Մեկնաբանություն

28.08.2014 11:20


Քաղաքական կեղծ օրակարգերի թոփ եռյակը

Քաղաքական կեղծ օրակարգերի թոփ եռյակը

Սեփական ձախողումները կոծկելու և հանրային ուշադրությունը շեղելու համար Բաղրամյան 26–ից մշտապես կեղծ օրակարգեր են դրվում շրջանառության մեջ։ Ստի ու կեղծիքի տարածմամբ զբաղվող «Գեբելսյան» քարոզչամեքենան հենց դրա համար էլ ստեղծվել է։

300 հազար մարդու արտագաղթող դարձնելու գնով իշխանությունը մի 300 լրագրող, փորձագետ, «ընդդիմադիր», «քաղաքացիական» ու «ակԾիվիստ» է կերակրում և փորձում տեղեկատվական դաշտը լցնել աղբով։

Մի ժամանակ ասում էին, թե «ֆուտբոլային» դիվանագիտությամբ կա հային փրկություն։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Հայաստանը մնացել է «Ֆուտբոլային» դիվանագիտության տակ, ու ոչ մի կերպ չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Էդիկ Նալբանդյանի թշերն ասվածի վառ ապացույցներից են (տեսնես՝ «համամ» պրոցեդուրաներ կանցնի՞ նա Անկարայում, թե՞ ոչ)։

Հետո հայտարարվեց, թե «Հայկական աշխարհով» կա հային փրկություն։ Արդյունքը տեսանելի է բոլորին. արտագաղթը վերածվել է ազգային անվտանգության խնդրի։

Ձախողված «ֆուտբոլային» դիվանագիտությանը հաջորդեց ոչ պակաս ձախողված եվրաասոցացման գործընթացը։ «Արևմտամետ» իշխանություններն ու «Գեբելսյան» քարոզչամեքենան, ուս ուսի տված, չորս տարի շարունակ գնում էին դեպի ԵՄ ու հայ ժողովրդին փորձում համոզել, որ ճիշտ է՝ մենք ունենք կոռումպացված և ընտրակեղծարար իշխանություն, բայց «զատո» նա առաջադեմ է, քանզի մեզ տանում է դեպի ԵՄ, ու հետևաբար պետք է պայքարել ոչ թե կոռումպացված և ընտրակեղծարար իշխանության, այլ այդ իշխանության ընդդիմախոսների դեմ։

Ինչպես հայտնի է, եվրաասոցացման գործընթացն ավարտվեց Կրեմլի մատույցներում և վավերացվեց Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալով։

Իշխանությունների սիրած կեղծ օրակարգերից է նաև «Հակաօլիգարխիկ» պայքարը։ «Խոխման» այն է, որ թիվ մեկ օլիգարխին վերագրվում է օլիգարխիայի դեմ սրբազան պատերազմի ելածի կարգավիճակ, իսկ փաստն այն է, որ «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում տնտեսությունն է՛լ ավելի կենտրոնացված է դարձել։

Այժմ էլ իշխանությունները կեղծ օրակարգեր են դրել շրջանառության մեջ՝ ձգտելով ներքաղաքական սպասվող զարգացումները «մուտիլովկաների» միջոցով դարձնել իրենց համար անվտանգ, պահել աթոռն ու ցմահ իշխելու հնարավորություն ստանալ։

Կեղծ օրակարգերի թոփ–եռյակը հետևյալն է.

1.Միայն արտաքին կողմնորոշմամբ կա հային փրկություն

Իշխանություններն իրենց դրածոների միջոցով տարածում են այն թեզը, թե քաղաքական դաշտում դիրքավորումը պետք է արվի ըստ արտաքին կողմնորոշման։ Արևմտամետ–ռուսամետ կեղծ բաժանումն է առաջ քաշվում։ Ուզում են ասել, թե, իբր, ներսում ոչ մի հարց չի լուծվում. ամեն ինչ Ռուսաստանն է որոշում (կամ էլ՝ Արևմուտքը), և հետևաբար պետք է կողմնորոշվես՝ կա՛մ ռուսների կողմը, կա՛մ Արևմուտքի։ Փաստացի, իշխանությունները վարում են հակաանկախական ու հակապետական քարոզ՝ հանուն սեփական աթոռի։

Ահագին անմեղսունակ կամ «ազնիվ քյարփինջ» կերել են այս «կտերը» և մտել արտաքին կողմնորոշումների դաշտ, բայց դե, դրանք որակ չեն ստեղծում, իսկ կեղծ օրակարգն էլ փուչիկի պես պայթում է։

Իսկ թե ինչ է լինում այն երկրի հետ, որը ներքին խնդիրները պայմանավորում է արտաքին կողմնորոշումներով, կարող ենք դատել Ուկրաինայի օրինակով։

2.Միայն քաղաքացիական հասարակությամբ կա հային փրկություն

Իշխանություններն իրենց հաճախորդների ու սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջների» միջոցով հակաքաղաքականություն են քարոզում։ Սրանք մի նոր «տեսություն» են առաջ քաշել, ըստ որի՝ երկրում քաղաքական փոփոխությունների հասնելու համար պետք է ոչ թե քաղաքական պայքար մղել, այլ քաղաքացիական։ Ըստ այդմ՝ քաղաքական բոլոր ուժերը «քըխ» են, իսկ քաղաքացիականները՝ պուպուշ։ Զուգահեռաբար հայտարարվում է, որ «քաղաքացիականներն» առայժմ չեն կարող փոփոխության հասնել, բայց դե, քաղաքական ուժերով էլ չարժե, քանզի բոլորն էլ վատն են։ Ինչ մնում է հանրությանը, ապա այն վատն է ու հետ է մնում առաջադեմ և ինԾելեկտուալ «քաղաքացիականներից» (այդ «քաղաքացիականներն» իրականում կոմպլեքսավորված գեղցի կոսմոպոլիտներ են)։

Ըստ Բաղրամյան 26–ին կցված «տեսաբանների»՝ պետք է արժեքային ու մշակութային հեղափոխության հասնել, որից հետո արդեն քաղաքացիականների աճող սերունը կբերի փոփոխության (երևի՝ մի 150 տարի հետո)։

Առաջին հայացքից շատ գեղեցիկ մտքեր են ու պայքարի իրատեսական օրակարգ, սակայն դա դհոլության «քաղաքացիական» տարբերակն է, քանզի աշխարհում չկա փորձ, որ առանց քաղաքական պայքարի՝ հասնեն քաղաքական փոփոխությունների։ Իսկ եթե բոլոր կուսակցությունները վերանան, և միջկուսակցական պայքար չլինի, ապա կստանանք ԽՍՀՄ։

Ի դեպ, ԽՍՀՄ արժեհամակարգին, իբր, դեմ են արտահայտվում սութի քաղաքացիականներն, ու իրենք իրենց եզակի ինտելեկտուալներ համարող ծակ գիտնականները (դեմքի «արևմտամետ» հայացքը և ակնոցը դեռ ինտելեկտի ու առաջադեմ լինելու նշան չեն. ներքին դատարկությունը տեսախցիկը փոխանցում է ռենտգեն սարքի նման), բայց իրականում քարոզում են նեոբոլշևիզմ՝ կամա թե ակամա ծառայելով օրվա իշխանությանն ու մաս կազմելով «Գեբելսյան» քարոզչամեքենային։

Նրանք, ովքեր հայտարարում են, որ գործող իշխանությունը լավը չէ, բայց դե, ընդդիմախոսներն էլ մի բան չեն, քարոզում են Սերժ Սարգսյանի օգտին։ Պարզապես «չվառվելու» և դհոլական տեխնոլոգիան չփչացնելու համար «քաղաքացիական» գաղափարն են մեջտեղ բերում։ Սա «Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է» դեմագոգիկ կոդի դրսևորում է։

Այս կոդը տարածողներն են՝ «1in.am»–ի Արման Բաբաջանյանից մինչև «թունդ ընդդիմադիր» Արամ Սարգսյան, կոմերսանտ–քաղաքագետ Աղասի Ենոքյանից մինչև ռուսախոս–արևմտամետ Իգոր Մուրադյան։

3.Միայն սահմանադրական փոփոխություններով կա հային փրկություն

Այս մի կեղծ օրակարգն ամենակենսական նշանակությունն ունի Սերժ Սարգսյանի համար, քանզի դրանով նա ուզում է լուծել վերարտադրվելու և ԱԺ նախագահի կարգավիճակով ցմահ իշխելու խնդիրը։

Ուշագրավն այն է, որ ԱԺ վերջին ընտրություններից առաջ իշխանությունները կատաղի պայքար էին մղում խորհրդարանական համակարգին անցնելու դեմ և օրինակ էին բերում, թե Հիտլերը խորհրդարանական համակարգով եկավ իշխանության, հետևաբար դա վատ կառավարման համակարգ է։ Իսկ հիմա դարձել են խորհրդարանական համակարգի մոլի ջատագովներ։ Իրականում, սակայն, ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդայի՛ն (սովետական) համակարգ է առաջարկվում, ըստ որի՝ երկիրը կառավարվելու է «Գենսեկի» կողմից, քաղաքական ուժեր չեն լինելու, իսկ «շուստրի» «քաղաքացիականները» կգան փոխարինելու երեկվա կոմսոմոլին (ոչ «շուստրիներին» ցույց կտան իրենց տեղը արտաքնոցի մոտ)։

Սահմանադրությունը պատի պես կանգնած է Հայաստանը դեպի նեոբոլշևիկացում տանելու ճանապարհին, և քաղաքական դաշտի բոլոր այն սուբյկետները, ովքեր չեն հասկանում կամ ցույց են տալիս, թե, իբր, չեն հասկանում, թե ինչու է Բաղրամյան 26–ը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, առնվազն քաղաքականապես անմեղսունակներ են կամ դեմագոգ–հաճախորդներ։

Նրանք, ովքեր ընդդիմադիր կարգավիճակով կողմ են արտահայտվում սերժսարգսյանական նախաձեռնությանը կամ չտեսնելու են տալիս այն ականները, որոնք նոր Սահմանադրությամբ ուզում են դնել մեր պետության տակ, շատ ավելի կեղտոտ գործառույթ են իրականացնում, քան Արտաշես Գեղամյանը 2003 և 2008 թվականներին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ։

Ո՞ւմ համար պարզ չէ, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ չեն հետապնդում լուծելու կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը, պաշտպանելու մարդու իրավունքները կամ ավելի ժողովրդավար դարձնելու մեր պետությունը։ Սերժ Սարգսյանի ո՞ր նախաձեռնությունն է պետական շահին համահունչ եղել, որ այս մեկը լինի։ Հետևաբար, հայտնի կենդանու տեղ են իրենց դնում նրանք, ովքեր ՀՀԿ ղեկավարի նախաձեռնության մեջ բարեփոխման հնարավորություն են տեսնում։

Ու պետք է չէ «թունդ սկզբունքայինի» դերի մեջ մտնել։ Սկզբունքայինը չի պահանջում Էձիկի հրաժարականն ու միևնույն ժամանակ իր կարկառուն անդամին ուղարկում նույն Էձիկի ենթակայության տակ՝ «ֆուտբոլային» գիծը պաշտպանելու։ Ինչևէ։

. . .

Եվ այսպես, վերը թվարկված կեղծ օրակարգերով իշխանությունները փորձում են կերակրել հանրությանը, այսպես ասած, օրակարագներ տալ՝ հանուն սեփական խնդիրների լուծման։ Թե որքանով հասուն կգտնվի մեր հանրությունը և չի ուտի այդ «կարագ»–ները, մեծապես կախված է ոչիշխանական քաղաքական ուժերից։

Մեկ բան ակնհայտ է՝ կեղծ օրակարգերով պետություն չես կառուցի։ Այլ կկառուցես մի դղյակ, որը կփլվի առաջին իսկ քամուց։ Հայաստանն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի։ Եվ ուրեմն, պետք է առաջնորդվել իրական օրակարգով, այն է՝ քաղաքական փոփոխությունների իրականացման։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը