոր կիսակրիմինալ հատվածի կուռատոր Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26–ում հայտնվելուն պես։ Նա ոչ թե գնաց բարեփոխումների, այլ կլանաօլիգարխիկ համակարգը սուպերօլիգարխիկ դարձնելու և Հայաստանում նեոբոլշևիկյան կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ՝ անունը դնելով «Հակաօլիգարխիկ պայքար»։

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը որոշեց դառնալ «հայկական թուրքմենբաշի» կամ Իլհամ Ալիև, բայց առանց նավթի ու գազի ռեսուրսներ ունենալու։

Նա Տիգրան Սարգսյանի միջոցով նախ հարկային տեռորի ենթարկեց փոքր բիզնեսին, ապա սկսվեց սեփականության վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց՝ տնտեսության սաշիկացման և երիտսաշիկացման տեսքով։

Արդյունքները սարսափելի են՝ արտագաղթ, տնտեսական անկում, աղքատության աճ, արտաքին պարտքի եռապատկում, կապիտալի փախուստ և այլն։

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել ոչ թե հնարավորություն տալ, որպեսզի սոցիալական վերելակն աշխատի բիզնես դաշտում և բացվի միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը, իսկ խոշորի դաշտում էլ հաստատվեն մրցակցային հարաբերություններ, այլ հակառակը՝ բիզնեսի բոլոր շերտերը վերանան, ու նրանց տնօրինած սեփականությունը հայտնվի իր ձեռքում ուղղակի (փայ մտնելու կամ փայը խլելու միջոցով) կամ անուղղակի (հարկային բեռի ավելացման միջոցով) ձևով։

Եվ ուրեմն, Հայաստանում ամենափոքր կրպակատիրոջից մինչև ամենախոշոր կապիտալիստը հանդիսանում են Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի բնական հակառակորդները։

Չի կարող միասնություն լինել նեոբոլշևիկների ու բուրժուազիայի միջև (առանձին դեպքերը ոչինչ չեն նշանակում), քանզի նեոբոլշևիկների նպատակը դեմագոգիկ լոզունգների ներքո «կուլակաթափություն» իրականացնելն է, իսկ բուրժուազիայինը՝ մասնավոր բիզնես զարգացնելն ու ռացիոնալ էգոիզմի շրջանակներում պետությանն օգուտ տալը։

Նեոբոլշևիկներն իրենց բնությամբ հակապետական ուժեր են, իսկ բուրժուազիան՝ պետականամետ։ Բոլոր առաջադեմ պետությունների շարժիչ ուժը բուրժուազիան է, և ծիծաղելի է Սերժի գլխավորած երիտօլիգարխիային առաջադեմ ներկայացնելը։ Սերժի թիմը ռեակցիոն ուժ է՝ սովետից մնացած չարորակ ուռուցք։

Գագիկ Ծառուկյանը՝ որպես բուրժուազիայի շահերը ներկայացնող ինստիտուցիոնալ կառույցի՝ ԲՀԿ–ի ղեկավար, օբյեկտիվորեն չի կարող ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի հետ, և հետևաբար, բախումն անխուսափելի է։ Այլ հարց է, որ Ծառուկյանը խնդիր է դրել իշխանափոխության հասնել առանց ցնցումների և անարյուն։ Ու պարտադիր չէ, որ նա օգտագործի «իշխանափոխություն» բառը։ Նայե՛ք մարդկանց քայլերին ու ըստ այդմ՝ գնահատական տվեք։

Իսկ այն, որ Ծառուկյանը կողմ է իշխանափոխությանը, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանզի այդտեղ նա ունի ինչպես անձնական, այնպես էլ դասակարգային շահ։ Ու քանի որ հանրության լայն շրջանակներն էլ այս կամ այն պատճառով կողմ են իշխանափոխությանը և դեմ են վարվող նեոբոլշևիկյան քաղաքականությանը, ստացվել է այնպես, որ անգամ իշխանություններն են ստիպված արձանագրում, որ Գագիկ Ծառուկյանն ունի ամենաբարձր վարկանիշը քաղաքական դաշտում։

Պարզ է, որ ԲՀԿ ղեկավարը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ։ Այդ մասին ինքն էլ է խոստովանել, բայց ոչ ստանդարտ իրավիճակ է նաև Հայաստանում։ Երկրի աղքատացման ֆոնին անձնական հարստություն ապահովելու և ցմահ իշխելու սերժսարգսյանական ցանկությունը խոր հակասության մեջ է մտել մեր երկրի շահերի հետ։ Այս պայմաններում պետք են ոչ ստանդարտ լուծումներ՝ ոչ ստանդարտ գործիչների և ոչ ստանդարտ միավորումների օգնությամբ։

Վրաստանում համանման իրավիճակ էր։ Սահակաշվիլին բիզնես դաշտում տեռոր էր իրականացրել, ու միայն միլիարդատեր Իվանիշվիլու միջոցով հնարավոր եղավ վիճակ փոխել։ Իվանիշվիլին փափուկ տարբերակով հեռացրեց Սահակաշվիլիին, ապա ինքն էլ հեռացավ իշխանությունից։

Մեր Իվանիշվիլին հանգամանքների բերումով կարող է դառնալ Ծառուկյանը։ Դուր է գալիս դա մեզ, թե դուր չի գալիս, ուզում ենք մենք, թե չենք ուզում, դրանից բան չի փոխվում։

Ծառուկյանն իր առաքելությունն ունի։ Կկատարի այդ գործը՝ փառք ու պատիվ իրեն, չի կատարի՝ վատ կլինի և՛ իր, և՛ Հայաստանի ու Ղարաբաղի համար։

Մեկ բան ակնհայտ է՝ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել, միասնական ճակատ ձևավորել Սերժ Սարգսյանի դեմ, մերժել նեոբոլշևիկյան կառավարման համակարգ նախատեսող սահմանադրական փոփոխությունները և գնալ անցնցում իշխանափոխության։ Հակառակ պարագայում մեր պետության գոյությունն, առանց չափազանցության, հարցականի տակ կդրվի։ Եվս մի քանի տարի Սերժի կառավարման ներքո, և մենք չենք կարողանա բանակ կազմավորել (արդեն այսօր խնդիրներ կան), քանզի բնակչության ֆիզիկական ծավալները դա թույլ չեն տա արտագաղթի այս տեմպերի պահպանման դեպքում։

«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի». սա՛ պետք է լինի սպասվող գործընթացների գլխավոր կարգախոսը։

Հարկավոր է «Վերջի բոլշևիկին» «մարդասիրական միջանցք» տրամադրել ու փակել նրա կառավարման տարիների անփառունակ էջը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը