Մեկնաբանություն

16.08.2014 02:21


Հայաստանը մնացել է «և՛, և՛»–ի տակ

Հայաստանը մնացել է «և՛, և՛»–ի տակ

Հայաստանին արտաքին դաշտում պետք է «և՛, և՛»–ի քաղաքականություն, որն այլ կերպ կարելի է կոչել հավասարակշռված կամ կոմպլեմենտար։ Խոսքս, բնականաբար, չի վերաբերում սերժսարգսյանական «և՛,և՛»–ին, քանզի այն զուրկ է բովանդակությունից, սկզբունքներից և պետականամետությունից։

«Նախաձեռնողական» «և՛, և՛»–ը անարժանապատիվ կուրս է, որի պարագայում հարվածներ ես ստանում և՛ վերևից, և՛ ներքևից, և՛ աջ ու ձախ կողմերից՝ վերջում հայտնվելով Կրեմլի կրնկի տակ։ Սա այն դեպքն է, երբ, հայտնի ասացվածքի համաձայն՝ երկու նապաստակի հետևից ընկնես, ոչ մեկն էլ չես բռնի։ Կամ, մեկ այլ ասացվածքի համաձայն՝ մեծ լոնք անես, շալվարդ կպատռես։

Սերժ Սարգսյանի «և՛, և՛»–ի դեպքում շեշտը դրվում է ձևի, արտաքին փայլի ու դատարկ էֆեկտների վրա։ Գիծը որոշվում է «օրվա կուրսով»։ Երեկ «արևմտամետ» ես, այսօր կարող ես «ռուսամետ» լինել, իսկ վաղն անդամագրվել, ասենք, իսլամական երկրների լիգային ու Բաքվին հրավիրել Եվրասիական տնտեսական միություն՝ քո պատկերացումների մեջ անգամ չտեղավորելով Ղարաբաղը։

Միայն սերժսարգսյանական «և՛, և՛»–ի շրջանակներում է հնարավոր մի ձեռքով ստորագրել տխրահռչակ հայ–թուրքական արձանագրությունները՝ կողմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների ենթահանձաժողովին, իսկ մյուս ձեռքով ծաղիկներ դնել հայերին ծովից ծով Հայաստան խոստացած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին և Դեյր Զորի անապատներում խոսել «հայկական Նյուրնբերգից»։

Եթե համաձայնել ես նախապայմաններով արձանագրություններին, ապա մնացածը շոու է՝ համեմված թամաշայի տարրերով։

Միայն սերժսարգսյանական «և՛, և՛»–ի շրջանակներում է հնարավոր Պուտինին քծնել ու Ադրբեջանի հետ պատերազմի հետաձգում մուրալ նրանից, բայց, միևնույն ժամանակ, սեփական «արևմտամետ» հաճախորդներին քսի տալ նույն Պուտինի վրա՝ տարածելով, թե, իբր, նա է կազմակերպել սահմանային բախումները։

Միայն սերժսարգսյանական «և՛, և՛»–ի շրջանակներում է հնարավոր հարցազրույց տալ և քննադատել Էրդողանին նրա համար, որ նա վիրավորել է հայերին, բայց հարցազրույցից մեկ օր անց դիմել նույն Էրդողանին՝ «Ձերդ գերազանցություն» դիմելաձևն օգտագործելով։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Էրդողանը բազմիցս նշել է, որ հայ–թուրքական սահմանը կբացվի, և հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միայն այն դեպքում, երբ հայերը միակողմանի զիջումների (փաստացի՝ կապիտուլյացիայի) գնան Ղարաբաղի հարցում, այսինքն՝ հստակ հայտարարել է, որ հայ–թուրքական արձանագրությունները չեն վավերացվելու Թուրքիայի խորհրդարանում, մինչև չբավարարվեն թուրքական նախապայմանները, բայց, արի ու տես, որ այդքանից հետո պաշտոնական Երևանից կրկին հիշեցվում են արձանագրությունների մասին։

Այս և այլ փաստերը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ սերժսարգսյանական «և՛, և՛»–ը մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է դուրս բերենք Հայաստանը «և՛, և՛»–ի տակից, ինչն, առանց իշխանափոխության, հնարավոր չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը