Մեկնաբանություն

30.07.2014 10:08


Ի՞նչ է սպասվում Սերժի «մահապարտներին», կամ «Лес рубят, щепки летят»

Ի՞նչ է սպասվում Սերժի «մահապարտներին», կամ «Лес рубят, щепки летят»

«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար Սերժ Սարգսյանը ոչ միայն կատարողների բանակ ստեղծեց Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այլ նաև՝ «մահապարտների»։ Վերջիններիս ֆունկցիան շեֆին ամեն գնով պաշտպանելն ու նրա ընդդիմախոսների վրա հարձակվելիս, այսպես կոչված, կարմիր սահմանագիծն անցնելն է։

Սերժի «մահապարտներին» կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ ֆորմալ և ոչ ֆորմալ։

Ֆորմալ «մահապարտները» մի քանի երիտհանրապետականներն են, որոնք իրենց կարիերային աճով ու ֆինանսական միջոցների ձեռքբերմամբ պարտական են բացառապես Սերժ Սարգսյանին։ Սրանք իշխանական կոմսոմոլի այն ներկայացուցիչներն են, ովքեր «շավկայի» դերակատարում ունեն և չունեն հայրենիք։

«Շավկաների» հայրենիքը ՀՀԿ–ն է, ավելի ճիշտ՝ ՀՀԿ ղեկավարի կաբինետը, քանզի այդ կաբինետից են նրանք սնվում։

Սրանք լավ գիտեն, որ անձնական բարեկեցությունն ապահովում են միայն «Վերջի բոլշևիկի» բարեհաճության շնորհիվ ու պատրաստ են կռիվ տալ նրա համար։ Ֆորմալ «մահապարտները» հասկանում են, որ իրենց «աստեղային ժամը» հիմա է, և պատրաստ են աջ ու ձախ ճանկռել, միայն թե հաճույքը մի քիչ էլ երկարի։

Ինքնին հասկանալի է, որ ֆորմալ «մահապարտների» մոտ բացակայում է գաղափարականությունը, սկզբունքայնությունը և բարոյականությունը։ Մարդկային այդ տեսակը մեծ հաճույքով վաղը «կքցի» իր այսօրվա տիրոջը, սակայն հասկանալով, որ հակառակ ճամբարում իշխանափոխությունից հետո որևէ շանս չունի՝ ստիպված դարձել է «մահապարտ»։

Ի դեպ, ֆորմալ «մահապարտները» համեմատաբար անվնաս «կենդանիներ» են, քանզի բոլորի համար էլ պարզ է, թե ինչն ինչոց է։ Վաղը սրանց որևէ մեկը չի հիշելու։ Թերևս միայն դատախազությունը (վերին իշխանավորին քծնելու «շկոլայի» և «մահապարտության» հիմնադիրը ՀՀԿ–ական Վազգեն Խաչիկյանն է, բայց հիմա որտե՞ղ է նա)։

Ինչ վերաբերում է Սերժի ոչ ֆորմալ «մահապարտներին», ապա այս շերտը շատ ավելի նողկալի դեմքերով է լցված։ Սրանք հանդես են գալիս «ընդդիմադիրի», «անկախի» և «արևմտամետի» դիմակի ներքո՝ փորձելով հանրության որոշակի շերտի մոլորության մեջ գցել։ Ֆորմալները չեն թաքցնում և չեն էլ կարող թաքցնել, որ իրենք սերժական են, իսկ ահա ոչ ֆորմալները «տակից» են պաշտպանում Սերժին՝ կռիվ տալով վերջինիս ընդդիմախոսների դեմ։

Ըստ այդմ՝ ոչ ֆորմալ «մահապարտները» ամենակեղտոտ ֆունկցիան են կատարում, և ինչպես ֆորմալ «մահապարտները» հասկանում են, որ հետդարձի ճանապարհ չունեն, ու պետք է կռիվ տան շեֆի համար մինչև վերջ, քանզի չափն անցել են։ Թեև երբեք ուշ չէ կանգ առնելն ու գոնե սեփական կաշին փրկելու համար «ստոպ» տալը, քանի որ պարզից էլ պարզ է, որ Սերժը որևէ պարագայում տեր չի կանգնելու նրանց։

Առավել ևս՝ որևէ ներում–բեկում չի լինի չափն անցածների համար այն ուժերի կողմից, որոնք իշխանափոխությունից հետո գործնական քայլեր կձեռնարկեն գաղջ մթնոլորտը վերացնելու համար։

Ֆորմալ և ոչ ֆորմալ «մահապարտները» պետք է լավ իմանան, որ Սերժ Սարգսյանին տրամադրվելիք մարդասիրական միջանցքից օգտվելու հնարավորություն չեն ունենալու։ Այդ միջանցքն այնքան նեղ է, որ բոլորը չեն կարող անցնել այդտեղով։

Սերժի «մահապարտներին» չեն փրկի ո՛չ ԱՄՆ «գրին քարտ» ունենալը, ո՛չ բանկային հաշվի վրա եղած գումարի չափը։ Չի փրկի անգամ ճամբարափոխ լինելու պատրաստակամությունը, քանզի, կրկնեմ, եթե չափն անցնում ես, ապա ներելու թեման փակվում է։

Այնպես որ, ինչպես Սերժ Սարգսյանի սիրած Մաքսային միությունում են ասում՝ «Лес рубят, щепки летят»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը