Ադրբեջանում մահացել է գերեվարված Կարեն Պետրոսյանը. պատմությունը կրկնվում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան մասին։
Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ որպես նախնական վարկած՝ նշվում է Պետրոսյանի սրտի անբավարարությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ մահվան պատճառները հստակեցվում են Գյանջայի (հայկական՝ Գանձակի) բժշկական կենտրոնում։
Նշվում է, որ հայ գերու մահվան մասին արդեն ծանուցվել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը։
Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում մահանում է հայ գերին։ 2010 թվականի հոկեմբերին Ադրբեջանը փորձեց որպես ինքնասպանություն որակել հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանությունը, ում դիակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ Հայաստան վերադարձվեց 2010թ. նոյեմբերի 4-ին։
Դիակի փորձաքննությամբ հիմնավորվել էր, որ հայ հովիվը Ադրբեջանում ենթարկվել էր կտտանքների, խոշտանգումների, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառ։
Հայաստանում հարուցվեց քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանության դեպքի առթիվ: Սույն քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունը:
Այս գործով Մանվել Սարիբեկյանի հարազատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել գանգատ, որի քննությունը շուտով կսկսվի:
Եվրոպական դատարան ներկայացված գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք, և 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով:
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես պատասխանող պետություն, պատասխանատվություն է կրում հոդվածի նյութական իրավունքի և դատավարական իրավունքի բաղադրիչների ներքո: Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը՝ պետությունը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում, գտնվող անձի կյանքի համար, քանի որ կրում է պոզիտիվ պարտականություն՝ կալանավորների կյանքի ու առողջության պահպանման համար:
Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:
Ադրբեջանում մահացել է գերեվարված Կարեն Պետրոսյանը. պատմությունը կրկնվում է