Լրահոս

04.08.2014 15:22


ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:
Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը