Լրահոս

08.08.2014 11:53


Ադրբեջանական ագրեսիան ուղղված է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև խաղաղ բնակչության դեմ

Ադրբեջանական ագրեսիան ուղղված է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև խաղաղ բնակչության դեմ

Ադրբեջանական բանակը զինված բռնություններ է գործադրում նաեւ խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնց վերաբերյալ բավարար ապացույցներ են ձեռք բերվել Հայաստանի քննչական մարմիններում հարուցված քրեական գործերով:
«Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց՝ հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության՝ ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով»:

Սա մեջբերում է միջազգային կարևորագույն փաստաթղթից՝ 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված և 1950 թվականի հոկտեմբերի 21-ին ուժի մեջ մտած Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայից:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ, կարդում ենք հաջորդիվ Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածում, արգելվում են մշտապես ու ամենուրեք կարգելվեն ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես՝ ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները, պատանդ վերցնելը, ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես՝ վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը, դատապարտելը և պատիժ կիրառելը՝ առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի շրջանում անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:

Կոնվենցիայի միայն մեկ հոդվածը կարդալն էլ բավարար է՝ եզրահանգելու համար, որ Ադրբեջանը համատարած խախտում է միջազգային իրավունքի այս և շատ այլ դրույթներ, պարզապես արհամարհում է հիշատակված արգելքները: Նշենք, որ առկա են ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի, այլև՝ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին ուժի մեջ մտած անժամկետ հրադադարի պայմանագրի կոպիտ խախտումներ:

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց այդ մասին՝ հայտարարելով, որ Հայոց բանակի ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաներ: Ընդ որում, ինչպես ընդգծեց նախարարը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը` գնդակոծելով ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ նաեւ՝ բնակավայրերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ տարբեր տրամաչափերի զենքերից: Իսկ Հայաստանի քննչական մարմիններից տեղեկացնում են, որ միայն 2-րդ կիսամյակում հարուցվել են մոտ 2 տասնյակ քրեական գործեր`ադրբեջանական բանակի կողմից մեր բնակավայրերի գնդակոծությունների եւ, ընդհանրապես, Հայաստանի նկատմամբ իրականացված դիվերսիայի փաստերի կապակցությամբ:

Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունների հետևանքները մեղմելու համար է, որ, մասնավորապես, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարություը որոշել է գումար հատկացնել:

Այն, որ մարտական դիրքերին չէ ուղղված հակառակորդի գնդակոծությունը վկայում են անհերքելի փաստերը: Այսպես, դեռևս հունվարին գնդակոծությունից ոտքի շրջանում վնասվածքներ էր ստացել 1998թ. ծնված, Տավուշի Այգեպարի գյուղի բնակչուհի մի աղջիկ: Գնդակոծության հետևանքով վնասվել էր նույն գյուղի մեկ այլ խաղաղ բնակչի գույքը: Հունիսին Պառավաքար գյուղի մի բնակիչ, հանդամասում աշխատելիս, ստացել էր հրազենային վնասվածք:
Օրինակները բազմաթիվ են, սակայն վերադառնանք Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի բազմաթիվ արգելքների միաժամանակյա խախտման մի դեպքի, որը ցավ պատճառեց բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Խոսքը ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության, խեղումների, դաժան վերաբերմունքի, տանջահարության, խոշտանգումների, պատանդ վերցնելու, մարդկային արժանապատվության նկատմամբ ոտնձգության՝ վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին է:
2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք և գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Խոջոյանը մինչև մարտի 4-ը գերության մեջ էր մնացել, այդ ընթացքում մի խումբ անձանց կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, առանձին դաժանությամբ՝ Խոջոյանի առողջությանը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ 2014թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով: Գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունը պարզեց կտտանքների ողջ պատկերն ու խորությունը:
Այսպես, փորձագետների հետևությունների համաձայն՝ գլխի գագաթային և աջ բազկի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ականջախեցու վնասվածքի, աջ այտային, աջ ուսահոդի, կրծքավանդակի, աջ ծնկան հոդի, աջ սրունքի շրջանների բազմաթիվ քերծվածքների, աջ բազկի շրջանի կտրած վերքի, աջ բազկի շրջանի նախկինում եղած վերքերի՝ ներկայիս սպիների, ձախ բազկի, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի շրջանների արյունազեղումների, երկկողմանի բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքների, աջից ծղիկոսկրի և ճաճանչոսկրի կոտրվածքների, աջ բազուկոսկրի բազմաթիվ բաց բազմաբեկորային՝ ոսկրային դեֆեկտի առաջացումով կոտրվածքների ձևով, միասին վերցված առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառանցող:

Գլխի և աջ բազկի շրջանների սալջարդ վերքերը, ականջախեցու վնասվածքը, ձախ բազկի, ձախ նախաբազկի, զույգ ազդրերի շրջանների արյունազեղումները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցված՝ առողջությանն առաջացրել են թեթև վնաս՝ առողջությանը կարճատև քայքայումով: Աջ այտային, աջ ուսահոդի, կրծքավանդակի, աջ ծնկան հոդի, աջ սրունքի շրջանների քերծվածքները պատճառվել են նույնպես բութ, կոշտ առարկաներով, որոնք ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցված՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Ըստ փորձաքննության՝ աջ բազկի կտրած վերքը պատճառվել է սուր կտրող գործիքով, որն առաջացրել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Կողոսկրերի երկկողմանի բազմաթիվ կոտրվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, որն ուղեկցվել է կրծքավանդակի դեֆորմացիայով, պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Աջ ծղիկոսկրի և ճաճանչոսկրի կոտրվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով և առողջությանը միջին ծանրության վնաս են առաջացրել՝ առողջության տևական քայքայումով: Աջ բազկի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումը՝ ուղեկցված բազուկոսկրի բաց բազմաբեկորային կոտրվածքով, հետևանք է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի, ինչի մասին վկայում են բազկի առաջային և հետին մակերեսների վերքերը՝ ներկայիս սպիները, որն առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Մանրամասները՝ pastinfo.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը