Մեկնաբանություն

20.08.2014 01:13


Սահմանային լարվածությունը պակասեց. Բաքուն գրավողները վերադարձան արտերկրից

Սահմանային լարվածությունը պակասեց. Բաքուն գրավողները վերադարձան արտերկրից

Սահմանային լարվածության մեղմացումից հետո կամաց-կամաց երկիր են վերադառնում Սերժ Սարգսյանի թիմակիցները:

Դե, իսկ «Ֆեյսբուքում» թշնամու դիվերսիոն խմբերը հետ շպրտելուց, վիրտուալ տարածքում թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո ՀՀԿ-ական ջահելությունը մեկնեց Ծաղկաձոր՝ մասնակցելու «Բազե-2014» ամենամյա միջոցառմանը: Բազեական «ազատամարտիկները» Ծաղկաձորում կապաքինեն իրենց վերքերը, կերգեն, կպարեն, կխաղան, մի խոսքով՝ կհանգստանան:

«Ֆեյսբուքում» երկու շաբաթ մասնակցելով ռազմական գործողություններին եւ խոցելով թշնամուն՝ նման հերոսական դիմադրությունից հետո ՀՀԿ երիտթեւի անդամներին իսկապես հանգիստ է պետք:

Պարզվում է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը բացակայում էր երկրից: Դե, քանի որ ԵԿՄ ղեկավարը Հայաստանում չէր, երեւի այդ պատճառով էլ ԵԿՄ անդամները կամավորական ջոկատներ չկազմեցին եւ չգնացին սահման: Իրենք զանգի ու հրամանի էին սպասում, զանգ ու հրաման չեղավ, այլապես ...

Հիմա Մանվել Գրիգորյանը հայտնի չէ՝ որտեղից, վերադարձել է հայրենիք, եւ ասում է, որ իրենք «էն գլխից կռվել են», ու պետք լինի՝ հիմա էլ կգնան ու Բաքուն կգրավեն:

Լավ էր, նրա հետ զրուցող լրագրողները հետ պահեցին գեներալին այդ քայլից, թե չէ հարցազրույցը կիսատ կթողներ ու «կքշեր դբա Բաքու»:

Ինչեւէ, կարեւորը հիմա նա հայրենիքում է, ու եթե հանկարծ թուրքը էլի հարձակվի, ապա ինքը գիտի իր անելիքը։

«Արդեն կարաս գրես, որ ես բոլորին դեմս կառնեմ ու կտանեմ սահման: Էն ժամանակ էլ տենց մարդ չի եղել, որ ինձնից փախնի»,- նկատի ունենալով իշխանավորների կամ «օլիգարխ» կոչվածների զավակներին՝ լրագրողներին ասել է Մանվել Գրիգորյանը:

Համ էլ խոսքի տերն է. ասել է, չէ՞, Բաքվում կիսատ գործեր ունի, եւ եթե հանկարծ նորից թշնամին հարձակվի, այս անգամ արդեն ոչ թե կմեկնի Եվրոպայի կողմերը՝ հանգստանալու, այլ կգնա ուղիղ Բաքու, որտեղ «բան ունի ասելու»:

«Փրկությունը մեր միասնության մեջ է, Արցախի հարց չկա. գիտե՞ք՝ երբ է Արցախի հարց լինում, երբ մենք սկսում ենք էստեղ իրար հետ կռվել, վարկաբեկել, նոր թուրքը ժրում ա: Եթե մենք միասնական, ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղները ու ոչ էլ նման հարց են բարձրացնելու»,- նաեւ այսպիսի բան է խրատել Մանվել Գրիգորյանը:

Իսկ նույն պահին մամուլի ակումբներից մեկում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սպառնում էր առաջիկայում նախագահական պալատի մոտ նստել հացադուլի «իշխանությունների հրաժարականի պահանջով»: Դե, երևի այնպիսի հրաժարականի պահանջով, ինչպես իր ՍԴ դիմել–չդիմելու քայլն էր, որը հետագայում ավարտվեց պետբյուջեից ստացած գումարով։

Չգիտենք՝ Հայրիկյանն իմացա՞վ, որ եթե դիմի նման քայլի, ապա թուրքն էլի կժրի:

Ինչ խոսք, գեներալի հայտարարությունն իրականության հետ կապ չունի:

Մանվել Գրիգորյանը եւ ընդհանրապես իշխող ուժի ներկայացուցիչները արտաքին վտանգը պայմանավորում են «ներքին կռիվներով»՝ այդ կերպ ընդդիմությանը, ոչիշխանական ուժերին հասկացնելով, որ պետք չէ քաղաքական պայքար ծավալել, թե չէ «թուրքը կժրի»:

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, ուրեմն, պետք է ժողովրդի առնվազն 80 տոկոսը պապանձվի ու հաշտվի այն իրականության հետ, որն ստեղծել է գործող իշխանությունը:

«Վերջի բոլշեւիկի» հեռուստահարցազրույցում առաջ քաշած թեզը հիմա թիմակիցներն են զարգացնում: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը եթերից ասաց, թե ընդդիմության հայտարարություններից Ադրբեջանը «ոգեւորվում» է, եւ կոչ արեց իր ընդդիմախոսներին «երկրի կործանման» մասին հայտարարություններ չանել, բայց իրականում նրա ասածի ենթատեքստը նույնն է, ինչ Մանվել Գրիգորյանինը եւ մյուս թիմակիցներինը, ովքեր ավելի «քյասար» են ասում, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի պայքարից, այլապես թշնամին կկատաղի:

Քաղաքական աշնանն ընդառաջ՝ իշխանական ճամբարից հնչող այս «հայրենասիրական նատացիաները» թե որքանով ներգործություն կունենան երկրում անհապաղ փոփոխությունների պահանջով հանդես եկող հանրության եւ քաղաքական ուժերի վրա, շատ շուտով կերեւա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը