Լրահոս

05.08.2014 16:49


ՊՆ խոսնակ. «Ռազմական ղեկավարությունը համընդհանուր զորահավաք անցկացնելու մտադրություն չունի»

ՊՆ խոսնակ. «Ռազմական ղեկավարությունը համընդհանուր զորահավաք անցկացնելու մտադրություն չունի»

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ֆոնին հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում Արցախում կամավորական ջոկատների կազմավորման մասին: Ըստ մամուլի՝ ԼՂՀ տարբեր շրջաններից ավելի քան 100 կամավորականներ են մեկնել սահման՝ աջակցելու Պաշտպանության բանակին:

iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ռազմական ղեկավարությունը համընդհանուր զորահավաք անցկացնելու մտադրություն չունի, իսկ Արցախում կամավորական ջոկատների կազմավորումը ամենեւին չի նշանակում, որ կանոնավոր բանակը թերանում է իր պարտականությունները կատարելիս:

«Վերջին մի քանի օրերին բոլորս տեսնում ենք, թե ինչպես է հայկական բանակը կատարում հակառակորդի կողմից պարտադրված խնդիրը: Ակնհայտ է, որ մեր ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը լիովին բավարարար է՝ արժանի հակահարված տալու դիվերսիաներին», - նշեց խոսնակը:

Նրա խոսքով՝ կամավորական ջոկատներ կազմավորվում են բացառապես ԼՂՀ տարածքում, որտեղ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն ժամանակահատվածում զինվորական ու մարտական ծառայություն է անցել: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ-ն կամավոր ծառայության անցնելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել:

«ՊՆ-ն առայժմ ընթացք չի տալիս այդ դիմումներին, որովհետեւ Զինված ուժերի ներուժը ավելի քան բավարար է հակառակորդի դիվերսիաները հետ մղելու համար», - ասաց նա:

Մանրամասները՝ iLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը