Կարծիք

30.07.2014 21:23


ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ. «Այո՛, վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն ուղիղ տեքստով և միանշանակ էր ասված»

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ. «Այո՛, վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն ուղիղ տեքստով և միանշանակ էր ասված»

Ավարտվեց Արցախի Հանրապետության վարչապետի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը՝ իր հիմնական արձագանքներով հանդերձ: Կցանկանայի որպես ամփոփում ներկայացնել մի քանի հիմնական կետ հատկապես քաղաքական բաժնից, իսկ մնացած պատասխաններին, համոզված եմ, դեռ անդրադառնալու առիթ կլինի: Ինչու՞ հենց քաղաքական պատասխաններին, քանի որ դրանցում ընդգծվել են մի քանի նշանակալի կետեր, որոնք պետք է աչքի տակ ունենալ տվյալ հարցերի և դրանց վերաբերյալ իշխանական դիրքորոշումների մասին խոսելիս:
1. Ընդհանուր եզրակացություն՝ առցանց հարցուպատասխանի ձևաչափը կարող ենք համարել հաջողված, քանի որ դրա միջոցով ոչ միայն ԼՂՀ քաղաքացիներին, այլ նաև Արցախով սրտացավ յուրաքանչյուր հայի հնարավորություն է տրվում հարցեր հղել ԼՂՀ գործադիրի ղեկավարին՝ թե՛ վերհանելու առկա հիմնախնդիրները, թե՛ առանցքային հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և թե՛ ղեկավարության համար ևս մեկ առիթ ստեղծելու շոշափելու բարձրացվող հարցերի վերաբերյալ հասարակության ընկալումները, դրանց խորությունն ու խտությունը: Ավելի քան 60 հարցերը ապացուցեցին, որ սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ պահանջարկ կա նմանատիպ շփումների, իսկ վարչապետի պատասխանները (ընդ որում՝ անխտիր բոլոր հարցերին) ցույց տվեցին, որ ԼՂՀ կառավարությունը բաց է լսելու և քննարկելու ցանկացած տեսակետ:
2. Հաշվի առնելով արձագանքները՝ նկատելի է, որ բոլորի հիմնական ուշադրությունը սևեռվել է վարչապետի այն խոսքի վրա, որ «մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են»: Իհարկե, սա քաղաքական բաժնի գլխավոր մեխն էր: Այնուամենայնիվ, չէի ասի, թե դա ընդհանուր առմամբ նորույթ էր, քանի որ պաշտոնական Ստեփանակերտը քիչ չէ խոսել այդ սկզբունքների նկատմամբ իր վերապահումների մասին: Ավելին, նույնիսկ նախագահի մակարդակով քանիցս նշվել է, որ եթե Արցախը բանակցությունների մաս կազմի, ապա պետք է զրոյից բանակցի հակամարտության լուծման սկզբունքների շուրջ, ինչը, բնականաբար, նշանակում է, որ չի բանակցելու ներկայումս առկա փաստաթղթի շուրջ: Այո՛, վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն ուղիղ տեքստով և միանշանակ էր ասված, սակայն այն չէի համարի նոր քաղաքականություն պաշտոնական Ստեփանակերտի համար:
3. Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց այն իրականությունը, որ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները մեկ հայրենիք են, բայց երկու առանձին իրավական սուբյեկտներ: Իրավական կամ քաղաքական ինչ-ինչ պատճառներով առանձնացված երկու սուբյեկտների իրավական գոյությունն ամենևին չի նշանակում միասնական հայրենիքի տարանջատում: Կարճ ասած՝ Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն՝ գոնե այս պահին:
4. Վարչապետը հերթական անգամ շեշտադրեց հայտնի ճշմարտությունը և ԼՂՀ սահմանադրության դրույթը, այն է՝ հավասարապես Արցախի մաս են այն բոլոր տարածքները, որոնց վրա այժմ տարածվում է ԼՂՀ հանրային իշխանությունը: Ավելին, ազատագրված տարածքում իրագործվում են զարգացման բազմաթիվ ծրագրեր, և մեր տեսլականն այդ բնակավայրերի զարգացումն է, ոչ թե նվիրատվությունն այլ պետություններին:

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը