Մեկնաբանություն

04.08.2014 01:51


«On line» հաճախորդը

«On line» հաճախորդը

«Թունդ ընդդիմադիր», «սաստիկ արևմտամետ» և «մոլի հեղափոխական» Արամ Զավենի Սարգսյանը մի հետաքրքիր «խասիաթ» ունի։ Նա սիրում է իր «արմատական» մտքերը հայտնել շատ «անկախ» «1in.am» կայքով։ Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ նա «on line» ռեժիմով է աշխատում, քանզի հենց Սերժ Սարգսյանին պետք է լինում դիմել հաճախորդների օգնությանը, Արամը կազմ ու պատրաստ (կաստում–շըլվարով ու գալիստուկով) հայտնվում է տաղավարում և իր թունդ ընդդիմադիր, սաստիկ արևմտամետ և մոլի հեղափոխական ֆունկցիան կատարում։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը յուրօրինակ ինդիկատորի է վերածվել։ Եթե նրա համար Բաղրամյան 26–ը եթեր է ապահովում, ապա դա հուշում է, որ իշխանությունները կարիք են զգում պաշտպանության։

Այս անգամն էլ բացառություն չէր։ Ոչ աշխատանքային օրերին բարձրաստիճան պաշտոնյաներին իր տանը հյուրընկալող Արամ Սարգսյանը աշխատանքային օրերին պաշտպանում է Սերժ Սարգսյանին Կրեմլից ու ոչիշխանական «քառյակից»՝ դա անելով հակառուսական կոդերի ողջ զինանոցն օգտագործելով։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն է նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին հայտարարել ՄՄ մտնելու որոշման մասին, Սերժ Սարգսյանն է իր հավատարմությունը հայտնել Գյուլիստանի պայմանագրին, Սերժ Սարգսյանն է առիթ–անառիթ քծնում Պուտինին, Սերժ Սարգսյանն է ուզում ամեն գնով ու բարձր արագությամբ մտնել Եվրասիական տնտեսական միություն։ Եվ վերջապես, Սերժ Սարգսյանն է «նախաձեռնողականության» արդյունքում վատացրել Հայաստանի հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։

Այժմ ամենաուշագրավի մասին։

Արամ Սարգսյանը խոսում է «արևմտամետ» կոչված ընդդիմադիր հատվածի համախմբման մասին և ներկայացնում իր ծրագրերը 2017թ. խորհրդարանական ու 2018թ. նախագահական ընտրությունների մասին՝ ակնարկելով իր թեկնածության առաջադրման մասին, բայց, արի ու տես, որ «մոռանում» է իր տեսակետը հայտնել ու խիստ քննադատությունը ներկայացնել ՀՀԿ ղեկավարի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխություններ, որոնք եթե տեղի ունենան, ապա անիմաստ ու անհեթեթ են դառնում առաջիկա նախագահական ընտրությունների մասին խոսակցությունները, քանզի առաջարկվում է այնպիսի համակարգ, որի պայմաններում Սերժը ձգտելու է «գենսեկի» կարգավիճակով ԱԺ նախագահ դառնալ ու ցմահ իշխել։

Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը նեոբոլշևիկյան կառավարման մոդել է առաջարկում, ու եթե կա մեկը, ով պլաններ ունի 2018–ի մասով, ապա այսօր պետք է դրոշակն առնի ու հայտնվի սահմանադրական փոփոխությունները մերժողների առաջին շարքերում, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի ընտանիքի շահերը սպասարկող «1in.am»–ի տաղավարում։

Բայց Արամը սահմանադրական փոփոխություններին դեմ չի արտահայտվում։ Նա արհեստական բան է առաջարկում։ Ասում է՝ քաղաքական դաշտը պետք է բաժանվի ԵՄ–ի հետ ասոցացման և Եվրասիական միության կողմնակիցների միջև։

Նախ՝ նկատենք, որ այդ բաժանումը կեղծ է, քանզի կա նաև երրորդ ուղին՝ կոմպլեմենտարիզմը և հավասարակշռված քաղաքականությունը, որի պարագայում մենք հնարավորություն ենք ստանում խուսափել կեղծ երկընտրանքից և հարվածներ ստանալուց։

Բացի այդ՝ ներքին խնդիրներն արտաքին կողմնորոշմամբ պայմանավորելը «դհոլական» և հակապետական կոդ է, քանզի արևմտյան (համամարդկային) արժեքները պետք է տարանջատել աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ու անվտանգության համակարգերից։ Հատկապես որ Արևմուտքը մեզ անվտանգության համակարգ չի առաջարկում, իսկ եթե առաջարկի, ապա միայն Անկարայի կուռացիայի տակ մտնելու պայմանով, քանզի ՆԱՏՕ–ի տարածաշրջանային օպերատորը Թուրքիան է։

Այնպես որ, եթե Արամ Սարգսյանը չի հասկանում, որ բաժանարար գիծը քաղաքական դաշտում անցնում է ոչ թե արտաքին կողմնորոշումներով, այլ Սերժի սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ արտահայտվելով (երրորդ տեսակետ այս դեպքում չի կարող լինել), ապա նա քաղաքականապես անմեղսունակ է և իրավունք չունի զբաղվել մի բանով, ինչից չի հասկանում։

Իսկ եթե Արամ Սարգսյանը շատ լավ հասկանում է, թե ուր կարող է տանել սահմանադրական փոփոխությունը, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում, ապա նա գեղամյանությամբ է զբաղված։

Դատելով ամենից՝ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Արամ Սարգսյանը հիացմունքով է խոսում Ուկրաինայի մասին ու դրական գնահատում այդ երկրում տեղի ունեցածը։ Նա նույն բանն ուզում է, որ Հայաստանում լինի՝ ձգտելով ավելի կաթոլիկ երևալ, քան Հռոմի պապը։ Փաստորեն, ստացվում է, որ Արամ Սարգսյանը կողմ է, որպեսզի ՀՀ–ն ԵՄ–ի հետ ասոցացվի Ղարաբաղի կորստի և Հայաստանում քաոսի հաստատման գնով։

Ուկրաինան էլ ներքին խնդիրների լուծումը կապեց արտաքին կողմնորոշումների հետ և արդյունքում կորցրեց Ղրիմը, տվեց հազարավոր զոհեր ու վիրավորներ, երկիրը վերածվեց ռազմական պոլիգոնի, ու այս ամենի վերջը չի երևում։ Ու եթե սա դրական գնահատականի է արժանանում, ապա ...

Արամն այնքան է ուզում իր հարազատ գյուղից դեպի Արևմուտք գնալ (իրականում չի էլ ուզում, քանզի արևմտամետ է դարձել բիզնես պրոյեկտի շրջանակներում), որ պատրաստ է Հայաստանը մանրադրամ դարձնել աշխարհի հզորների ձեռքում։ Ի՞նչ է սա, եթե ոչ 5–րդ շարասյան ֆունկցիա։

Նորմալ երկրներում սրա նմաններին ոչ միայն չէին թողնի եթերում հայտնվել, այլ կստիպեին ցուցմունք տալ համապատասխան կառույցներին։ Բայց քանի դեռ իշխանության ղեկին «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրն է, Արամը կարող է հանգիստ լինել։ Այլ կլինի նրա վիճակն իշխանափոխությունից հետո։ Նա էլ է, թերևս, այդ ամենը հասկանում, և դա է պատճառը, որ կրծքով պաշտպանում է Սերժ Սարգսյանին ու կռիվ տալիս նրա ընդդիմախոսների դեմ։

Հ.Գ.-2։ Արամ Սարգսյանը միջին վիճակագրական կիսագրագետ մարդ է։ Նման մարդկանց բնորոշ է «սլիշալ զվոն, դա նե զնայետ գդե օն» (լսել է մի բան, բայց չգիտի, թե ինչի մասին է դա) վիճակը։

Պարզվում է, որ «Փոքրիկ իշխանը» գրել է Դյուման, իսկ այն հայտնի անեկդոտը, ըստ որի՝ հայերը հույսը դնում են Աստծո վրա, այլ ոչ թե պատրաստվում կռվի, վերաբերում է Սարդարապատի ճակատամարտին։

Արամին հուշենք, որ Էքզյուպերին էլ է արևմտյան գրող, բայց նա Դյուման չէ, իսկ անեկդոտը վերաբերում է Ավարայրի ճակատամարտին։

Այս խորագրի վերջին նյութերը