Մեկնաբանություն

28.08.2014 12:34


Ինչո՞վ է ավարտվելու հերթական օստապբենդերիզմը

Ինչո՞վ է ավարտվելու հերթական օստապբենդերիզմը

Բաղրամյան 26–ում մտածել են, մտածել ու գտել են։ «Հզոր» բան են գտել։ Օստապ Իբրահիմովիչ Բենդերը կարող էր նախանձել։

«Արևմտամետության» ռահվիրաներն այժմ փորձում են դրսում մոլի ռուսամետ, ես կասեի՝ ռուսահպատակ խաղալ։

Եթե նախկինում հայտարարվում էր, թե, իբր, Սերժ Սարգսյանն այնքան առաջադեմ է, որ Հայաստանը տանում է դեպի ԵՄ, իսկ մյուսներն այնքան հետադեմ են, որ չեն աջակցում այդ գծին, ապա այժմ դրսի, ավելի ստույգ՝ ռուսական լսարանի համար հայտարարվում է, թե, իբր, Սերժ Սարգսյանը Հայաստանի միակ ռուսամետ գործիչն է, և եթե նա չլինի, ապա այստեղ եվրամայդան կլինի։

«Կոմսոմոլսկայա պրավդա»–ներին նաև այդ նպատակով է հոդվածներ պատվիրվում։ Բայց դե, պատվիրատուի ականջներն այնքան մեծ են և այնքան «նախաձեռնողական», որ թաքցնել հնարավոր չի լինում։

Փաստորեն, նախագահական նստավայրին կից՝ «արևմտամետներ» են բուծել (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, Աղասի Ենոքյան, Արման Բաբաջանյան և այլն), որպեսզի սրանք «եվրաշուխուր» բարձրացնեն, իսկ իշխանություններն էլ այդ «եվրաշուխուրը» կարողանան դրսում ծախել ու Մոսկվայից փող պոկել այնպես, ինչպես Օստապն էր ուզում միլիոնատեր դառնալ։ Իսկ ներսում նույն այդ «արևմտամետներին» վերապահված է գեղամյանություն անել ոչիշխանական ուժերի դեմ՝ վերջիններիս «մեղադրելով» արևմտամետ չլինելու և ՄՄ մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանից ավելի ռուսամետ լինելու մեջ։ Բա, այդպիսի մազալու բաներ։

Եվ այսպես, ՀՀԿ ղեկավարը դրսում ռուսամետ է ներկայանում, իսկ ներսում՝ ծպտյալ արևմտամետ, ով կրակն է ընկել իր քաղաքական ընդդիմախոսների ձեռքն ու ստիպված մտել ՄՄ։

Համաձայնե՛ք, որ Օստապ Բենդերը կնախանձեր այսպիսի նախաձեռնողական «շուստրիությանը»։

Թե ինչպես ավարտվեց Օստապ Բենդերի «շուստրիությունը», հայտնի է։ «Նախաձեռնողականներինը» դեռ հայտնի չէ, բայց կարելի է կռահել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը