Մեկնաբանություն

01.08.2014 00:05


ԱՄՆ–ն հարվածում է Սերժ Սարգսյանի մասնավոր շահերին

ԱՄՆ–ն հարվածում է Սերժ Սարգսյանի մասնավոր շահերին

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. «արևմտամետ» քաղաքականության ռահվիրա Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի մասնավոր շահերին հարվածում է Արևմուտքի դրոշակակիր ԱՄՆ–ն։

Ինչպես հայտնի է, ՀՀ–ում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին»,– մասնավորապես նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ամերիկացիները կոնկրետ ընկերությունների անուններ են նշել, որոնք ընկել են պատժամիջոցների տակ։ Դրանց թվում է նաև ռուսական գիգանտ–կազմակերպություններից մեկը՝ «Ռոսնեֆտը»։ Իսկ դա ուղղակիորեն առնչվում է Սերժ Սարգսյանի մասնավոր շահերին։

Բանն այն է, որ «Ռոսնեֆտից» հեղուկ վառելիք է գնում և Հայաստան ներմուծում Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատը՝ ձգտելով բենզինի ու դիզելային վառելիքի շուկայում մոնոպոլիզացիայի ենթարկել ներմուծումից մինչև մանրածախ վաճառքի ամբողջական շղթան։

Հիմա պարզվում է, որ ամերիկացիները Սերժին զգուշացնում են, որ իր ու իր ոչ պակաս «արևմտամետ» շրջապատի բարի համբավը (որն, ինչպես կյանքն է ցույց տալիս, Սերժի համար այնքան էլ թանկ կապիտալ չէ) կարող է ռիսկի ենթարկվել։

Իհա՛րկե, ամերիկացիների գործը չէ, թե Հայաստանում ով ում հետ ինչ առևտուր պետք է անի կամ հայաստանյան բիզնեսմենները որտեղից ինչ պետք է ներմուծեն։ Իրենք թող քիթը չխոթեն մեր ներքին գործերին, բայց տվյալ դեպքում հարցն այլ հարթության մեջ է հայտնվում։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի ամերիկացիների աչքում իր բարի համբավի պահպանման և մասնավոր շահերի միջև։ «Եվ՛, և՛» այս պարագայում ևս հնարավոր չէ, ինչպես որ սերժսարգսյանական մեկ այլ «և՛, և՛»–ի դեպքում (hիշեցնենք, որ աշխարհաքաղաքական «և՛, և՛»–ը հանգեցրեց այն բանին, որ հարվածներ ստացանք ու շարունակում ենք ստանալ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից)։

Համոզված ենք, որ «Վերջի բոլշևիկն» ընտրության հարցում երկար ծանր ու թեթև չի անի, քանզի նա փողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Տեսնես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր զեկուցագրերում «գործ կտա» Սերժի վրա ու ԱՄՆ պետդեպին կտեղակացնի՞ այն մասին, որ իրենց չսիրած «Ռոսնեֆտից» իրենց սիրած Սերժ Սարգսյանը բենզին–մենզին է ներմուծում, թե՞ ինչպես Տիգրան Սարգսյանի պարագայում է՝ կլինեն միայն գովեստի խոսքեր ու դրական գնահատականներ։

Հ.Գ.–2։ Անհարմար դրության մեջ է հայտնվել (ընդ որում՝ վաղուց) «Ռոսնեֆտ» ընկերությունը։ Պատճառն այն է, որ այդ ընկերությունն այստեղ բիզնես–գործընկեր է ընտրել սերժենց, ովքեր «վերևից» քծնում են Կրեմլին, իսկ «տակից» քսի են տալիս «անկախ» մամուլին նույն Կրեմլի դեմ։ Այսինքն՝ ստացվում է, որ ռուսական «Ռոսնեֆտը» ֆինանսավորում է Հայաստանում հակառուսական քարոզը։ Իրոք, որ անհարմար բան է ստացվում։ Իսկ ՀՀ–ում ՌԴ դեսպան Վոլինկինը հակառուսական քարոզ իրականացնող կամ հովանավորող Հ/Կ–ներ է փնտրում Հայաստանում ու առաջարկում փակել դրանք։ Հրե՛ն «Ռոսնեֆտը», կամա թե ակամա, ֆինասավորում է Բաղրամյան 26–ին կից գործող «Գեբելսյան» քարոզչամեքենային, որի գլխավոր կարգախոսը «Մա՛հ Ռուսաստանին»–ն է։

Այս խորագրի վերջին նյութերը