Քաղաքական

05.08.2014 18:55


ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր և դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից և նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:

Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր և վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:

Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը և ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ:

  • Միջազգային կազմակերպություններին և պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:

Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում:

<<Հայաստանի Հանրապետական>> խմբակցություն

<<Բարգավաճ Հայաստան>> խմբակցություն

<<Հայ Ազգային Կոնգրես>> խմբակցություն

<<Օրինաց Երկիր>> խմբակցություն

<<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> խմբակցություն

<<Ժառանգություն>> խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը