Մեկնաբանություն

21.08.2014 11:52


Եվրաասոցացման թուրքամետ ուղղությունը

Եվրաասոցացման թուրքամետ ուղղությունը

Եթե որևէ պետություն Հարավային Կովկասում ընտրի ՆԱՏՕ–ամետ ռազմաքաղաքական ուղղությունը, ապա անմիջապես կհայտնվի թուրքական ազդեցության տակ, քանզի Թուրքիան է Հյուսիսատլանտյան դաշինքի և ԱՄՆ–ի գլխավոր գործընկերն այս տարածաշրջանում։ Ըստ այդմ՝ եվրաասոցացումը Ռուսաստանին դուրս մղելու միջոցով Թուրքիայի դերը Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում մեծացնելու և Արևմուտքի էներգետիկ ծրագրերն առաջ մղելու նպատակ է հետապնդում (ի դեպ, տխրահռչակ «1in.am»–ի աշխատակիցը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում «մուննաթ» էր գալիս Թուրքիայի վրա, թե ինչու այդ պետությունը չի գալիս ու մեր տարածաշրջանում չի զբաղեցնում ՌԴ–ի տեղը)։ Վրաստանի օրինակն այս առումով շատ խոսուն է։

Սահակաշվիլու վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Վրաստանը վերածվեց Թուրքիայի ու նրա եղբայր Ադրբեջանի տնտեսական կցորդի և զրկվեց ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից։

Այսօր եթե պաշտոնական Թբիլիսին մեծ ցանկություն էլ ունենա, ապա չի կարողանա վերաբացել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող աբխազական երկաթուղին, քանզի Անկարան ու Բաքուն ունեն բավարար լծակներ նման որոշում թույլ չտալու համար։ Նույն այդ լծակները նրանք օգտագործում են Վրաստանը թուրքական ֆորպոստի վերածելու համար և այդ առումով ահագին արդյունքների են հասել։

Հայատյաց Սահակաշվիլու որդեգրած արևմտամետ գիծը շարունակվեց եվրաասոցացման տեսքով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքական գործոնի ուժեղացում մեր տարածաշրջանում։ Ու պետք չէ զարմանալ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն օրերս հանդիպել են Նախիջևանում ու որոշել, որ այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։ Վրաստանի եվրաասոցացման հաջորդ քայլն արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացումն է լինելու այդ պետության մեջ։

Պարզ է, որ Վրաստանին որպես մանրադրամ է օգտագործելու Արևմուտքը՝ ՌԴ–ի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի դեմ պայքարելու համար։ Իսկ թե ինչպիսի պետության կվերածվի Վրաստանն այդ ընթացքում, Արևմուտքին չի հետաքրքրում։ Այդ մասին թող վրացիները մտածեն։

Վրաստանի օրինակը ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրության մեջ էր մտել Հայաստանի իշխանությունը՝ ընտրելով եվրաասոցացման ուղղությունը։ Դա, ըստ էության, «Ֆուտբոլային դիվանագիտություն» – 2 էր և հարվածում էր մեր կենսական շահերին։ Հանուն աթոռի և տոկոս «խփելու» «դաբրոյի»՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, Հայաստանը դարձրել էր թուրքական նախագծի մասնակից։

Եվրաասոցացման մեջ մտել էին ՎՈՒԱՄ–ի երկրները, ինչը հասկանալի էր։ Անհասկանալի էր, թե ինչու է թուրքական նախագծի մեջ ակտիվորեն ներգրավվել Սերժ Սարգսյանը։ Ու որքան էլ «գեբելսյան» քարոզչամեքենայի կարկառուն անդամներն ու Թուրքիայի օգտին աշխատող 5–րդ շարասյան ներկայացուցիչները (Արամ Սարգսյան, Իգոր Մուրադյան, Աղասի Ենոքյան, Դավիթ Շահնազարյան և այլք) փորձեցին մանկապատանեկան տեխնոլոգիաներ կիրառել, թե, իբր, ՀՀ եվրաասոցացումից հետո Արևմուտքը Թուրքիայի հերն անիծելու է և ծովից ծով Հայաստան է ապահովելու, միայն թե մենք դուրս գանք ՀԱՊԿ–ից ու մտնենք ՆԱՏՕ, մի փոքր ուղեղ ունեցողների համար պարզ էր, որ եվրաասոցացումը թուրքամետ բնույթ ունի այս տարածաշրջանում։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը չի եվրաասոցացվում, քանզի, Թուրքիայի հետ համատեղ, փորձում է Ռուսաստանի հետ լեզու գտնել Ղարաբաղի հարցում։ Անկարայում և Բաքվում ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ–ն վատացնի իր հարաբերությունները ՌԴ–ի հետ ու դուրս գա ՀԱՊԿ–ից։

Զարմանալի ու կասկածելի զուգադիպությամբ՝ հայաստանյան «արևմտամետների» գործողություններն ամբողջությամբ տեղավորվում են թուրք–ադրբեջանական ռազմավարական գծի մեջ։ Իշխանափոխությունից հետո սա հատուկ քննության առարկա պետք է դառնա, այլապես մենք երբեք պետություն չենք դառնա։

Մեր երկրի ներսում գործող տականքը պետք է մաքրվի, և թրքաբոլշևիկները պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ մինչ այդ մանրամասն ցուցմունք տալով, թե ինչ տարբերակով և ինչի դիմաց են Հայաստանում թուրքամետ գործունեությամբ զբաղվել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «Գեբելսյան» քարոզչամեքենան, սեփական բլեֆ–քարոզի տակից դուրս գալու համար, այժմ մեկնաբանում է, թե, իբր, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներին Արևմուտքը հանդիպեցնում է, որպեսզի Վրաստանի միջոցով վերահսկի Թուրքիային ու Ադրբեջանին։

Եվրաասոցացման միջոցով ծովից ծովից Հայաստան խոստանալու քարոզից հետո սրանց այլ բան չի մնում, քան նման մարազմատիկ գնահատականներ տալը։ Բա հո չէի՞ն գրելու, որ եթե ՀՀ–ն էլ եվրաասոցացման համաձայնագիրը կնքեր, ապա Սեյրան Օհանյանն էլ հնարավորություն կստանար, կամ, ավելի ճիշտ, ստիպված կլիներ մեկնել Նախիջևան և հայր ու որդի ալիևների նկարի տակ լուսանկարվել մեր երեք հարևանների պաշտպանության նախարարների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը