Մեկնաբանություն

15.08.2014 18:56


Հիշողության կորուստ նախագահական նստավայրում

Հիշողության կորուստ նախագահական նստավայրում

Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի ելույթներն ունեն մեկ կարևոր սկզբունք՝ յուրաքանչյուր հնչեցրած միտք պետք է հակասի նախորդ ելույթում հնչած մտքերին:

Ինչպես ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ, այնպես էլ վերջին սահմանային թեժացումների ժամանակ Սերժ Սարգսյանն անհետացել էր, և միայն իրավիճակը հանդարտվելուց հետո հայտնվեց ու հարցազրույց տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։

Խոսելով վերջին միջադեպերի կապակցությամբ Թուրքիայի վարքագծի մասին՝ Սարգսյանը հայտարարեց, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի հայտարարությունից՝ նշելով. «Ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:

Փաստացի, Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցավակցություն չի հայտնի հայերին, բայց, միևնույն ժամանակ, հույս ունի, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էրդողանը կգա Երևան:

Սույն թվականի մայիսի 27-ին Սարգսյանը Թուրքիայի ապագա նախագահին հրավիրել էր Հայաստան, իսկ հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելու ժամանակ հայտարարեց. «Իսկ թե կգա՞ Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ նա լինի, մենք կիմանանք առնավազն ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին»:

Դեռևս այդ ժամանակ Էրդողանն առաջատար դիրք էր գրավում ընտրություններում, ու հավանականությունը մեծ էր, որ նա կընտրվի նախագահ: Բայց դա Սերժ Սարգսյանին չի խանգարել՝ Էրդողանին հրավիրելու Հայաստան՝ որպես հավանական նախագահ, չնայած այն հանգամանքին, որ Սարգսյանը հստակ գիտի, որ Էրդողանը ցավակցություն չի հայտնի հայերին:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է. «Կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 13-ին, Սարգսյանը շնորհավորական ուղերձ ուղարկեց Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված էր. «Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք, անկասկած, ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»:

Նույն հարցազրույցի ընթացքում Սարգսյանը խնդրել է ընդդիմադիրներին որոշ դեպքերում զուսպ լինել և Հայաստանի կործանման մասին չահազանգել, որովհետև Ադրբեջանը կրկնում է այդ պնդումները: Նրա կարծիքով ընդդիմադիրների նման վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին:

Խնդիրն այն է, որ Սարգսյանը մոռացել է, որ իր կառավարման ընթացքում Հայաստանում աղքատությունը 26 տոկոսից հասել է 37 տոկոսի, ՀՆԱ-ն նվազել է, ներդրումները կրճատվել են, արտագաղթը հասել է ահագնացող չափերի, և այդ բացասական տենդենցները նրա վարած քաղաքականության հետևանքներն են, ոչ թե ընդդիմության կողմից տրվող գնահատականների: Միանշանակ, հենց այդ հետընթացն է ոգևորում ադրբեջանցիներին, այլ ոչ թե ընդդիմության քննադատությունը:

Մի բան հստակ է՝ ընդդմիությունն ահազանգում է խնդիրների մասին, իսկ խնդիրներ ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է: Եվ այս վիճակը երկար շարունակվել չի կարող։ Փոփոխությունները Հայաստանին պետք են օդ ու ջրի պես։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը