Լրահոս

26.01.2011 13:01


Փորձագետ. «Ուժի չկիրառումն իր համար զիջում է սարքել պատերազմում պարտված կողմը»

Փորձագետ. «Ուժի չկիրառումն իր համար զիջում է սարքել պատերազմում պարտված կողմը»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը խոսելով Ղարաբաղի հարցի մասին՝ ասել է.

-Չեմ կարծում, թե այս տարի լուրջ փոփոխություններ լինեն բանակցային գործընթացում։ Ավելի շուտ ամեն ինչ նպատակաուղղված կլինի նրան, որպեսզի բանակցային գործընթացը պահպանվի, քանի որ լուրջ վտանգ կա, որ կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Ադրբեջանը, կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և այլ ճանապարհ ընտրել։

Ապա հավելել է, որ այլ ճանապարհ ասելով ինքը նկատի ունի պատերազմը։ Գ. Բաղդասարյանը նաև նշել է, որ այնուամենայնիվ բանակցային գործընթացից Ադրբեջանի դուրս գալու համար լուրջ հիմքեր չի տեսնում։ Իսկ այն, որ ամեն կարևոր իրադարձությունից առաջ Ադրբեջանն ուժեղացնում է իր ռազմական հռետորությունը, ընդամենը ցույց է տալիս, որ չի ուզում որևէ զիջում անել բանակցային գործընթացում, իսկ այն, որ խնդրի խաղաղ կարգավորմանը, ուժի չկիրառմանը համաձայնություն է տալիս, այդ երկրի կարծիքով՝ արդեն իսկ մեծագույն զիջում է։  

-Այսինքն ստացվում է, որ ուժի չկիրառումն իր համար զիջում է սարքել պատերազմում պարտված կողմը, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, որ ուժի չկիրառումն իր համար զիջում համարեր պատերազմում հաղթած կողմը,-ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը