Լրահոս

17.08.2014 03:55


Այսօր Խաղողօրհնեքն է

Այսօր Խաղողօրհնեքն է

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Մինչ 12-րդ դարն այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին: Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:

Ավանդության համաձայն՝ Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ երկրային կյանքի վախճանը; Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում՝ հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին՝ որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու՝ Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր՝ եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող օրը Մեռելոց է։ Այդ օրը պաշտոնապես համարվում է ոչ աշխատանքային։

Այս խորագրի վերջին նյութերը