Լրահոս

17.08.2014 04:48


Իտալիայի ԱԳՆ–ն՝ ԼՂ–ի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Իտալիայի ԱԳՆ–ն՝ ԼՂ–ի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հուլիսի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:

Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, (որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին) համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:

Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ Եվրոպական Միության դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:

Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է այն միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում, և սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ՝ խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից՝ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով»։

Այս խորագրի վերջին նյութերը