Մեկնաբանություն

13.08.2014 02:44


Երբ բացակայում են երկրից

Երբ բացակայում են երկրից

Ամեն դեպքում, հարցը մնում է: Ավելի քան երկու շաբաթ ադրբեջանական խելակորույս նախահարձակության պատճառով մեր երկիրը հայտնվել էր կիսապատերազմական վճակում: Այդ օրերին որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը, որ համարվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

«Արմնյուզին» տված հարցազրույցից հետո էլ ծնվեց երկրորդ հարցը՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ իր գոյության մասին հիշեցրեց Սոչիում տեղի ունեցած երկկողմ եւ եռակողմ հանդիպումներից հետո միայն: Եվ այն էլ՝ ոչ թե Երեւանում, այլ Սոչիում՝ կառավարական սրահներից մեկում հարցազրույց տալով հիշյալ հեռուստաընկերությանը: Ինչից հետո նա կրկին տեսադաշտից դուրս եկավ՝ մեկնելով կարճատեւ արձակուրդ, որի մի մասն անցկացնելու է արտերկրում:

Այսինքն, ստացվում է, որ այս մարդը Սոչիից հետո էլ անգամ երկիր չի վերադարձել, այլ հենց այնտեղից է մեկնել արձակուրդ:

Եվ նման կեցվածք ու վարքագիծ է դրսեւորում մի ղեկավար, որի երկրի սահմաններում կիսապատերազմական իրավիճակ է, եւ դեռ հարց է՝ վտանգը լիովին կամ մասնակի վերացվա՞ծ է, թե՞ ոչ:

Այսքանից հետո ինչպե՞ս հավատալ Սերժ Սարգսյանի՝ հիշյալ հարցազրույցում արտահայտած մտքերին:

Ի՞նչն էր խանգարում նրան դեռեւս հուլիսի վերջերին կամ օգոստոսի սկզբներին Երեւանում հայտարարել, որ Ադրբեջանի ղեկավարության նպատակը «հայերի աչքը վախեցնելն է»: Կամ հայտարարել, որ մենք շատ լավ կազմակերպված զինված ուժեր ունենք, որտեղ կառավարումը գրեթե անթերի է: Ի՞նչն էր խանգարում նրան անցած շաբաթներին այստեղ ցույց տալ սեփական դեմքը եւ հայ հանրությանն ասել, որ մեր տղաները հերոս տղաներ են:

Ի՞նչ է՝ այս ամենը պետք է ասեր միայն Սոչիի հանդիպումներից հետո՞:

Մինչ այդ չէ՞ր կարելի:

Իսկապես, զարմանալի է:

Պակաս զարմանալի չէ, երբ հիշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը ուշի ուշով հետեւում էր հայկական լրատվամիջոցների մատուցած տեղեկատվությանը (նաեւ՝ «առանձին մարդկանց» հայտարարություններին), որոնց մի մասը սկզբում կուլ տվեց ադրբեջանական տեղեկատվական խայծը, բայց հետո «դարձի եկավ»:

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր թաքստոցից էր հետեւում, եւ ինչո՞ւ կամ ո՞ւմից էր թաքնվում: Անցել էր ընդհատակ և հայկական մամուլի՞ն էր հետևում։

Իրոք, ապշեցուցիչ է, երբ մարդը հետին թվով է ներկայացնում այն ամենը, ինչին ուշի ուշով հետեւել է, բայց ինքը մնացել է ստվերում՝ այդպես էլ չբացահայտելով իր գտնվելու վայրը:

Այս ամենը մի տեսակ նմանվում է պահմտոցի խաղալուն, որի մասնակիցը հայտնաբերվեց Սոչիում։

Բայց, իհարկե, «Արմնյուզին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արտահայտած ուշագրավ մտքերն այսքանով չեն ավարտվում:

Ասենք, վեց տարի ինքն ու իր սիրելի կադրը՝ Տիգրան Սարգսյանը, երկիրը հասցնում են կործանման շեմին, բայց ընդդիմությանն է զսպվածության կոչ անում, թե՝ նման բաներ մի ասեք, քանի որ Ադրբեջանը ոգեւորվում է: Իսկ մի՞թե ընդդիմությունը չափազանցնում է, ինչից էլ պետք է ոգեւորվեր Ադրբեջանը: Ամենեւին ոչ, ընդդիմությունը գնահատում է իրականությունը, ինչից չի կարող փախչել նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, անգամ եթե տհաճ է իր համար լսել ճշմարտությունը:

Իսկ եթե Ադրբեջանի ոգեւորությունն իսկապես անհանգստացում է, ապա այդ ոգեւորությունը պետք է ստիպեր Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին երկրում ինչ-որ բան փոխել. ասենք՝ ապահովել ՀՆԱ-ի աճ, զարգացնել տնտեսությունը, կանխել արտագաղթը, ստեղծել ներդրումային բարենպաստ դաշտ ու աշխատատեղեր:

Այս ամենը չի արվել, ուրեմն ինչի՞ մասին կարող է հրապարակավ արտահայտվել ընդդիմությունը, եթե ոչ երկու Սարգսյանների արձանագրած աննախադեպ ձախողումների, ինչի հետեւանքով երկիրը հայտնվել է, մեղմ ասած, աննախանձելի իրավիճակում:

Եվ ամենազարմանալին այն է, որ բոլոր առումներով ձախողված Սարգսյանը խոսում է այնպես, ասես ինքը ղեկավարում է եվրոպական զարգացած մի երկիր:

«Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկաԵթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրն աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք»,- հարցազրուցում բոլորիս նման գիտակցության է կոչում նա:

Կարելի է կարծել, թե ինքը բոլոր հնարավորություններն ստեղծել է աշխատանքի համար, ամեն տարի մի 20 հազար աշխատատեղ է ստեղծել, իսկ ա՛յ հայ ժողովուրդն այնքան ծույլ է, որ չի ուզում աշխատել, չի գիտակցում, որ աշխատանքն է իր բարեկեցության աղբյուրը:

Մեկ-մեկ մտածում ես՝ գուցե նա իսկապե՞ս այս երկրում չի ապրում, քանզի իրականության զգացողությունը կորցնում է միայն այն մարդը, ով բացակայում է երկրից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը