Լրահոս

08.09.2009 17:55


Էդուարդ Աբրահամյան. «Հայաստանի Հանրապետությունը սահմանային հարցում բավական պասիվ է»

Էդուարդ Աբրահամյան. «Հայաստանի Հանրապետությունը սահմանային հարցում բավական պասիվ է»

Հայ-վրացական հարաբերություններից խոսելիս «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու էդուարդ Աբրահամյանն «Արմատ» ակումբում նշել է, որ իրենք վերջերս են վերադարձել Հյուսիսային Լոռվա հայկական բնակավայրերից (Քվեմոքարթլի), որտեղ իրավիճակը բավական բարդ է։

Աշխարհագրորեն այդ տարածքները պատմական հայկական տարածքներ են, սակայն այսօր Վրաստանն ագրեսիվ քաղաքականություն վարելով՝ փորձում է հայաթափ անել գյուղերն ու խնդիրը լուծել միակողմանի։ Խնդիրը բարդացնում է նաև սահմանների չճշգրտված լինելը։ Է.Աբրահամյանի համար նաև անհասկանալի է այս հարցի վերաբերյալ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը.

-Հայաստանի Հանրապետությունը սահմանային հարցում բավական պասիվ է։ Վրաստանը որդեգրել է հայաթափության քաղաքականությունը, իսկ հայկական կողմը կամ ուշադրություն չի դարձնում այս գյուղերի վիճակին, կամ էլ տեսնելով դրանց վիճակը՝ շարունակում է սահմանի ճշգրտումները, ամրապնդումը և այլն։

Նա նշել է, որ, ըստ գյուղացիների տեղեկության, վերջին մի քանի օրերի ընթացքում Ախքյորփի գյուղի հետևի հատվածից Վրաստանը տարածք է վերցրել, իսկ «իշխանությունները փոխանակ այդ հարցով զբաղվեն, այդ հատվածը, փաստորեն, տվել են վրացիներին»։

-Քանի որ այս գյուղերը գտնվում են փաստացի սահմանի վրա, Հայաստանի իշխանությունները պարտադիր կերպով պետք է հարց բարձրացնեն, որ այս գյուղերը պարտադիր միացվեն Հայաստանի Հանրապետությանը։ Եթե նույնիսկ իշխանություններն այդ քայլին չդիմեն, պետք է գոնե սահմանային հարցն այնքան պատշաճ կերպով լուծվի, որ ապահովվի տեղի գյուղացիների բարեկեցիկ ապագան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը