Մեկնաբանություն

05.08.2014 11:38


Սահմանադրական փոփոխությունների թեման ջրվեց

Սահմանադրական փոփոխությունների թեման ջրվեց

«Ստղեծված իրավիճակում պետք է միասնական լինենք», «Թշնամին մեզ կրկին համախմբեց» …

Վերջին օրերին այս կարգի հայտարարություններն ու գրառումներն, անշուշտ, տեղին են, ճիշտ են ու պետք են։ Բայց անհրաժեշտ է՝ ամրագրվի ևս մեկ բան՝ այո՛, թշնամուն դիմագրավելու հարցում միասնականությունն այլընտրանք չունի, սակայն նույնը պետք է լինի երկրի ներսում խնդիրներ առաջացնողի պարագայում։

Հայաստանը թուլացնողներն այսօր համախմբվածության կոչեր են անում, ասում, թե «այս իրավիճակում չպետք է ընդդիմություն և իշխանություն խաղալ. պետք է բոլորս միասնական լինենք»։

Պարզ է, որ ստեղծված իրավիճակում բոլոր խնդիրները մղվում են հետին պլան. Հայաստանի ու Արցախի անվտանգությունն առաջնային գերակայություն է։ Ու եթե մոտ ապագայում կամ, ասենք, աշնանը հանկարծ պարզվի, որ ինչ–որ մի «մասնագիտական խումբ» մարզերից ինչ–որ մեկում սահմանադրական «բարեփոխումների» վերաբերյալ քննարկումներ է կազմակերպել, նշանակում է՝ գործող իշխանությունը թքած ունի բոլորիս անվտանգության վրա։

Սահմանադրական փոփոխություններին (իրականում՝ իշխանության վերարտադրվելու փորձին) դեմ են հիմնական քաղաքական ուժերը։ Ուրեմն, դրանց անցկացման փորձն առնվազն նշանակում է դեմ գնալ թշնամու դեմ միասնական լինելու գաղափարին և ապակայունացում մտցնել երկրի ներսում։

Եվ ընդհանրապես, արհեստական սահմանադրական «բարեփոխումների» թեման պետք է այլևս փակված համարել։ Այսօր բոլորս տեսնում ենք թուլացած Հայաստանի հետևանքները։

Այո՛, մեր բանակը հաղթանակած է ու այդպիսին էլ կմնա, այո՛, Ադրբեջանին պետք է իր տեղը ցույց տալ, ու այդ հարցում բոլորս միասնական ենք։ Հարց չկա։ Բայց դա շատ քիչ է։ Հայաստանը պետք է պինդ լինի, այլ ոչ թե բազմաթիվ խնդիրների տակ կքած։ Նշանակում է՝ այս իշխանությունը չի կարող վերարտադրվել։ Այնպես որ, մոռացե՛ք սահմանադրական փոփոխությունների մասին։ Մեզ իրական խնդիրների արագ կարգավորում է անհրաժեշտ։ Ու չփորձե՛ք սահմանին լարված իրավիճակը օգտագործել ձեր խնդիրները լուծելու համար. դա իսկապես վտանգավոր կլինի։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանն իր նախագահության առաջին իսկ ամիսներից ստորագրություններ է դնում վտանգավոր փաստաթղթերի տակ՝ Մայնդորֆյան համաձայնագիր, հայ–թուրքական արձանագրություններ ...

Ու ամեն անգամ իշխանությունը հայտարարում էր, թե դա բացառապես Հայաստանի շահերից է բխում։ Ասենք՝ ասում էին, թե կթուլանա լարվածությունը շփման գծում, առանց նախապայմանների կբացվի հայ–թուրքական սահմանը ...

Այսօր մենք պատերազմի եզրին ենք, Թուրքիան էլ մի հանգի նախապայմաններ է առաջ բրդում՝ սահմանը պինդ փակած պահելով։ Գործող իշխանությունը սպառել է նախաձեռնությունների իր չափաբաժինը, դեռ մի բան էլ՝ տվել–անցել։

Մեծ անհանգստությամբ եմ սպասում Սոչիից սպասվող լուրերին. հանկարծ Սերժ Սարգսյանը, գրիչն առած, չընկնի ցանկացած փաստաթղթի հետևից։

Այս խորագրի վերջին նյութերը