Լրահոս

12.08.2014 13:06


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուսով է, որ Բաքվում կբարձրացվի հայկական եռագույնը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուսով է, որ Բաքվում կբարձրացվի հայկական եռագույնը

2015 թ. Եվրոպական խաղերը պատմության մեջ Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերն են, որոնք կանցկացվեն Ադրբեջանի մայարաքաղաք Բաքվում: Հիշեցնենք, որ դրա անցկացման վերաբերյալ որոշումը կայացվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմում անցկացված Եվրոպական Օլիմպիական կոմիտեի 41-րդ Գլխավոր հանձնաժողովի նիստի ժամանակ: Գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ 48 մասնակից երկրներից 38-ը քվեարկել են Բաքվի օգտին, 8-ը՝ դեմ, իսկ 2-ը՝ ձեռնպահ: ՀՀ ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:

I Եվրոպական խաղերն անց են կացվում Միջազգային օլիմպիական կազմակերպության կողմից, որն իր կազմի մեջ ներկայումս ներառում է Եվրոպայի 49 ազգային օլիմպիական կոմիտեներ:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թ. հունիսի 12-ին, իսկ փակմանը՝ հունիսի 28-ին:

Այդ խաղերին կմասնակցեն Եվրոպայի 49 երկրներից ժամանած շուրջ 6.000 մարզիկ:

Ըստ I Եվրոպական խաղերի պաշտոնական կայքի www.baku2015.com տեղեկությունների՝ մրցումները կանցկացվեն 20 մարզաձևերից և 31 մարզական դիսցիպլինաներից, ինչպիսիք են՝

Բադմինտոնը, Բասկետբոլը 3x3, Բռնցքամարտը, Ըմբշամարտը (ազատ ոճ, հունահռոմեական, կանանց), Հեծանվավազքը (տրեկային, խճուղային մրցավազք, մաունթինբայք, BMX), Ջրային մարզաձևերը (Ջրային պոլո, Լող, Ջրացատկ, Սինխրոն լող), Վոլեյբոլը, Լողափնյա վոլեյբոլը, Մարմնամարզությունը (Ակրոբատիկա, Աէրոբիկա, Սպորտային և գեղարվեստական մարզմնամարզություն), Ձյուդոն, Կարատեն, Թեթև աթլետիկան, Լողափնյա ֆուտբոլը, Սեղանի թենիսը, Հրաձգությունը, Նետաձգությունը, Տրիաթլոնը, Թաեկվոնդոն, Սուսերամարտը, Սամբոն*:

Պետք է նշել, որ 7 մարզաձևերում, ինչպիսիք են հեծանվավազքը, հրաձգությունը, լողը, սեղանի թենիսը, թաեկվոնդոն, տրիաթլոնը և լողափնյա վոլեյբոլը, կխաղարկվեն լիցենզիաներ 2016 թ. Ռիո-դը-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու համար:

Ըստ նախնական տվյալների՝ I Եվրոպական խաղերի ընթացքում նախատեսվում է խաղարկել ընդհանուր թվով 223 մեդալ:

* Հատկանշական է նշել, որ օրերս I Եվրոպական խաղերի մարզաձևերն ավելացան ևս մեկով՝ հասնելով 20-ի: Ինչպես հայտնում է www.azerisport.com կայքը, Եվրոխաղերի ծրագրի մեջ է ներառվել ՍԱՄԲՈ մարզաձևը: Դա հայտնի էր դարձել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի Վասիլի Շեստակովը, Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովի և Եվրոխաղերի Կազմկոմիտեի ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո: Այդ բանակցություններին մեջ մեծ ներդրում են ունեցել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը և Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովը:

Ուրախացնում է նաև այն, որ սամբոն ներառվել է 2014 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում կայանալիք XVII Ասիական խաղերի մարզաձևերի ցանկում, ինչը վկայում է այն մասին, որ սամբոն լայն տարածում է գտել աշխարհում և վայելում է մեծ մասայականություն աշխարհի բոլոր մայրցամաքներում:

Այն փաստը, որ սամբոն ներառվել է I Եվրոպական խաղերի ծրագրում մեծ խանդավառություն է առաջացրել աշխարհի սամբոյի մարզասերների շրջանում և կարող է հետագայում խթան հանդիսանալ, որպեսզի սամբո մարզաձևը Միջազգային օլիմպիական կազմակերպության կողմից Ճանաչվի օլիմպիական մարզաձև: Հուսանք, որ այդ իրադարձությունը սարերի ետևում չէ, և Միջազգային օլիմպիական կազմակերպությունը շուտով կհայտնի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ` ներառելով ՍԱՄԲՈ մարզաձևը օլիմպիական մարզաձևերի ցանկում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է սամբոյի բոլոր մարզիչներին, մարզիկներին և մարզասերներին այդ կապակցությամբ: Մեծ հույսեր ենք փայփայում, որ հայ սամբիստները հաջող ելույթ կունենան I Եվրոպական խաղերում, անպայման կնվաճեն մեդալներ, բարձր կպահեն մեր երկրի բարի համբավն ու պատիվը և Բաքվում կբարձրացվի հայկական եռագույնը և կհնչի ՀՀ պետական օրհներգը և շատ ուրախալի պահեր կմատուցեն ողջ հայ հանրությանը:

ՀՀ սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը