Մեկնաբանություն

05.08.2014 09:50


Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը 2012-ին, եւ ինչ են ասում հիմա սահմանամերձ գյուղերի բնակիչները (տեսանյութ)

Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը 2012-ին, եւ ինչ են ասում հիմա սահմանամերձ գյուղերի բնակիչները (տեսանյութ)

Զարմանքով եւ հիացմունքով եմ դիտում համացանցում տարածված տեսանյութերը, որոնցում ներկայացված են օրերս հակառակորդի գնդակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերն ու այնտեղ ապրող մարդիկ։

Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ իրականացված թշնամու գնդակոծությունը թեեւ երկար է տեւել, ինչից վնասվել են տների տանիքները, պատերը, գույքը, կոտրվել են ապակիները, բայց մարդիկ ժպտալով են պատմում տեղի ունեցածի մասին:

Իսկապես ապշում ես, երբ լսում ես, օրինակ, Գրիգորյանների ընտանիքի անդամներին՝ մորը, երիտասարդ որդուն եւ դստերը, որոնց հյուրասենյակի պատուհաններն անմիջապես նայում են ադրեբեջանական դիրքերին:

Գնդակոծության ժամանակ վազել են նկուղ, հետո բարձրացել ու տեսել են բազմաթիվ կրակոցների հետքեր պահարանի, գորգի, դռների, պատուհանների եւ անգամ լոգարանի սրբիչների վրա: Բայց այնպես են պատմում, ասես, սովորական մի բան է եղել:

«Հանգիստ եմ ընդունում էս ամենը»,- ժպտալով ասում է որդին:

«Ի՞նչ անենք…էս է ... սա է մեր երկիրը, էս է մեր հողը, ո՞ւր պիտի գնանք, մեր տնից ոչ մի տեղ էլ չենք գնա…Ոչ մեկից էլ ոչ մի բան չենք պահանջում, ումի՞ց պահանջենք…Մենակ թե աշխատատեղեր լինեին, աշխատեինք, էլի ստեղծեինք, մի քիչ էլ մեր էրեխեքը վայելեին»,- դարձյալ ժպտալով ասում է մայրը:

Գյուղի բնակիչներից մեկն էլ ընդամենը խնդրում է. «Գոնե ջրի, գազի, հոսանքի զեղչ անեն, որ կարողանանք հասցնենք, թոշակս շատ քիչ ա…թե չէ, էստեղից ո՞վ կգնա ուրիշ տեղ, էս ա մեր հողը»:

Սահմանամերձ մեկ այլ գյուղում էլ հավաքվել են մի տանը, ակորդեոն են նվագում ու խմբով հայրենասիրական երգ երգում, պատուհանից երեւում են թշնամու դիրքերը:

Արմանք-զարմանք-հիացմունք: Այս ամենը դիտողի մոտ միայն նման զգացումներ են առաջանում:

Բայց հետո հիշեցի 2012-ի խորհրադարանական ընտրությունների նախընտրական շրջանում «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:

Կենտրոնի բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մեր մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, կարկառուն դեմքեր, ներկաներից մեկը բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ՝ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետեւ մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, եւ եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում են 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով։ Դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչեւ կկարողանանք այն վերեւի գյուղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք։ Պրոբլեմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք՝ գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք» (տե՛ս կից տեսանյութը):

Թիկունքին՝ «Հավատանք, որ փոխենք» մեծադիր պաստառը. ահա այսպես նա բացահայտեց իր նախընտրելի լուծման տարբերակը:

Բոլորը լուռ լսեցին, ոչ մի առարկություն:

Սահմանամերձ գյուղերում կյանքի պայմանների լուծումն այսպես էր տեսնում՝ վերեւից իջնել ներքեւ եւ ապրել համեմատաբար տանելի կենսապայմաններով ապահովված տարածքներում:

Սարգսյանին լսողները հավատացին նրան կամ ձևացրին, թե հավատում են, բայց, բարեբախտաբար, ոչինչ չփոխվեց: ՀՀԿ առաջնորդը սահմանը պահող գյուղացիներին չհասցրեց լեռներից ցած բերել՝ այդպիսով հայ զինվորի թիկունքում թողնելով անշունչ տարածություն:

Այլապես այսօր ադրբեջանական դիրքերը կլինեին Այգեպարում, Չինարիում, Մովսեսում եւ մնացած սահմանամերձ գյուղերում, եւ ուղիղ գծով կգնդակոծվեր արդեն Տավուշի մարզկենտրոնը, ու հենց այստեղ հեշտությամբ կներթափանցեին թշնամու դիվերսիոն խմբերը:

Քանզի թշնամուն ձեռնտու է մեր սահմանամերձ գյուղերի դատարկման խնդիրը չտեսնող եւ այն ակտուալ չհամարող, բայց դրա «լուծման» հենց սարգսյանական տարբերակը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը