Մեկնաբանություն

31.07.2014 12:31


«Վերջի բոլշևիկին» պաշտոնապես ոչ լեգիտիմ ճանաչեցին Ղարաբաղում

«Վերջի բոլշևիկին» պաշտոնապես ոչ լեգիտիմ ճանաչեցին Ղարաբաղում

Ղարաբաղից պաշտոնական տեսակետ հնչեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ։

Լեգիտիմության խնդիր ՀՀԿ ղեկավարը միշտ է ունեցել, բայց ոչ Ղարաբաղում (համենայնդեպս այդպիսի տպավորություն կար այստեղից, քանզի Սերժի բոլոր հակահայկական քայլերից հետո որևէ արձագանք չէր լսվում Ստեփանակերտից)։ Այնտեղ սխալմամբ համարել էին, որ ղարաբաղցի Սերժն իրենց շահերն ավելի լավ կպաշտպանի (ղարաբաղցիները, թերևս, չգիտեն, որ Սերժին կից «պոլիտԾիխնոլոգները» «թույն» լուծում են գտել՝ այստեղ տարածելով, թե բա չեք ասի, Սերժը ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի), քան որևէ այլ մեկը։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ եթե մարդը «նախաձեռնողական» է և խաղամոլի հոգեբանություն ունեցող, ապա կապ չունի, թե որտեղ է ծնվել կամ ինչպես է ուզում փոխել իր ծննդավայրը։

Ղարաբաղում կամաց–կամաց հասկացան այս ամենը։ Ավելի ճիշտ՝ հասկացել էին վաղուց, բայց ձայն չէր լսվում կամ էլ լսվում էին կցկտուր բառեր ու նախադասություններ։ Հիմա արդեն լսվեց Ստեփանակերտի տեսակետը բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով։

Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի աշխատակազմը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կազմակերպել էր առցանց հարցուպատասխան։

Անդրադառնալավ օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչպիսի տեսակետ ունի վարչապետը «Ալ վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտնած այն մտքի վերաբերյալ, որ հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող անվտանգության գոտու վերադարձն Ադրբեջանին՝ Ա. Հարությունյանը նշել է հետևյալը. «Ազատագրված տարածքները նույնպես Արցախ են ու շենացվում են ԼՂՀ-ի կողմից, այլ տեսակետ լինել չի կարող»։

Երեկ էլ ԼՂՀ վարչապետի առցանց հարցուպատասխանի վերաբերյալ ամփոփիչ մեկնաբանությամբ հանդես եկավ նրա մամլո խոսնակը։ Ըստ այդմ՝ Ղարաբաղի հարցով Սերժի ոչ լեգիտիմ լինելը հիմնավորվում է կետ առ կետ։

Այսպես, նշվում է, որ Ղարաբաղի համար անընդունելի է հակամարտության կարգավորման այն մոտեցումը, որի ջերմեռանդ պաշտպան է Սերժ Սարգսյանը։

«Վարչապետը հերթական անգամ շեշտադրեց հայտնի ճշմարտությունը և ԼՂՀ սահմանադրության դրույթը, այն է՝ հավասարապես Արցախի մաս են այն բոլոր տարածքները, որոնց վրա այժմ տարածվում է ԼՂՀ հանրային իշխանությունը: Ավելին, ազատագրված տարածքում իրագործվում են զարգացման բազմաթիվ ծրագրեր, և մեր տեսլականն այդ բնակավայրերի զարգացումն է, ոչ թե նվիրատվությունն այլ պետություններին»,– նշված է Ա. Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում:

Իսկ դա նշանակում է, որ Մայնդորֆյան հռչակագրի տակ դրված Սերժի ստորագրությունը լեգիտիմ չէ, ինչպես որ լեգիտիմ չեն Ղարաբաղին առնչվող Սերժի բոլոր հայտարարություններն ու քայլերը։

Եվ ամենակարևորի մասին։

«ԼՂՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց այն իրականությունը, որ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները մեկ հայրենիք են, բայց երկու առանձին իրավական սուբյեկտներ: Իրավական կամ քաղաքական ինչ-ինչ պատճառներով առանձնացված երկու սուբյեկտների իրավական գոյությունն ամենևին չի նշանակում միասնական հայրենիքի տարանջատում: Կարճ ասած՝ Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն՝ գոնե այս պահին»,– գրված է Ա. Հարությունյանի մամլո խոսնակի էջում:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը, բավարարելով Իլհամ Ալիևի նամակում հնչեցրած պահանջները և դեռ մի բան էլ ավելի առաջ գնալով այդ հարցում, Աստանայից վերադառնալուց հետո Ծաղկաձորում հավաքված կոմսոմոլի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում:

Արա Հարությունյանն, ահա, հակադարձում է Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ այո՛, Ղարաբաղը գոնե այս պահին Հայաստանի Հանրապետության մաս չէ օրենսդրորեն, բայց մենք մեկ միասնական հայրենիքի մաս ենք, այսինքն՝ մեր պատկերացումներում Ղարաբաղը Հայաստան է։

Անշու՛շտ, ողջունելի է պաշտոնական Ստեփանակերտի նման մոտեցումը։ 88–ին Հայաստանն ու Ղարաբաղը մեր բոլորի պատկերացումներում միասնական էին։ Դրա համար էլ հաղթանակը եղավ։

Հիմա էլ է այդպես, և մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ու եթե Սերժի պատկերացումներն այլ են, ապա նա իր սիրելի Զորի Գայկովիչի ու Ադրբեջանին ԵՏՄ հրավիրող Արտաշես Գեղամյանի հետ միասին թող բռնի Գյուլիստանի ճանապարհը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը