Մեկնաբանություն

29.08.2014 10:30


Հետաքրքիր է՝ այսքան «ճիշտ որոշումների» հեղինակն ինչպիսի՞ մարդ է

Հետաքրքիր է՝ այսքան «ճիշտ որոշումների» հեղինակն ինչպիսի՞ մարդ է

«Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը և նախանձն են: Դրանք, իրոք, շատ վատ բաներ են: Այդպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ որքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի»:

Այս հայտարարությունն արվել է օրեր առաջ՝ «Բազե-2014» հավաքի ժամանակ: Հեղինակն, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն է։

Նախ՝ արձանագրենք հայտարարության մեջ տեղ գտած ակնհայտ հակասությունը:

Ուրեմն, պարզվում է՝ տգիտությամբ օժտված անհատականությունը նաև կարող է խելոք լինել՝ «որքան էլ խելոք լինի»: Բայց սա չէ էականը:

Սույն հայտարարությանը ծանոթանալիս բազմաթիվ հարցեր են ծնվում:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, որը 2008-ին երկրի վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին:

Ոչ միայն նշանակեց, այլեւ, ի հեճուկս ողջ ժողովրդի, վեց տարի համառորեն նրան պահեց վարչապետի պաշտոնում՝ համատեղ ջանքերով շռնդալից կերպով տապալելով Կառավարության բոլոր ծրագրերը և ապահովելով ռեկորդային վատ ցուցանիշներ: Ավելին, օֆշորային սկանդալի մեջ հայտնված անձին էլ պարգեւատրեց դեսպանի պաշտոնով (հավանաբար, շատ բարի մարդը կարող է մեկ տարի լսել, բայց չլսելու եւ չտեսնելու տալ օֆշորային մեքենայությունների մեջ ներքաշված իր վարչապետի հետ կապված ամոթալի պատմությունը):

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, ով 2009-ին որոշեց զարկ տալ խայտառակ «ֆուտբոլային» դիվանագիտությանը, ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, ինչից շահեցին բոլորը՝ բացի Հայաստանից: Առաջին հերթին շահեցին մեր թշնամիները:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, որը մոտ 4 տարի բանակցում էր Եվրամիության ասոցացման համաձայնագրի շուրջ, բայց հետո անսպասելի կերպով երես թեքեց ԵՄ-ից եւ որոշեց սլանալ դեպի Մաքսային միություն, ուր մեր հանդեպ անբարյացակամ տրամադրված պետություններ կան:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, ով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագին էր բարձրացնում՝ չհաշված աննախադեպ գնաճը 40 տոկոս աղքատության պայմաններում:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, ով «կուտակային ռեկետը» փաթաթեց ժողովրդի վզին՝ իր ու իր նեղ թիմի համար ապահովելով երկար ու էժան փողեր:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ հատկություններով է օժտված այն մարդը, ով նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ սեփական վերարտադրությունն ապահովելու նպատակով (չենք խոսում արդեն «տոկոս խփելու» մասին. երեւի բարությունը, գիտելիքը եւ կամեցողությունն են նրան մղել նման քայլի):

Իսկապես, հետաքրքիր է իմանալ՝ այսպիսի եւ նմանատիպ շատ որոշումներ ո՞վ է կայացրել, ինչպիսի՞ հատկություններով է օժտված եղել այդ մարդը:

Եվ որ պակաս կարեւոր չէ, նաեւ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ երկիրը լքեց մոտ 300 հազար մարդ, երբ այն վեց տարի ղեկավարում եւ որոշումներ է ընդունում անսահման բարի, գիտուն եւ կամեցող մարդը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը