Մեկնաբանություն

21.08.2014 19:20


«Սերժապատում»՝ տարեդարձի առիթով

«Սերժապատում»՝ տարեդարձի առիթով

Այսօր աշխարհահռչակ ռոք աստղ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:

Հռչակավոր հայ երաժիշտը, ով նաև հասարակական գործիչ է եւ հատկապես Միացյալ Նահանգներում փայլում է հանրային ակտիվությամբ՝ այսօր դարձավ 47 տարեկան:

Մինչև 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում Սերժ Թանկյանին շատերն էին ճանաչում եւ գնահատում նրա արվեստը, սակայն հայաստանյան իրականության մեջ նրա անունը ողջ ուժով թնդաց 2013-ի հետընտրական օրերին, երբ նա հրապարակեց Սերժ Սարգսյանին հասցեագրած իր բաց նամակը:

Ռոք աստղի աղմկահարույց այդ նամակը 2013-ի փետրվարի վերջին օրերին մի տեսակ «պայթող ռումբի» ազդեցություն ունեցավ հայ հանրության վրա:

Վախվորած, ստրկամիտ, մորթապաշտ հայ մտավորականության ֆոնին, Սերժ Սարգսյանին դիմելու Սերժ Թանկյանի այդ քայլն իսկապես հանդուգն թվաց:

Թեպետ, հարթակից արդեն ելույթներ էին ունեցել Վարդան Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը (Հախվերդյանն արդեն հասցրել էր շատ ավելի անխնա կերպով քննադատել, այպանել ու խարազանել ՀՀԿ առաջնորդին), սակայն հեռավոր Ամերիկայից եկած նամակը մի պահ փոթորկեց բոլորի հոգիները: Շատերը կարծեցին, թե լավ է, դեռ ամեն ինչ կորած չէ և կարելի է ինչ-որ բան փոխել:

Ճիշտ է, Թանկյանը փոքր-ինչ տարօրինակ դիմելաձեւ էր ընտրել (սկզբում դիմում է «Հարգելի պարոն Նախագահ»-ին ու նրան շնորհավորում «հաղթանակի» առթիվ, իսկ հետո անցնում է անվանական դիմելաձեւին՝ «Սերժ»), բայց նամակի բովանդակությունը խիստ էր:

«Բավականին ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞։ Որ Դուք` Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞` ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը,- Սերժ Սարգսյանին գրել էր Սերժ Թանկյանը, ապա ավելացրել,–այլապես ես կտիրանայի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի»:

Նամակում էլի հարցադրումներ ու դիտարկումներ կային։

«Ազնվորեն եք հաղթել թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք: Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար։ Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից…

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք,- շեշտում է ռոք աստղը` ամփոփելով,- Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որեւէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական օրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սե՛րժ: Ոգեւորե՛ք մեզ: Խնդրո՛ւմ եմ, ընդունեք այս կոչը»:

Նույն օրը՝ 2013-ի փետրվարի 26-ին հրապարակվեց Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Սերժ Թանկյանին:

Այս սրտաճմլիկ ու լալահառաչ, զավեշտալի ու կեղծ պաթոսով գրված տեքստն էլ եք հիշում։

«Սիրելի Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել…

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որեւէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը,,: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի. «Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»»,- ի պատասխան Թանկյանի նամակի, գրել էր Սարգսյանը։

Վերջինս նաեւ խոստանում էր. «Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ ...»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ»:

Թանկյանը անպատասխան չթողեց Սարգսյանը նամակը եւ հաջորդ օրը՝ փետրվարի 27-ին տարածեց իր պատասխան-նամակը, որում նախ նկատում է. «Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին»:

Ինչեւէ, Թանկյանը կրկին խոսելով կաշառակերության, անարդարության, արտագաղթի եւ կեղծված ընտրությունների մասին, դիմում է խնդրանքով . «Հարգելի Պարոն Նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկ ընդ միշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի եւ դատարանների կողմից: Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում»:

Այս «սերժապատումից» անցել է մեկուկես տարի, սակայն երկրում ոչինչ չի փոխվել:

Ո՛չ, սխալվում ենք, մի բան, այնուհանդերձ, «փոխվել» է. Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց (թեպետ, ինչպես նկատեցիք, նրա անվանակիցն իր վերջին նամակում հատուկ շեշտել էր, որ Սահմանադրությունն ու օրենքները լավն են, նրանց իրագործումն է պակասում):

Հետաքրքիր է, հիմա Սերժ Թանկյանը հետեո՞ւմ է Սերժ Սարգսյանի գործունեությանը, թե՞ քաղաքական էպիստոլյար ժանրի սահմաներում դրսեւորած կեցվածքով էլ բավարարվեց:

Հազիվ թե:

Պարզապես, ինչպես բոլորս, Թանկյանն էլ, երեւի, հետո հասկացել է, որ անիմաստ ու անհեթեթ զբաղմունք է գիտակցության կոչել եւ ցանկալի փոփոխությունների իրականացման գործին մղել մի մարդու, որի միակ նպատակը ամեն գնով սեփական իշխանությունը պահելն ու այն հավերժացնելն է:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.: Շնորհավորում ենք մեր հայրենակցին ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում նրան անձնական երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը