Մեկնաբանություն

25.08.2014 13:37


Բացառիկ իշխանության հետևանքները

Բացառիկ իշխանության հետևանքները

Ինչ ուզում եք՝ ասեք, ի դեմս գործող նախագահի՝ Հայաստանն ունի բացառիկ իշխանություն: Միայն հայտարարությունների մակարդակում կարելի է անմիջապես տեսնել նրա ամբողջ «պերճանքն ու թշվառությունը»: Ամենայն վճռականությամբ հայտարարում են մեկ բան ու կարճ ժամանակ անց, իրենք իրենց հերքելով, նույն հաստատակամությամբ լրիվ հակառակն են պնդում: Ու կապ չունի, որ տեղում բռնվում են. հայտարարում են և վերջ:

Բառի, առավել ևս՝ պաշտոնական հայտարարության արժեքը բանի տեղ չդնող իշխանությունն, իրոք, բացառիկ է: Մնացածը կամ դրա ածանցյալն է, կամ էլ հակառակը: Բնականաբար, այս աբսուրդային «trend»-ի քավորը Սերժ Սարգսյանն է:

Հիշե՛ք օրեր առաջ նրա հայտարարությունները Մաքսային միության թեմայով։ Հիմա հիշե՛ք նույն Սարգսյանի և իշխանության այլ դեմքերի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունները:

Պարո՛ն Սարգսյան, դուք չէի՞ք հայտարարում, թե՝ «Իմ ցանկությունն է` որքան հնարավոր է՝ արագ Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը...»:

Մոռացե՞լ եք, թե ինչեր էիք խոսում Աստանայում ու մինչ այդ: Կամ այն անհեթեթ իրավիճակը, որում բացառապես Ձեր պատճառով հայտնվեց Հայաստանը` 3 տարի եվրոպացիների հետ նախապատրաստվել ասոցացման պայմանագրի ստորագրմանը, 3 տարի անդադար հայտարարել, թե եվրաինտեգրումն այլընտրանք չունի, 3 տարի շարունակ ահռելի գումարներ ստանալ նույն Եվրամիությունից, 3 տարի գումարներ ծախսել եվրաինտեգրման բանակցությունների վրա ու մեկ օրվա մեջ 360 աստիճանով թեքվել դեպի այլ` լրիվ հակառակ ուղղությամբ: Նման բան ո՞նց կլինի:

Իսկ Բաղրամյան 26–ի «հրաշալի» թիմը։ Հիշո՞ւմ եք՝ ինչեր էին հայտարարում Տիգրան Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, կարկառուն և մնացած ՀՀԿ-ականներն ու հնամաշ կցորդները...

Մի խոքով, դուք բոլորդ դեմք եք, իշխանավորնե՛ր:

Սարգսյանը նաև Կառավարության մասին է արտահայտվել. «Նրանք, ովքեր չեն աշխատել Կառավարությունում, լավ պատկերացում չունեն ստվերի մասին...»:

Այստեղ, երկար-բարակ խոսելու փոխարեն, պարզապես ուզում ես գոռալ՝ «հո՛պ»...

Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպե՞ս է իրեն զգում ամերիկաներում հայտնված Տիգրան Սարգսյանը, և ինչպե՞ս է զգում իրեն «խոշոր գլուխը», որին կարգադրվել էր բռնել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Խոշորներին գլխից բռնելու մասին հայտարարությունները, բնականաբար, մոռացվել են։ Այնպիսի հայտարարություններ են մոռացվել, որ «գլխից բռնելունը» կմոռացվեր ու կմոռացվեր։

Սերժ Սարգսյանն օրերս անդրադարձավ նաև արտագաղթի թեմային: Քանի որ «7օր»-ն արդեն արձագանքել է գործող նախագահի ասածներին, ավելացնենք միայն հետևյալը` երբ պատերազմող երկրի ղեկավարը նորմալ է համարում այն, որ իր պաշտոնավարման տարիներին, ըստ իր ղեկավարության տակ գտնվող վիճվարչության տվյալների` շուրջ 300 հազար մարդ արտագաղթել է, դա ուղղակի վատ է, շատ վատ է:

Մի խոսքով, բացառիկ է Հայաստանի իշխանությունը, բացառիկ վատ: Մնում է հուսալ, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իրեն նաև սահմանադրական փոփոխությունների հարցում. ինչպես միշտ՝ կհայտարարի մի բան, հետո հետ կկանգնի, այսինքն՝ կհրաժարվի սահմանադրական փոփոխություններից՝ ինչպես միշտ հիմար վիճակի մեջ դնելով իր «թիմակից» կոչվածներին, ովքեր, փրփուրները բերաններին, սահմանադրական փոփոխություն էին քարոզում ամռան շոգին: Ավելի ճիշտ, պետք է ոչ թե հուսալ, այլ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոփոխությունների թեման փակվի։ Այդպես լավ կլինի հա՛մ Հայաստանի, հա՛մ Սերժ Սարգսյանի համար։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը