Մեկնաբանություն

24.08.2014 17:16


Ա՛յ մարդ, հո մարդահամար չե՞ք անում

Ա՛յ մարդ, հո մարդահամար չե՞ք անում

Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման համատեղ նախաձեռնությամբ՝ դեռեւս մարտ ամսից մեկնարկել է «Մեկ հայ, մեկ հոդված» նախագիծը:

«Արշավի նպատակն է հարստացնել հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով՝ Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին: Միասին ստեղծենք ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող մեր ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն»,- տեղեկանում ենք նշված կազմակերպության էջից:

Ամիսներ շարունակ իշխանական հեռուստաընկերություններն ակտիվորեն հեռարձակում են սույն նախագծի գովազդային հոլովակը:

Նայում ես ու մտածում՝ լավ, էս երկրում ոչ մի հեղինակություն չի մնացե՞լ, որ այս մարդկանց են մեյդան գցել, որպեսզի գովազդեն «Մեկ հայ, մեկ հոդված» նախագիծը:

Պարզվում է՝ ոչ: Սրանք են մեր «հեղինակություններն» ու «մասնագետները», որոնց մեծ մասն իրենց ոլորտներում ուղղակի միջակություններ են, եւ որ ամենազավեշտալին է՝ ռուսախոսներ են ու «ակցենտով» էլ գովազդում են: Բայց խոստանում են հայերեն հոդված գրել:

Սա արդեն անլուրջ է: Եթե այս դեմքերն են գովազդում, ապա հանրագիտարանային մակարդակի հոդվածի մասին խոսք լինել չի կարող:

Ասածներից էլ բան չես հասկանում: Վերջը՝ սա ի՞նչ նախագիծ է: Եթե հայերեն Վիքիպեդիայով մենք ուզում ենք Հայաստանը ներկայացնել աշխարհին, ապա դրա համար մասնագիտական հոդվածներ են պետք, փաստերով հագեցած հրապարակումներ, այս կամ այն բնագավառը ներկայացնող, ստույգ տեղեկություններով շարադրված նյութեր:

Բայց ասում են՝ չէ, ով ցանկանում է, կարող է հոդված գրել ու տեղադրել հայերեն Վիքիպեդիայում՝ «Միացե՛ք մեզ»:

Հաջորդ պահին էլ այլ բան ես լսում՝ «Այս նախագծով մենք կարող ենք աշխարհը հայերենով ներկայացնել Հայաստանին»:

Շատ լավ, բայց դրա համար դարձյալ պատրաստվածություն է պետք, դարձյալ մասնագիտական ներուժ է անհրաժեշտ, ինտելեկտ, աշխարհայացք, տեղեկացվածության պատկառելի պաշար, որ այդ «ազատ հանրագիտարան» մտնողը համոզված լինի՝ ինչին ծանոթանում է՝ ճշմարիտ է ու արժանահավատ: Ոչ թե կիսատ-պռատ ինչ-որ շարադրություն:

Իսկ եթե ամեն հայից մի հոդված են ուզում, ուրեմն մեզ վերջին տարբերակն է սպասվում:

Ի դեպ, գովազդողներից մեկն էլ, ոչ դես-ոչ դեն, որպես առաջին կարեւորության թեմա՝ խոստանում է շատ շուտով գրել ու բոլորին ներկայացնել «Ներառական կրթության գաղափարախոսությունը եւ դրա ներդրման պատմությունը Հայաստանում»:

Ուրեմն, անցած տարիներին ինչքան կարգին մասնագետ կար, մինչեւ զայրույթի աստիճան հորդորում ու կոչ էին անում վերջ տալ այդ ներառականին, որի ներդրումը միայն վնասում է երեխաներին, քանի որ ուղղակի հակացուցված է մտավոր խնդիրներ ունեցող եւ առողջ երեխաների միասնական ուսուցումը դպրոցներում:

Փորձառու մասնագետները, մտավորականները մեռան գոռալով, որ նման մեթոդով ուսուցանելն առողջ երեխային դարձնում է հիվանդ, հիվանդ երեխան էլ մնում է հիվանդ:

Դե, հասկանալի է, սույն «ներառական գաղափարախոսության» տարածողների եւ իրագործողների համար կարեւորն այն է, որ գրանտների հոսքը չդադարի, ջհանդամը երեխաները:

Բայց գովազդող տիկինը հենց միայն այս թեման է կարեւորում՝ երեւի համարելով, որ «Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայրին» միայն դա է պակասում:

Մի խոսքով, ազգովի երգում-պարում-արտասանում ենք, եւ սա քիչ է համարվում. հիմա էլ ազգովի պետք է հոդված գրենք:

Համառորեն ամեն օր եթերից պահանջելու պես ասում են՝ «Մեկ հայ, մեկ հոդված»:

Ա՛յ մարդ, հո մարդահամար չե՞ք անում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը