Լրահոս

08.09.2009 16:19


Ընտրվել է Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը

Ընտրվել է Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը

Ուղղորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները՝ բացառությամբ մեկ հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի: Այդ պաշտոնները թափուր են մնացել օրենքով սահմանված կարգով՝ պայմանավորված ՀԱԿ-ի ավագանու նիստերին չմասնակցելով՝ ավագանու մանդատը ստանձնած և իր լիազորությունները չիրականացնող քաղաքական միավորի բացակայությամբ:   
Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում գրեթե միաձայն ընտրվել են 4 մշտական հանձնաժողովների 3 նախագահներն ու փոխնախագահները:
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նաիրա Նահապետյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, իսկ փոխնախագահ՝ Պողոս Փլավչյանը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից:
Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ենոք Ազարյանը՝ ՀՀԿ-ից, ով կհամատեղի նաև փոխնախագահի պաշտոնը, որը թափուր է:
Առողջապահության, սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Վարդանյանը՝ ԲՀԿ-ից, իսկ փոխնախագահ՝ Աննա Ասատրյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից:
Քաղաքաշինության, հողօգտագործման և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Հրաչ Պողոսյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, վերջինս նաև կհամատեղի նախագահի պաշտոնը, որը ևս թափուր է:

«Բեղմնավոր և տքնաջան աշխատանք է ակնկալվում ոչ միայն հանձնաժողովների նախագահներից և փոխնախագահներից, այլև անդամներից: Ձեր աշխատանքով պետք է նպաստեք Երևանի քաղաքապետարանին և ընդառաջ գնաք երևանցուն։ Հիշե՛ք, որ դուք ընտրվել եք բնակչին ծառայելու համար»,- շնորհավորելով հանձնաժողովների նորընտիր ղեկավար կազմին՝ իր ելույթում ընդգծել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և  հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը