Հարցազրույց

25.08.2014 12:12


Վահե Հովհաննիսյան. «Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը»

Վահե Հովհաննիսյան. «Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը»

a1plus.am–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ

–Գաղտնիք չէ, որ ժողովրդի մոտ սպասումները քաղաքական աշնանից մեծ են: Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն:

-Աշխատել: Ես հաջողության հասնելու ուրիշ բանաձև չգիտեմ: Սա վերաբերում է ցանկացած ոլորտի: Խնդիրները լուծվում են աշխատանքով, տնտեսությունը վերականգնում են աշխատանքով: Ընդ որում` ծանր ու համառ աշխատանքով: Ժողովրդի վստահությունը նույնպես ձեռք են բերում աշխատանքով: Գուցե ուրիշներն այլ ճանապարհ գիտեն, բայց ես դրանց թվում չեմ:

–Հարցն ավելի հստակեցնեմ՝ կան «քառյակի» 12 պահանջները: Ոչ իշխանական ուժերը պահանջատեր լինելո՞ւ են այդ կետերի իրականացմանը:

-Կետերը կազմվել են «քառյակում»` կոնսենսուսի սկզբունքով, և ժողովրդին հուզող, եթե կուզեք` խեղդող, խնդիրների հիմքի վրա: Դրանք կարող էին լինել 24-ը, 36-ը:

Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը իրենց թանկ և նոր ձեռք բերվող մեքենաներից, շքեղ առանձնատների պատուհաններից: Շարունակում են կարդալ ուրիշների գրած գեղեցիկ նախադասությունները և փիլիսոփայական դատողություններ անել արտագաղթի, աղքատության, գյուղի, արդարության մասին: Այնինչ, իրականությունը շատ ավելի հասարակ է և շատ ավելի պրագմատիկ:

Մեզ համար արտագաղթը ոչ թե համաշխարհային միգրացիոն պրոցես է, այլ հստակ մարդկանց ճակատագրեր: Օրինակ` այն թաղամասում, որտեղ ես եմ ապրում, վերջերս բացվել է հերթական մեծ սուպերմարկետը: Շուրջը գտնվող 5-6 փոքր ու միջին խանութները սկսել են փակվել: Դրանցից յուրաքանչյուրը 3-4 ընտանիք էր պահում: Հիմա այդ մարդիկ ինձ՝ որպես ծանոթ պատգամավորի, ասում են, որ աշնանը փակելու են. մի մասը չգիտի` ինչպես է ապրելու, իսկ մյուս մասը գիտի, թե որ երկիր է արտագաղթելու: Պետք չէ ամեն ինչի մեջ փնտրել խորը փիլիսոփայություն: Երբ կրթված ու երիտասարդ մարդիկ ինձ ասում են` մնանք, ի՞նչ անենք, հեռանկարը չենք տեսնում, ես առաջ ամեն կերպ փորձում էի հետ համոզել, երբեմն անգամ խզում էի կապերս ինձ հարազատ մարդկանց հետ, ովքեր թողնում էին Հայաստանը: Բայց այսօր իմ հակափաստարկները սպառման եզրին են: Ամեն օր պաշտոնների են նշանակվում սրա կամ նրա տղան, փեսան, հարսը, եղբայրը: Դե, դրանից հետո համոզեք, որ անկախության 24-25 տարում մենք լուծել ենք տարրական արդարության խնդիրը: Հայկական գյուղերը ծայրից ծայր չքավորության մեջ են, մեկ էլ հայտարարում են, թե ձմռան ամիսներին գյուղատնտեսության մեջ աճ է գրանցվել: Անորակ սերմնացուն տալիս են, գյուղացին կիսատ-պռատ բերք կամ ստանում է կամ չի ստանում, մարզպետները ստիպում են գյուղապետերին բարձր ցուցանիշներով զեկույցներ ուղարկել: Այսպե՞ս ենք լուծելու խնդիրները: Դատարկ խոսքերով, դատարկ խոստումներով աշխարհում ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, ոչ մի ժողովրդի կյանքը չի լավացել: Մեկը կար, որ խոստանում էր Հայաստանը տարածաշրջանային կենտրոնների վերածել, նոր ատոմակայան կառուցել, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել և այլն: Դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ հայտվեց: Ի դեպ, այդ մարդը միակ մեղավորը չէ, նա միայնակ չի քանդել տնտեսությունը: Դա եղել է շատերի աջակցության, գովասանքի խոսքերի կամ նվազագույնը` լուռ, պասիվ դիրքորոշման հետևանքով:

Ամփոփեմ ասածս. Հայաստանի հրատապ օրակարգային խնդիրները ամենևին չեն սպառվում 12 հարցով: Դրանք շատ են, և դրանք քաղաքական ուժերի և համաժողովրդական ճնշման տակ, քայլ առ քայլ, պետք է լուծվեն:

–Շատերը քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները կապում են ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի դիրքորոշման հետ: Եվ հարցը շատ հստակ է` մինչև ուր կգնա Ծառուկյանը:

–Ես Ձեր հստակ հարցին կտամ նույնքան հստակ պատասխան: Ծառուկյանը կգնա մինչև մեր պետության և մեր ժողովրդի առաջ կանգնած խնդիրների լուծումը, մինչև Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի փոփոխությունը, մինչև տնտեսության մեջ առողջ մրցակցային հարաբերությունների հաստատումը, մինչև այն պահը, երբ մարդիկ չխուսափեն ներդրումներ կատարել Հայաստանում, մինչև այնտեղ, երբ այլևս բիրտ ուժով փայ չեն մտնի ուրիշի գործում, մինչև գյուղացին իրեն մենակ ու լքված չի զգա, մինչև խելոքին ու կրթվածին չի հաղթի բութն ու զոռբան և այլն: Կարծում եմ` միտքը պարզ է: Նա քաղաքականության մեջ չի լուծում որևէ մասնավոր խնդիր: Եվ քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ նա այս հարցը բարձրացնում է` բոլորից ակնկալելով նույնը: Վերջին տարիներին Ծառուկյանին մի քանի անգամ առաջարկվել է մաս կազմել կառավարությանը և իշխանական համակարգին: Խոսք է եղել մինչև 6-7 նախարարական պաշտոնի մասին և այլ բազմաթիվ պաշտոնների` իշխանական համակագում: Եթե նրա խնդիրը պաշտոնները լինեին, հարցը վաղուց լուծված էր:Եթե նրա խնդիրը ժողովրդի վստահությունը չարաշահելով իշխանական համակարգի մաս կազմելը լիներ, ապա խնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ: Պարզ է, որ նաև նրա խնդիրը իշխանության մեջ փող աշխատելը չէ` սա արդեն ծիծաղելի կլիներ:

Այս պարագայում ես կարծում եմ, որ Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը քաղաքական դաշտում և հասարակության մեջ, միասնական օրակարգ ձևավորելու, օրակարգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի ստեղծման և իրականացման գործը:

–Ըստ Ձեզ՝ քաղաքական ուժերը Հայաստանում որքանո՞վ են ադեկվատ երկրում ստեղծված իրականությանը:

-Զուտ կուսակցական, միջկուսակցական, ներկուսակցական կյանքի հանդեպ ես անտարբեր եմ: Բոլոր կուսակցություններում կան պարկեշտ ու պատրաստված մարդիկ, բայց նրանք անհատներ են, իսկ կառուցվածքային, կազմակերպչական և ծրագրային պոտենցիալը, կարծում եմ, բավարար չէ: Ակնհայտորեն կա նոր ռեսուրսների, նոր մտածողության անհրաժեշտություն: Ինչու չէ, նաև` նոր մարդկանց: Սրանից պետությունը միայն կշահի: Ես սա ասում եմ, որովհետև եթե լիներ այդ պոտենցիալը, ապա իրականությունը Հայաստանում այլ կլիներ: Դեռ չի անցել` ով ավելի բարձր, ավելի կոշտ կամ ավելի շատ կհայհոյի, կանվանարկի մյուսին կամ իշխանությանը մրցույթը: 90- ականների, 2000-ականների այս ոճը դեռ պահպանվում է: Այն վաղուց իր տեղը պետք է զիջած լիներ կոնսոլիդացված և ծրագրային գործունեությանը, հասարակության հետ աշխատելու բարդ գործին:

Ես ցավով եմ արձանագրում իրականությունը: Ես, իսկապես, անկեղծ եմ ասում, որ ինձ չի հետաքքրում կուսակցական և ներքաղաքական կյանքը և փորձում եմ առավելագույնս հեռու մնալ: Ասեմ ավելին, ես չեմ ուզում 2017-2018 ընտրական ցիկլից հետո լինել ոչ պատգամավոր, ոչ նախարար, ոչ կուսակցական: Մինչ այդ ես լինելու եմ Ծառուկյանի կողքին, իմ պատկերացումներով, իմ խղճի թելադրանքով անելու եմ անեմ ինչ` խնդիրների լուծման, քաղաքական ուժերի և հասարակության համախմբման, օրակարգային ճիշտ հարցերի ձևակերպման և իրական, ու ոչ թե` բարոյական հաղթանակների համար: Երբեք հաջողություն չի լինի, երբ մարդիկ իրենց տներում նստած սպասեն, որ ուրիշներն իրենց հարցերը կլուծեն: Սա վերաբերում է թե լայն զանգվածներին, թե քաղաքական շրջանակներին:

–Կան կանխատեսումներ, որ աշնանը լինելու են խոշոր հանրահավաքներ, բողոքի ակցիաներ և այլն:

- Ընդհանրապես,կա երկու մոտեցում` համակերպվել, պահպանել կայունություն, քանի որ մենք ունենք արտաքին թշնամի և երկրորդը, որ միակ ճիշտ տարբերակը Մայդանն է ու սուր առճակատումը: Երկու տարբերակն էլ ինձ համար անընդունելի են: Համակերպվել իրականությանը` նշանակում է համակերպվել երկրի թուլացմանը, աղքատությանը, արտագաղթին, և այս ամենի արդյունքում ունենալ անվտանգության լուրջ խնդիրներ` հենց նույն արտաքին թշնամու առաջ: Սա 100 տոկոսով մերժելի տարբերակ է: Մյուս կողմից, խնդիր դնել՝ «մայդանի սկզբունքով» ջարդել, կոտրել, փոխել, չի ապահովելու առաջընթաց, և ստեղծելու է որակապես նոր պրոբլեմներ: Տեսեք, Ուկրաինայում ամեն ինչի հիմքում կոռումպացված իշխանության փոփոխությունն էր: Եվրաասոցիացման և այլ գաղափարները ֆոնային բնույթ ունեին և կրում էին բացառապես կատալիզատորի ադզեցություն: Յանուկովիչի իշխանությունը հոգնեցրել էր ժողովրդին, այն երկրի զարգացմանը արդեն խոչընդոտ էր հանդիսանում: Եթե գտնվեին իշխանության փոփոխության, ռեֆորմացիայի այլ տարբերակներ, անշուշտ Ուկրաինան դրանից միայն կշահեր, և չէր հայտնվի հետմայդանային քաոսի և դժվար կանխատեսելի հեռանկարի առաջ:

Շատ կարևոր է, որ հայաստանյան քաղաքական ուժերը, ոչ իշխանական ճամբարն ու իշխանությունները միմյանց համար չստեղծեն փակուղային իրավիճակներ: Չդնեն իրար պատային վիճակներում: Դրանից որևէ մեկը չի շահելու: Բանակցությունների և գրագետ քաղաքական աշխատանքի շնորհիվ միշտ կարելի է գտնել լուծումներ: Նպատակը բացականչություններով պայքարը չէ, նպատակը Հայաստանի պետությունն ու հայ ժողովուրդն է: Ինչ վերաբերում է հանրահավաքներին և բողոքի ակցիաներին, ապա դա ցանկացած հասարակության իրավունքն է, և հայ հասարակությունը բացառություն չէ: Հենց նման հանրահավաքներում է պետք է քննարկել 12 կետերի կատարման ընթացքը և նոր օրակարգային խնդիրներ ձևակերպել ու հասնել դրանց լուծմանը:

–Իսկ ի՞նչ մոտեցումներ կան նոր կԿառավարության գործունեության հանդեպ:

-Ես չեմ կարծում, որ կարող է լինել բանական մարդ, ով շահագրգռված կլինի նոր կառավարության տապալման մեջ: Հերթական կառավարության տապալումը հերթական հարվածն է լինելու մեր տնտեսությանը և ժողովրդի սոցիալական վիճակին: Մյուս կողմից, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ առաքելություն է զգում իր մեջ այս կառավարությունը: Ներքին առաքելությունը շատ կոնկրետ գաղափար է. դա կամ լինում է կամ չի լինում: Դա կամ պետության ու ժողովրդի համար պատմական գործ անելն է, կամ` նեղ խմբակային շահերի հետապնդումը: Սա երկար ժամանակ թաքցնել հնարավոր չէ: Մի որոշ ժամանակում ամեն ինչ պարզ է դառնում:

Այս խորագրի վերջին նյութերը