Լրահոս

31.07.2014 17:53


Երջանկության բանաձևը Հռոմի պապից. անջատե՛ք հեռուստացույցն ու հանգստացե՛ք

Երջանկության բանաձևը Հռոմի պապից. անջատե՛ք հեռուստացույցն ու հանգստացե՛ք

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բավականին անկեղծ հարցազրույց է տվել արգենտինական «Viva» պարբերականին։ Նա կիսվել է երջանկության իր գաղտնիքներով, որոնք 10–ն են։ Բոլոր նրանց, ովքեր երջանկություն են փնտրում, Հռոմի պապը խորհուրդ է տալիս անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել ուրիշների «վզին փաթաթել» սեփական մտածելակերպը։ Նրա խոսքերն է մեջբերում «Catholic News Service»–ը։

Հռոմի պապի մյուս խորհուրդը հնչում է որպես թևավոր խոսք. «Շարժվի՛ր առաջ, և թող մյուսները վարվեն նույն կերպ», կամ էլ՝ «Ապրի՛ր ինքդ և մյուսներին էլ թո՛ւյլ տուր ապրել»։

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը կարծում է նաև, որ պետք է առատաձեռն և այլ մարդկանց հետ շփման համար բաց լինել։

«Եթե դու ներփակվում ես, քեզ եսակենտրոն դառնալու վտանգի տակ ես դնում։ Իսկ չհոսող ջուրը սկսում է փտել»,–ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Նա նաև խորհուրդ է տալիս միշտ գործել հանդարտ և առողջ հանգիստ կազմակերպել։

«Սպառումը մեզ միմիայն անհանգստություն է բերել»,–պարզաբանել է նա՝ ծնողներին խորհուրդ տալով իրենց երեխաների հետ խաղալու համար ավելի շատ ժամանակ գտնել, իսկ երբ ընտանիքը նստում է ճաշելու, անջատել հեռուստացույցը։ Հռոմի պապը հիշեցրել է, որ կիրակին հանգստյան օր է, և նախազգուշացրել է այդ օրը չաշխատելու մասին։

«Կիրակին ընտանիքի համար է»,–ասել է պոնտիֆիկոսը։

Իսկ գործատուներին նա կոչ է արել երիտասարդ աշխատակիցներին չմերժել արժանապատիվ աշխատանքի հարցում. «Երիտասարդների հետ պետք է ավելի ստեղծագործական (կրեատիվ) լինել։ Եթե երիտասարդներն աշխատելու հնարավորություն չունեն, կսկսեն թմրամիջոցներ օգտագործել»։

Երկրագնդի բնակչությանն էլ Հռոմի պապը հորդորում է հոգ տանել բնության մասին։ Շրջակա միջավայրի սպառնալիքները նա համարում է ամենալուրջ մարտահրավերներից մեկը. «Մենք նույնիսկ ինքներս մեզ հարց չենք տալիս՝ իսկ բնության հանդեպ այս անկանոն և ողբալի վերաբերմունքը մեզ չի՞ հանգեցնում ինքնասպանության»։

Խորհուրդներից մեկն էլ դրական մտածելակերպն է, քանի որ որևէ մեկի մասին վատ բան խոսելը, ըստ պոնտիֆիկոսի, ապացուցում է նրա ցածր ինքնագնահատականը։

Հավատացյալներին էլ կոչ է անում ձեռնպահ մնալ անխտիր բոլորին իրենց հավատքին բերելուց և հարգել ուրիշների աշխարհընկալումը։

Եվ վերջում Հռոմի պապն ընդգծել է, որ երջանիկ լինել ցանկացող մարդը պետք է աշխատի հանուն խաղաղության։

«Մենք ապրում ենք բազմաթիվ պատերազմների ժամանակաշրջանում։ Մենք պետք է խաղաղության կոչը բարձրաձայնենք»,–եզրափակել է պոնտիֆիկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը