Մեկնաբանություն

16.08.2014 15:46


«Քառյակի» 12 մեղադրանքները

«Քառյակի» 12 մեղադրանքները

Թեև իշխանություններն իրենց «ընդդիմադիր» թիմակիցների շուրթերով շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե, իբր, ԱԺ ոչիշխանական «քառյակի» ներկայացրած պահանջները թույլիկ են, ու չեն կարող խնդիրներ առաջացնել, բայց դա այդպես չէ։ Եվ ամենալավն այդ մասին գիտեն հենց Բաղրամյան 26–ում։ Դրա համար էլ մարտի են նետել ահելին ու ջահելին, մորն ու մանուկին, բոլորին, բոլորին։

«Քառյակն», ըստ էության, ոչ թե 12–կետանոց պահանջ է ներկայացրել, այլ մեղադրանք։ Այդ կետերից յուրաքանչյուրն առնչվում է իշխանական բուրգի գագաթին գտնվողների անձնական շահերին և առնչվում է հանրության տարբեր շերտերին։

Եթե փորձենք ավելի պարզ ներկայացնել «քառյակի» պահանջ–մեղադրանքները, ապա դրանք կհնչեն այսպես. «Մի՛ թալանեք, պետության հաշվին բիզնես մի՛ արեք, հասարակությանը մի՛ կեղեքեք»։

Ճիշտ է, իշխանություններին կարելի էր ավելի շատ մեղադրանքներ ներկայացնել, սակայն «քառյակում» բավարարվել են 12 կետով։

Դատելով ամենից՝ իշխանությունները չեն կատարելու պահանջները և մինչև վերջ պաշտպանելու են սերժսարգսյանական նեղ շրջապատի բիզնես շահերը, սակայն դա ոչ մի բան չի կարող փոխել։

Տիգրան Սարգսյանին էլ էին փորձում ամեն կերպ պահել ու չկատարել «քառյակի» պահանջը, սակայն չկարողացան։ Հարկ է նկատել, սակայն, որ «Քառյակն» էլ իր հերթին չկարողացավ այդ փուլում փակել ցիկլը և ամբողջական փոփոխության հասնել։ Դա է պատճառը, որ Հայաստանում ազգային համաձայնության կառավարության փոխարեն ձևավորվեց անցումային կառավարություն, ինչը հետաձգեց քաղաքական իշխանությանը վերաբերող խնդրի հանգուցալուծումը։

Հիմա գալիս է հստակեցման և կիսատ թողածն ավարտելու փուլը։

Սեպտեմբերը սարերի հետևում չէ։ Մինչև այդ ամսվա 30–ը կամփոփվի պահանջների կատարման ընթացքն, ու դրանից հետո կսկսվի «ռասկաչկան»։ Թե ինչպիսին կլինի այն, կախված է իշխանությունների խոհեմությունից ու իրապաշտությունից։ Եթե լինի դիմադրություն, ապա կլինեն ցնցումներ, որոնց պատասխանատվությունը կընկնի վարչակազմի վրա։

Իսկ եթե հաղթանակ տանեն սառը դատողությունն ու ռացիոնալիզմը, ապա համապատասխան երաշխիքների դիմաց իշխանությունը «փափուկ» հեռանալու հնարավորություն կստանա։

Թե որ տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը, կերևա շատ շուտով։ Առաջին քայլը սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը պետք է լինի։ Եթե դա չարվի, ապա կնշանակի, որ պատերազմ է հայտարարվում հիմնական քաղաքական ուժերին ու հայության առնվազն 80 տոկոսին։ ՀՀԿ ղեկավարը պատրա՞ստ է նման ռիսկերի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը