Մեկնաբանություն

03.08.2014 01:56


Նրանց գրեք «անհայտ կորած»

Նրանց գրեք «անհայտ կորած»

Ժողովուրդն ընկած երկրով մեկ Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին է փնտրում:

Սահմաններում լարվածությունը չի թուլանում, թշնամու դիվերսիոն գործողությունների հետեւանքով զինվոր ենք կորցնում (նախահարձակ թշնամու կորուստներն ավելի շատ են), գնդակոծվում են սահմանամերձ գյուղերը, ղարբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն գործողությունն է ձեռնարկել…

Լավ, ո՞ւր են Սերժ Սարգսյանն ու Նալբանդյանը, ինչո՞ւ չեն խոսում:

«Ո՞րտեղ են պախկվել, խի՞ են պախկվել…Չէ, բայց ո՞ւր են, հո ասեղ չէի՞ն, որ կորեին, դուրս գային՝ մի բան ասեին գոնե, որ իմանայինք ինչ վիճակ է»,- զարմացած միմյանց են հարցնում մարդիկ:

Համացանցային հանրությունն, ի վերջո, զարմանալուց եւ հարցնելուց հոգնեց:

Եվ հենց այդ պահին լրահոսում երեւաց ոչ թե Էդվարդ Նալբանդյանի, այլ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը չի վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Դե, Փառք Աստծո:

Հա, բայց մենք Նալբանդյանի ու Սերժ Սարգսյանի խոսքին էինք սպասում, ոչ թե Վոլինկինի: Թեպետ, լավ է, որ նա «տեղում» էր ու լրագրողները կարողացան ինչ-որ բան իմանալ ռուս դեսպանից:

Հետո պարզվեց այս ողջ ընթացքում Նալբանդյանը գրում է իրեն ուղղված լրատվամիջոցներից մեկի մի հարցի պատասխանը:

Ավարտեց գրելը եւ վերջապես լրահոսում տեսանք նրա դեմքը:

Չէ, դուք պատրեկացնո՞ւմ եք, թե նա ինչ հարցի էր պատասխանում: Հրադադարի խախտման այս լարված իրավիճակում հանկարծ նա հիշել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի մասին: Մեկ տարի նրան այս թեմայով հազարավոր հարցեր են ուղղել, նա լռել է ու ոչինչ չի ասել, անգամ ԶԼՄ-ներն աքցանով փորձում էին նրա բերանից խոսք քաշել, բայց ապարդյուն:

Ու հանկարծ Նալբանդյանը այդ հարցը հիշեց այս պահին:

«Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը»,- մասնավորապես հայտարարել է Նալբանդյանը:

Սոցցանցերում բոլորն սկսեցին «խժժալ»՝ «Ա՛յ, ախպեր ջան, դրա ի՞նչ ժամանակն է, մենք հո էդ հարցի պատասխանին չէի՞նք սպասում» (հանուն արդարության պետք է նշել, որ Նալբանդյանը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին էլ է խոսել, ավելի ստույգ՝ մի երկու կցկտուր ձևակերպում տվել այն բանից հետո, երբ թեմայի շուրջ արդեն արտահայտվել էին ԱՄՆ պետդեպից մինչև ՌԴ ԱԳՆ):

Հաջորդ պահին տեսանք Շարմազանովի դեմքը, որին լրագրողները բռնացրին Եռաբլուրում հայրենասիրական ճառ ասելիս ու հարցրին, թե ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Շարմազանովը հայտարարեց, թե պաշտպանությունը այն ոլորտը չէ, որտեղ պետք է մամուլի ասուլիսներ տան: Կա պաշտպանության նախարարություն, կա ԼՂՀ պաշտպանության նախարարություն, անվտանգության խորհուրդ, որոնք լավագույնս իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները:

Այ քեզ բա՜ն:

Կարծես թե Սարգսյանը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է (համենայնդեպս նրա զբաղեցրած պաշտոնն է դա ենթադրում), ուրեմն՝ ո՞րն է նրա համար այն ոլորտը, եթե ոչ պաշտպանությունը, ինչի մասին էլ պետք է խոսի:

Մնացած ոլորտներից էլ չի խոսում, գոնե հիմա ա՞յս ոլորտի մասին խոսի:

Բայց ուշագրավն այն է, որ Շարմազանովն առիթը բաց չթողեց ու լրագրողներին նաեւ ասաց. «Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է հասկանանք, որ այս իրավիճակում չպետք է ընդդիմություն եւ իշխանություն խաղալ, պետք է բոլորս միասնական լինենք եւ բոլորս տարբեր հարթակներում կարողանանք ապահովել այն հաղթանակը, որը մեզ տվել է մեր զինված ուժերը»:

Հասկացա՞ր, հարգելի ընդդիմություն, հիմա իրավիճակն այնպիսին է, որ պետք է իշխանության հետ միասնական գործես ու ավել-պակաս քայլեր չանես իշխանությունների դեմ:

Ինչեւէ, հետո պարզվեց, որ Սարժ Սարգսյանն իսկապես շատ զբաղված է. հրամանագրեր է ստորագրում, օրինակ, Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու, Եվրադատարանում մեր ներկայացուցչի ընտրության կարգի մասին:

Նաեւ պարզվեց, որ նա աշխատանքային այցով մեկնում է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու օգոստոսի 4-ին կայանալիք Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:

Շարմազանովի ասած՝ «այս իրավիճակում»-ը թողած գնում է Եվրոպա՝ մասնակցելու միջացառումների:

Դե հիմա ի՞նչ է պատահել. եթե օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը սահմանին հայ զինվոր է զոհվում, իսկ նույն գիշերը Լիսկայի տղան հարբած վիճակում մեքենան վարում է Մաշտոցի պողոտայի մայթերով՝ Լիսկայի նախագան էլ կարող է Բելգիայում միջոցառումների մասնակցել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը