Լրահոս

26.08.2014 11:18


Նամակ Ֆրանսիայի նախագահին

Նամակ Ֆրանսիայի նախագահին

Ձեր ընդ գերազանցություն, մեծարգո Պարոն Նախագահ,

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) Նախագահության անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետությանը հասարակական և քաղաքական այլևայլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանն ու ֆրանսահայությանը ցույց տրվող մշտական աջակցության համար:

Պարոն Նախագահ,

Մոտիկից հետևելով ձեր գործունեությանը՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության շարքերում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց մինչև այսօր` Ֆրանսիայի Նախագահի բարձր պաշտոնը, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումն իր հիացմունքն է հայտնում մեր ազգի նկատմամբ Ձեր ցուցաբերած շարունակական ուշադրության և այն համարձակ դիրքորոշման համար, որ դրսևորել եք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Մենք նաև շատ բարձր ենք գնահատում, Պարոն Նախագահ, 2015 թվականի ապրիլին Եղեռնի 100-­ամյա տարելիցի սգո հանդիսությունների օրերին Հայաստանում ներկա գտնվելու և մեր ազգի վիշտը կիսելու ձեր ցանկությունը, որպես Ֆրանսիայի և իր նախագահի բարեկամական հանձնառության օրինակելի առհավատչյա:

Պարոն Նախագահ,

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը, Ձեր վեհանձն կեցվածքից խրախուսված, խոնարհաբար Ձեզ է դիմում մի առաջարկությամբ՝ համատեղ ջանքերով Ֆրանսիայում անցկացնել հայկական մշակույթի օրեր, համաշխարհային մեծ վաստակ ունեցող հայ արվեստագետների մասնակցությամբ, կազմակերպելով Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումների մի շարք՝ ի նշան համերաշխության աշխարհասփյուռ հայության հետ:

Նման առաքելությունը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հովանու ներքո, ևս մեկ անգամ կգա վկայելու Ֆրանսիայի այն եզակի զորակցությունը, որը միշտ ցուցաբերել է աշխարհի ճնշված ժողովուրդների հանդեպ: Հայոց ցեղասպանության տարիներին, Ֆրանսիան, այդ նույն ոգով, իր գիրկն առավ ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի, որոնք հետագայում, չխնայելով իրենց կյանքը, պայքարեցին Ֆրանսիայի անկախության համար, և մինչև այսօր էլ շարունակում են իրենց ավանդը բերել Ֆրանսիայի հասարակական և մշակութային կյանքին:

Վստահեցնում ենք Ձեզ, Պարոն Նախագահ, որ Ձեր համաձայնության դեպքում, Ֆորումը ջանք չի խնայի այդ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար: Սիրով տեղեկացնում ենք, որ ԵՀՄՖ կազմում, ի շարս բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ արվեստագետների, կան միջազգային համբավ ունեցող այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որոնք սիրով հանդես կգան համերգներով: Ֆորումի համակիրներից է նաև Շառլ Ազնավուրը, որը սիրահոժար իր համաձայնությունն է տվել, որ իր «Քե՛զ համար, Հայաստան» ստեղծագործությունը լինի մեր կազմակերպության հիմնը:

Պարոն Նախագահ, մշակութային նման ձեռնարկները մեկ անգամ ևս կգան հիշեցնելու, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի դժբախտությունն է, այլ՝ համայն մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ մեկուկես միլիոն զոհերի շարքում էին կամ նրանցից դեռ պիտի ծնվեին այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք են՝ Շառլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը, Կոմիտասը, Միսաք Մանուշյանն ու բազում ուրիշներ:

Հուսով ենք, Պարոն Նախագահ, որ սատար կլինեք այս միջոցառումը կազմակերպելու գործին, համարձակ հանձնառության օրինակ ծառայելով բոլոր այն երկրներին, որոնք, ի թիվս Թուրքիայի, դեռևս շարունակում են չճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լիահույս ենք, որ դրական ընթացք կտաք մեր խնդրանքին, և այն կպսակվի հաջողությամբ: Հաճեցեք ընդունել, մեծարգո Պարոն Նախագահ, մեր խորին հարգանքի հավաստիքը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ՝

Դոկտոր Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը