Կարծիք

08.09.2009 18:16


Հայկական օրակարգը

Հայկական օրակարգը

1. Հայրենի ժառանգությունը մեկն է և՝ անբաժանելի:

2. Պապենական բնօրրանի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը' ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախաահական կնիքով հրապարակված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Սրանից ածանցվող' երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնական կարգավորումը բովանդակային նախապայման է Արցախի հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների արդարացի ու վճռորոշ հանգուցալուծման համար: Ցեղասպանության ոճիրը' ինչպես ու երբ էլ սահմանված է եղել, չունի վաղեմության ժամկետ:

3. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Ադրբեջանին եւ նրա ամբողջականությունը' ենթակա սահմանադրորեն կազմավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իր իսկ ճանաչմանը, ինչպես նաեւ Շահումյանի, Գետաշենի ու Նախիջեւանի պատմական օջախների իր բռնազավթումից ազատագրմանը: Տարածքային ոչ մի այլ շտկում չի դիտարկվի կամ կիրարկվի, քանի դեռ վերոհիշյալը չի մտել ամբողջական ուժի մեջ:

4. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Վրաստանին եւ նրա ամբողջականությունը' ենթակա իր իսկ ճանաչմանը, որ Ջավախքը հայրենի ժառանգության, ինչպես նաեւ նրանց ընդհանուր անվտանգության բաղադրիչ էական մասն է: Նրանց փոխադարձ հարաբերության հետագա բնույթը կպայմանավորվի ձեռնարկված այն քայլերի արդյունավետությամբ, որոնք կցուցաբերեն այս գիտակցումը, ինչպես նաեւ կապահովեն վրացահայ համայնքի ու իր հաստատությունների հիմնարար ազատությունները:

5. Ազգ-պետությունը հարգում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության ու Միացյալ նահանգների գործընկերությունը եւ ակնկալում է նրանց հարգանքն իր բացարձակ ինքնիշխանության ու ժառանգության իրավացի ամբողջականության նկատմամբ:

6. Ազգ-պետությունը' Արարատի շեմին եւ սփյուռքում, ավելին ճանաչում է, որ վերը եւ ստորեւ ամրագրված դրույթների նախահիմքը' անմիջական ու համապարփակ իր իսկ վերափոխումն է արդի, ժողովրդավար Հանրապետության, որտեղ օրենքն է իշխում, իրավունքներն են ակնածվում, եւ քաղաքացին է թագը: Արդարություն աշխարհում' ենթադրում է արդարություն տանը:

7. Ուղղակի ի հետեւանս եւ գալիք սերունդների սիրույն, Ազգ-պետությունը երախտագիտությամբ արձանագրում է իր բոլոր նախագահների, քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաների, շարքային հայրենասերների մատուցած ծառայությունները' միաժամանակ պահանջելով, որ նրանցից ամեն մեկը կանգնի հավասարաբար օրենքի իշխանության առջեւ: Այն տարածքները, կալվածքները, ձեռնարկությունները, պատեհություններն ու մարդկային կյանքերը, որոնք նրանց պաշտոնների չարաշահմամբ մինչ այժմ սեփականվել, ունեզրկվել կամ զոհաբերվել են, պետք է ստանան իրենց հաշվետվությունը միեւնույն օրենքի խստագույնս կիրառմամբ: 

8. Հարկ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը երկար պատմության մեջ առաջին անգամ հրատապ կարգով իրենց նախագահության, օրենսդիր մարմնի, հետևաբար' դատական իշխանության համար ճշմարտացի ընտրություններ կենսակոչեն: Ապա թե ոչ' գոյություն չունի ո՛չ ազգային օրակարգ, ոչ էլ ակնհայտ ճակատագիր, ուստիեւ հայրենիքը արդեն եւ առհավետ տրոհված է:

9. Ազգ-պետությունը, նրա յուրաքանչյուր քաղաքացին եւ ուրիշ ոչ մեկը պատասխանատու են' առանց պատրվակի կամ բացառության, իրենց հավաքական ապագայի էջքերի ու մաքառումների համար:

Քաղաքացի Հ.

Այս խորագրի վերջին նյութերը