Լրահոս

30.07.2014 12:48


Անհրաժեշտ են համարում ԵՄ-Հայաստան նոր տիպի ասոցացման համաձայնագրի ստեղծումը

Անհրաժեշտ են համարում ԵՄ-Հայաստան նոր տիպի ասոցացման համաձայնագրի ստեղծումը

Եվրամիության հետ նոր տիպի ասոցացման համաձայնագիրն անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այդ նոր համաձայնագիրը պետք է համապատասխանի Հայաստանի նոր միջազգային պարտավորություններին և միաժամանակ կընդգրկի համագործակցության լայն շրջանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան ներկայացրել է նոր տիպի Ասոցացման համաձայնագրի մանրամասներն ու նաև տեսակետ հայտնել ՀՀ-ԵՄ և ԼՂՀ-ԵՄ հարաբերությունների մասին:

«Ներկայումս ԵՄ-Հայաստան համագործակցության մեծ մասն ուղղակիորեն չի առնչվում առևտրի հետ, հետևաբար ակնհայտ է, որ բավականաչափ դաշտ կա համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար, եթե իհարկե լինի ուժեղ քաղաքական կամք դրա համար»,–ասել է նա:
Օչոայի խոսքերով՝ այսպիսի համագործակցության հիմնական առանցքը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կաշառակերության դեմ պայքարը և քաղաքացիական հասարակության ուժեղացումը: Ավելի ստույգ այն կարող է ընդգրկել այն չորս բաժիններից երեքը (բոլորը բացի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց), որոնք ՀՀ-ն և ԵՄ-ն կնքել էին 2013թ. հուլիսին, այն է՝
- արտաքին ու անվտանգության քաղաքականություն
- արդարադատություն և ներքին գործեր
- մի շարք խնդիրներ, այդ թվում շրջակա միջավայրին, գիտությանը, տրանսպորտին և կրթությանը վերաբերող հարցեր:
«Մասնավորապես, այս նոր Ասոցացման համաձայնագիրն իրենից կներկայացնի համապարփակ համաձայնագիր, որը կներառի համագործակցության ներկայիս լայն շրջանակը քաղաքական և տնտեսական ոլորտներում և էլ ավելի կզարգացնի այս ոլորտները: ԵՄ-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար այն պետք է լինի ավելի ընդլայնված և խորը, քան ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է (PCA): Այն պետք է ընդգրկի ավելի մեծ հանձնառություն ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության և կայուն զարգացման շուրջ ինստիտուցիոնալ երկխոսության հանդեպ: Նոր համաձայնագիրը կարող է նաև զարգացնել համագործակցությունը արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում՝ մասնավորապես շեշտը դնելով տարածաշրջանային խնդիրների, զենքի չտարածման և զինաթափման հարցերի վրա»:

Տնտեսական ոլորտում՝ բիզնեսին և ներդրողական դաշտին, ֆինանսներին, միկրոտնտեսական կայունությանն ու աշխատատեղերին, սոցիալական ոլորտին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը նույնպես կարող են այդ փաստաթղթի մաս կազմել: «Փաստաթղթում հարկ է նաև ընդգրկել առանձին ճյուղեր, ինչպիսիք են տրանսպորտը, ավիացիան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, կրթությունը, մշակույթը և մամուլը: Պետք է նաև ուժեղացվեն մարդկանց միջև շփումները, այդ թվում դպրոցների, ուսանողների և հետազոտողների համար փոխանակման և համագործակցության ծրագրերի քանակի ավելացման միջոցով: Ինչ վերաբերում է առևտրի ոլորտին, չնայած այն բանին, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, այնուամենայնիվ, դեռ կարող են ԵՄ-ի ետ համագործակցության հնարավորություններ լինել առանձին ճյուղերում»,–նշել է նա՝ հավելելով, որ այսպիսի առանձին համաձայնագրեր կարող են ստորագրվել այն ոլորտներում, ուր կա երկուստեք հետաքրքրություն, հատկապես, երբ խոսքը գնում է տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին, ինչպիսիք են օրինակ թվինինգ նախագծերը, որոնք իրականացվում են նաև Ռուսաստանի Դաշնության հետ.

«Առաջնային մարտահրավերն այս առումով Հայաստանի համար ԵՄ չափանիշներին համապատասխանելն է և հայկական ենթակառուցվածքների ամբողջական բարելավումն է ըստ ԵՄ չափանիշների. սա, անշուշտ, քննարկման հիմնական թեման կլինի առանձին ճյուղերին վերաբերող համաձայնագրերի շուրջ բանակցություններում: Ըստ էության Եվրասիական միությանն անդամակցող երկրների մեջ Հայաստանի որդեգրած չափանիշներն ամենամոտն են ԵՄ չափանիշներին: Այդ պատճառով ակնկալվում է, որ ՄՄ անդամ երկրների ձեռնարկությունները կմեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում: Այս առումով և ԵՄ-ի, և ՀՀ-ի համար փոխադարձ շահավետ կլինի համագործակցության լրացուցիչ մեխանիզմների ստեղծումն այս ոլորտում: Վերջապես, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԵՄ-ում ամրապնդվում է այն կոնսենսուսը, որ Արևելյան գործընկերությունը պետք է տրամադրի ավելի անհատականացված աջակցություն գործընկերության անդամ երկրներին հետագա ծրագրվող փուլում: Բացի այդ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դեպքում մի շարք ԵՄ անդամ երկրներ և Եվրոպական խորհրդարանում տարբեր լիազորված անձինք պաշտպանում են այն գաղափարը, որ Հայաստանին պետք է առաջարկել այնպիսի Ասոցացման համաձայնագիր, որը հաշվի կառնի վերջինիս միջազգային նոր պարտավորությունները»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը