Մեկնաբանություն

06.08.2014 08:33


Ալիևը վարձահատույց եղավ Սարգսյանին

Ալիևը վարձահատույց եղավ Սարգսյանին

Մեկ տարի առաջ, մոտավորապես այս օրերին, հիշում եք, չէ՞, թե ինչպես Սերժ Սարգսյանն իր անսպասելի հայտարարությամբ զարմացրեց բոլորին:

2013 թվականի օգոստոսի 17-ին Սերժ Սարգսյանը մասնակցում էր «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Ծաղկաձորում պատասխանելով բազեներից մեկի հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, Սարգսյանը հայտարարեց, որ նախապատվությունը տալիս է գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը և բացատրեց, թե ինչու է Հայաստանի համար նախընտրելի հոկտեմբերին Ալիևի երրորդ անգամ ընտրվելը։

«Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային գործընթացը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»,– հայտարարեց «նախաձեռնողական» քաղաքականության կնքահայրը:

Հետագա իրադարձությունները հայտնի են:

Նույն տարվա նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

Սերժ Սարգսյանի համար «ամենաձեռնտու» և «ամենաընդունելի» թեկնածուն պահպանեց հայատյացությունը եւ բանակցային գործընթացը մտցրեց փակուղի:

2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ նիստի ժամանակ Նազարբաեւն ընթերցեց Սարգսյանի համար «ամենաձեռնտու» թեկնածուի նամակը, որում Ալիեւը, ըստ էության, Հայաստանից պահանջել էր հրապարակավ տարանջատվել Լեռնային Ղարաբաղից:

Սերժ Սարգսյանը տեղում որեւէ կերպ չարձագանքեց այդ նամակին, եւ միայն Հայաստան վերադառնալուց հետո, Ծաղկաձորում «պատասխանեց» Ալիեւին ու նրա նամակը ընթերցած Նազարբաեւին:

Ըստ Սարգսյանի, այո, թե՛ մեր օրենսդրությամբ եւ թե՛ մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Սա՛ էր իր համար «ամենաընդունելի» եւ «նախընտրելի» թեկնածու Ալիեւի նամակի պատասխանը:

Դե հիմա էլ Սարգսյանի համար «ամենաձեռնտու» թեկնածուն ՀՀԿ առաջնորդի կողմից «սատարում» ստանալուց մեկ տարի անց գնդակոծում է Հայաստանի խաղաղ բնակավայրերը, դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ ավելի քան մեկ շաբաթ լարված իրավիճակը պահպանելով հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում:

Ալիեւն այսպես է շնորհակալություն հայտնում մեկ տարի առաջ ընտրություններում իր հաղթանակը նախընտրելի համարող Սարգսյանին:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի նոր նախագահին հրավիրել է Հայաստան:

Թե այս հրավերին Թուրքիայի նորընտիր նախագահը ինչպես կպատասխանի, կապրենք՝ կտեսնենք:

Սակայն, ակնհայտ է մեկ բան, որ թշնամուն սիրաշահելու, թշնամու դեմ «խաղաղության աղավնու» կերպարանքով հանդես գալու դեպքում Հայաստանը երբեք չի շահում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը