Մեկնաբանություն

01.08.2014 18:20


Գնդակոծվող գյուղերն ու սահմանադրական փոփոխությունները

Գնդակոծվող գյուղերն ու սահմանադրական փոփոխությունները

Մինչ Ադրբեջանը գնդակոծում է մեր սահմանամերձ գյուղերը, Սերժ Սարգսյանի թիմակիցները սահմանամերձ գյուղերում և քաղաքներում (չգնդակոծվողներում) շարունակում են սահմանադրական փոփոխությունների քարոզը։

Առաջին հայացքից Բաքվի ու պաշտոնական Երևանի քայլերը տարբեր հարթություններում են, սակայն միայն առաջին հայացքից։ Երկու դեպքում էլ թիրախը Հայաստանն է։ Բաքուն ուղղակի հարվածներով է ուզում վնաս տալ մեր երկրին ու հնարավորության դեպքում վերացնել այն։ Սերժ Սարգսյանը նման նպատակ չունի, բայց նրա քայլերը Հայաստանի դեմ են, և արդյունքում ստացվում է, որ ՀՀ իշխանությունը Բաքվի հետ ունիսոն է աշխատում, քանզի թուլացող տնտեսությամբ երկրում ու վառոդի տակառ հիշեցնող տարածաշրջանում փորձել նեոբոլշևիկյան կառավարման մոդել ներդնել ու հայկական «արտադրության» թուրքմենբաշի կամ «Իլհամ Ալիև» փաթաթել հայ ժողովրդի վզին նույնն է, թե կրակահերթի տակ վերցնես Երևանը։

Թող զարմանալի չթվա, բայց Բաքվի հարձակումները նվազ վտանգ են ներկայացնում մեր երկրի համար, քան Սերժ Սարգսյանի վերարտադրվելու ցանկությունը։ Բաքվին մեկ անգամ հաղթել ենք, էլի կհաղթենք, իսկ ահա ներքին հակառակորդը դանդաղ մահվան է տանում երկիրն ու դրանով իսկ պակաս դիմադրության կարող է արժանանալ հանրության կողմից։ Ասել է թե՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գնդակոծություններն ու ՀՀԿ ղեկավարի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նույն գործառույթն ունեն։ Գնդակոծությունները նպատակ ունեն վնաս տալ այսօր, իսկ սահմանադրական փոփոխություններով կրակում են Հայաստանի ապագայի վրա։

Եվ ուրեմն, Բաքվին նախ պետք է հաղթել Երևանում՝ փոխելով այս անարդյունավետ ու ագահ իշխանությունը։

Իշխանափոխությունը Հայաստանի անվտանգության ու դրական փոփոխությունների կարևորագույն նախապայմանն է։ Ով այս տեսակետի հետ համաձայն չէ, թող Կարեն Ավագյանի գրասենյակ գնա, կամ էլ «tert.am»–ին կամ «1in.am»–ին հարցազրույց տա ու գեղամյանություն անի Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ՝ չմոռանալով դեմագոգիկ մտքեր հայտնել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության կամ «քառյակի» թեմայով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը