Լրահոս

07.09.2009 18:26


Հայկ Դեմոյան. «Առաջարկում եմ, որ թուրքական կողմը հնարավորություն ընձեռի հայ մասնագետներին աշխատել թուրքական ռազմական և գլխավոր շտաբի արխիվներում»

Հայկ Դեմոյան. «Առաջարկում եմ, որ թուրքական կողմը հնարավորություն ընձեռի հայ մասնագետներին աշխատել թուրքական ռազմական և գլխավոր շտաբի արխիվներում»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մինչև օգոստոսի 31-ը, այսինքն՝ մինչև հայ-թուրքական համատեղ արձանագրությունների նախաստորագրումը, Թուրքիան խաղում էր «1 քայլ առաջ, 2 քայլ՝ հետ, և, ըստ էության, իր ամբողջ կազմով գտնվում էր խաղից դուրս վիճակում», իսկ  արձանագրություններից հետո, ըստ Հայկ Դեմոյանի, տեղի ունեցավ հակառակը՝ Թուրքիան սկսեց «1 քայլ հետ անել, երկուսը՝ առաջ»։Նա նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ են եղել, որպեսզի նա շարունակի «խաղը», ու այդ ճնշման գործիքների մեջ, որպես «մահակ», օգտագործվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։

Հայկ Դեմոյանը արձանագրություններում երկու կետ է վտանգավոր համարել՝ ենթահանձնաժողովների և սահմանի հետ կապված կետերը։

Պատմական հարցերը պատմության հարթությունում ուսումնասիրելու կետի մասին խոսելով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասել է. «Շատ հետաքրքրական կլինի, և ուզում եմ այս առիթն օգտագործել և առաջարկով արդեն հանդես գալ, որպեսզի թուրքական կողմը հնարավորություն ընձեռի հայ մասնագետներին աշխատել թուրքական ռազմական և գլխավոր շտաբի արխիվներում, որովհետև այնտեղ պահվում են բավական հետաքրքիր փաստաթղթեր ճիշտ 90 տարի առաջ Թուրքիայում ռազմական դատարանների կողմից, ռազմական տրիբունալների կողմից սկսված դատավարության վերաբերյալ, որով, փաստորեն, դատապարտեցին Ցեղասպանություն իրագործած գլխավոր հանցագործներին՝ ի դեմս երիտթուրքական կուսակցության պարագլուխների։ Շուրջ 140 հոգի, փաստորեն, տարբեր ատյաններում դատապարտվեցին, և այս առումով է դա հետաքրքիր»։

 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը