Մեկնաբանություն

07.08.2014 12:54


Պահանջվում է գերագույն գլխավոր հրամանատար. Սերժ Սարգսյան չառաջարկել

Պահանջվում է գերագույն գլխավոր հրամանատար. Սերժ Սարգսյան չառաջարկել

Վերջին շրջանում ինտենսիվացել են Հայաստանի հյուսիսային հատվածում գտնվող սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները։ Դե իսկ Ղարաբաղն Ադրբեջանի հետ դիրքային պատերազմի մեջ է։ Կան զոհեր և վիրավորներ։

Ուշագրավն այն է, որ այս ամենի համապատկերին չկա Սերժ Սարգսյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը և անվտանգության ապահովման գլխավոր պատասխանատուն։ Ճիշտ է, հայ ժողովուրդը նրան երբեք այդպիսի մանդատ չի տվել, բայց երբ այս օրերին լռում ես, նշանակում է ինքդ էլ քեզ չես համարում գերագույն գլխավոր հրամանատար և անվտանգության ապահովման թիվ մեկ պատասխանատու։

Տասն օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրել է գրեթե ամեն ինչ՝ մասնակցել է ուտուշ–խմուշի, ցավակցական հեռագրեր և շնորհավորական ուղերձներ է հղել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրներին, այցելել է Բրյուսել ու մոտիկից տեսել մի քանի պետությունների ղեկավարներին և անգամ ձեռքով բարևել նրանց, բայց ծպտուն չի հանել ճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Սա ևս մեկ անգամ հաստատում է այն թեզն, ըստ որի՝ Հայաստանը բառիս բուն իմաստով իշխանություն չունի։ Կան մարդիկ, ովքեր իշխանական լծակներին են տիրացել տոկոս «խփելով» և համատարած թալան են իրականացնում՝ կարմիր գծերի, «Որոտանի» վաճառքի, «կուտակային» ռեկետի, պետբյուջեի միջոցների «ատկատահանման», դրսից վերցրած վարկերի մսխման և այլ տարբերակներով։ Իսկ ահա երբ խոսքը վերաբերում է մեր զինվորների կյանքին ու սահմանների անդորրին, իշխանությունը ներկայացնող առաջին դեմքը չկա։

Տեղին է հիշեցնեելը, որ երբ սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մի քանի րոպե ուշ որոշում կայացրեց ու մի քանի ժամ ուշ դիմեց ամերիկյան ժողովրդին, դա քննադատության հսկայական ալիքի տեղիք տվեց։ Ի վերջո հանրապետականները, Բուշի անմեղսունակ քաղաքականության հետևանքով, ԱՄՆ–ում զիջեցին իշխանությունը դեմոկրատներին։

Բուշն ուշացավ մի քանի րոպե և դաժան քննադատության ենթարկվեց։ Սերժը կորել է հայ ժողովրդի տեսադաշտից մի քանի օր։ Նախագահի ֆունկցիան այս օրերին կատարում են Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը, մի քիչ էլ՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը։ Նախագահացու են խաղում նաև «կամուֆլյաժով» թիթիզացող ՀՀԿ–ականները, ովքեր բանակում չեն ծառայել։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է սպասվում Հայաստանին, երբ լայնամասշտաբ պատերազմ սկսվի։ Սերժը կարող է իր նեղ շրջապատի հետ միասին պարզապես չվել տաք երկրներ (բնականաբար իր հետ տանելով նաև վերջին 25 տարվա ընթացքում ազնիվ քրտինքով վաստակած գումարները)։ Հարցն այն չէ, որ Սերժը պետք է ղեկավարի պատերազմը։ Ի դեպ, նրա անհայտանալը պատերազմի ժամանակ կարող է դրական ազդեցություն թողնել հայ ժողովրդի ու բանակի վրա։ Պարզապես երևույթն է տգեղ, երբ Հայաստանի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող մարդուց։ Ինչևէ։

Այս օրերին տեղի ունեցածը հերթական փաստարկն է այն բանի օգտին, որ իշխանափոխությունը ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման նվազագույն նախապայմանն է։ Եվ գրողի ծոցը պետք է ուղարկել սերժամետ սահմանադրական փոփոխությունները։

Հայրենիքի դավաճանությունը սկսում է սահմանադրական փոփոխությունների սերժական մոդելին կողմ արտահայտվելով։ Դրանից հետո Ադրբեջանի կողմն անցնելը ժամանակի հարց է։

Հայաստանին նոր գերագույն գլխավոր հրամանատար է պետք, ով չի թաքնվի արտակարգ իրավիճակներում, չի վարի «նախաձեռնողական» քաղաքականություն, արտակարգ իրավիճակներում չի դառնա «անլեզու» և չի տանի երկիրը պատերազմի ու պարտության։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ Սերժ Սարգսյանը «Ֆուտբոլ» էր խաղում Գյուլի հետ, մենք զգուշացնում էինք, որ այս ամենն ավարտվելու է Հայաստանի դիրքերի թուլացմամբ ու պատերազմով։

Սերժենք չէին էլ ուզում լսել այդ գնահատականներն ու ցուցաբերում էին հանցավոր «նախաձեռնողականություն»։

ՀՀԿ ղեկավարը դիրքավորվել էր «Խաղաղության» կուսակցության մատույցներում, բայց իրականում դարձավ մեր երկիրը պատերազմի տանող ղեկավար։

Այս ամենի համար պետք է պատասխան տալ։ Ամեն մի հայ զինվորի մահի համար պատասխան պետք է տա Սերժ Սարգսյանը, քանզի ինքը զգուշացված է եղել, որ«ֆուտբոլը» դրան է բերելու, բայց հաշվի չի առել այդ կարծիքը։ Եվ ուրեմն, պետք է պատասխանատվություն կրի։

Մեր զինվորների մահը սեփական իշխանության վերարտադրության ծրագրերին ծառայեցնելը, մեղմ ասած, անբարոյականություն է։

Այս խորագրի վերջին նյութերը