Մեկնաբանություն

14.08.2014 11:15


Էս խելքին ենք, որ էս օրին ենք

Էս խելքին ենք, որ էս օրին ենք

Լավ, ինչպե՞ս կարելի էր Թուրքիայի հետ «նախաձեռնողական» քաղաքականություն վարել այն դեպքում, երբ առկա է ասիմետրիկ հակազդեցության հնարավորություն, կամ, այլ խոսքերով ասած, երբ Թուրքիան պետք է քայլ անի, այլ ոչ թե մենք։

Ինչպե՞ս կարելի էր Արևմուտքի ու Ռուսաստանի արանքը մտնել և Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ՝ մոտ չորս տարի բանակցելով եվրաասոցացման շուրջ և մոտ չորս ժամում մտնելով Մաքսային միություն։

Ինչպե՞ս կարելի էր անել այն, ինչը տարիներ շարունակ չէր ստացվում Թուրքիայի և Ադրբեջանի մոտ, այն է՝ վատացնել հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները՝ դրանով իսկ նպաստելով ռուս–ադրբեջանական հարաբերությունների լավացմանը։

Որևէ մեկը փորձո՞ւմ է հասկանալ, թե ինչու է ՌԴ–ն հարձակողական բնույթի զենք վաճառում Ադրբեջանին, բայց թույլ չի տալիս այն կիրառել։ Եվ որքա՞ն կկարողանա Կրեմլը պահել այս վիճակը, երբ Հայաստանը սրընթաց զիջում է իր բոլոր դիրքերը և՛ Հյուսիսում, և՛ Արևմուտքում։

Դեռ քանի՞ զինվորի կյանք պետք է տանք իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով։

Աշխարհում կա՞ մի պետություն, որի ղեկավարը ձախողվել է բոլոր առումներով և հետընթաց ապահովել բոլոր ոլորտներում, սակայն վերարտադրվելու հայտ է ներկայացրել։ Քանի՞ մարդ կա, որ հավատում է, թե ՀՀԿ ղեկավարը Սահմանադրությունն ուզում է փոխել, որպեսզի բարելավի մարդու իրավունքների պաշտպանությունը և ապակենտրոնացնի իշխանական համակարգը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայտնի են, և որոնց պետք է արձագանքել կոնկրետ գործողություններով։

Եթե ներքին կյանքում փոփոխություններ չլինեն, եթե իշխանափոխություն չլինի, ապա որևէ մեկին պետք չէ մեղադրել։ Մեղավորը մենք կլինենք, որ մեր երկրի անվտանգության ապահովման համար քայլ չարեցինք։

Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակն է։ Դրա համար բոլոր նախադրյալները կան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը