Մեկնաբանություն

23.08.2014 23:05


«Սեպտեմբերի 30» VS «Հոկտեմբերի 15»

«Սեպտեմբերի 30» VS «Հոկտեմբերի 15»

Ընդդիմությունն ու իշխանությունն օրացույցի վրա երկու հստակ օր են «մեխել»։ Այդ օրերը շատ կարևոր են և կանխորոշելու են քաղաքական պայքարի հետագա ընթացքն ու հանգուցալուծումը։

Ընդդիմությունը սեպտեմբերի 30–ը վերջնաժամկետ է սահմանել իշխանության համար։ Այդ օրն ամփոփիչ գնահատական կտրվի 12–կետանոց պահանջի կատարման թեմայով։ Գնահատականին, բնականաբար, կնախորդեն ու կհաջորդեն որոշակի գործողություններ։ Այդ գործողություններն էլ կկանխորոշեն քաղաքական պայքարի արդյունքները։

Իշխանությունների համար, բացի սեպտեմբերի 30–ից, կարևոր է նաև մեկ այլ օր՝ հոկտեմբերի 15–ը։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը չկարողացավ սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տալ հուլիսի 1–ից (ինչպես պլանավորել էր), քանզի չհաջողացրեց այդ հարցում համաձայնության գալ ԲՀԿ–ի հետ։

«Քառյակից» սահմանադրական փոփոխություններին հստակ դեմ արտահայտվեցին նաև ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը» (ՀՅԴ–ն «եթե, ... ապա» տարբերակն ընտրեց)։

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն առանձին հարցազրույց տվեց այդ թեմայով և նշեց, որ եթե գործը հանրաքվեին հասնի, ապա այն կվերածվի իշխանափոխության գործընթացի։

Ազդեցիկ քաղաքական ուժերից չկարողանալով գոնե չեզոքություն ստանալ սահմանադրական փոփոխությունների հարցում՝ ՀՀԿ ղեկավարը հետաձգեց նոր Սահմանադրությանն առնչվող պրոցեդուրաները մինչև հոկտեմբերի 15–ը՝ հույս ունենալով, որ մինչ այդ կկարողանա գոնե պայմաններ ստեղծել «Վերարտադրություն» օպերացիան կյանքի կոչելու համար։

Ակնհայտ է, որ իշխանությունն այդ օրը՝ հոկտեմբերի 15–ը, ամրագրել է՝ հաշվի առնելով ընդդիմության վերջնաժամկետի՝ սեպտեմբերի 30–ի պահը։

Եթե Ս. Սարգսյանը տեսնի, որ ընդդիմության «ռասկաչկան» լուրջ թափ է հավաքում, ապա կրկին կնահանջի ու անորոշ ժամանակով կհետաձգի սահմանադրական փոփոխությունների մեկնարկը, ինչը փափուկ իշխանափոխության համար լուրջ նախադրյալներ կստեղծի, քանզի ներիշխանական էրոզիան ավելի կարագանա։

Իսկ եթե ընդդիմությունը չկարողանա անհրաժեշտ «դոզան» ապահովել հրապարակում և տեղեկատվական դաշտում, ապա Սարգսյանն ակտիվորեն կլծվի սեփական իշխանության վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխությունների գործին։

Ասել է թե՝ ամեն ինչ կախված է ընդդիմության պահվածքից ու մեր հասարակության ակտիվությունից։ Քաղաքական օրակարգի ձևավորումն ամբողջությամբ մեր ձեռքում է։

Սարգսյանը ցույց է տվել, որ ինքը հաշվի է նստում և զիջումների է գնում միայն ուժ տեսնելիս։ Տվյալ դեպքում ուժը դրսևորվելու է հրապարակ դուրս եկած քաղաքացիների բազմության և քաղաքական ուժերի միասնության տեսքով։

ՀՀԿ ղեկավարին պետք է «հումանիտար միջանցքի» տեղ թողնել ու «ռասկաչկան» հասցնել անհրաժեշտ մակարդակի։ Այդ դեպքում հաջողությունն անխուսափելի կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը