Մեկնաբանություն

16.08.2014 17:28


Դասալիքների ցուցակը հայտնի է

Դասալիքների ցուցակը հայտնի է

Մի շարք հանգամանքներից ելնելով՝ հայ–ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմն այս փուլում կանխվեց։ Այն հետաձգվեց, և միայն մեզանից է կախված, թե արդյոք կրկի՞ն կլինի պատերազմի վտանգ, թե՞ ոչ։

Ցավալին, անշո՛ւշտ, մեր զոհերն էին, որ տվեցինք սահմանային բախումների ժամանակ։

Միշտ էլ այդպես է. երբ իշխանությունը խայտառակ սխալներ է թույլ տալիս ու տապալվում բոլոր ոլորտներում, կյանքով հատուցում են զինվորները։

Սահմանային լարվածությունը ՀՀ իշխանության ձախողվածության յուրօրինակ չափիչ սարքն է։ Կա ուղիղ համեմատական կապ մեր երկրի տնտեսական վիճակի վատացման, բնակչության արտագաղթի, աղքատության աճի, կապիտալի արտահոսքի և սահմանային լարվածության աճի միջև։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր ու Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական ու տնտեսական բալանսի այնպիսի խախտում տեղի կունենա, որ կսկսվեն անշրջելի գործընթացներ, ինչն, իհարկե, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։

Ի դեպ, սահմանային լարվածության օրերը մեկ այլ բան էլ ցույց տվեցին։

Նախ՝ հերթական անգամ պարզ դարձավ, որ արտակարգ իրավիճակներում ու երկրի անվտանգությանն առնչվող գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանն անհետանում է տեսադաշտից ու չի երևում հանրության աչքին։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կարող էր (է) լինել, եթե հանկարծ պատերազմական գործողություններ սկսվեին (սկսվեն)։

Բացի այդ՝ մինչ մեր զինվորները հերոսաբար պաշտպանում էին սահմանները և կանգնեցնում թշնամու դիվերսանտներին, Երևանում տեղի էր ունենում «հայրենասերների», ֆեյսբուքյան «ֆիդայիների» և նմանատիպ մասնագիտության տեր այլ սուբյեկտների շոուն։ Մեկը հայտարարեց, թե կռիվ կգնա, եթե դրա մասշտաբները համապատասխանեն իր տիեզերական մասշտաբներին։ Մյուսը հարկ համարեց կամուֆլյաժ հագնել ու ֆոտոսեսիա կազմակերպել։ Երրորդը հավաստիացրեց, որ ինքը կարող է ոչ միայն «սեքս բոմբիկ» լինել, այլ նաև պատրոնդաշ կապող ազատամարտիկ։ Բարձր գոռացողների պակաս չէր զգացվում։ «Մարտական» գործողություններին մասնակցեցին հաստիքային ու արտահաստիքային «զինվորականները»։ «Ֆեյսբուքում» ոչնչացվում էին բոլոր դիվերսանտները, թեժ մարտեր էին ընթանում։

Մի խոսքով, բոլորս տեսանք, թե ովքեր են ներկա ու ապագա դասալիքները, և ում գլխավորությամբ։ Տեղի ունեցավ յուրօրինակ լյուստրացիա։ «Թռնողների» բրիգադն ինքնաբացահայտվեց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը