Լրահոս

29.08.2014 14:13


Ընդլայնել ճանաչման աշխարհագրությունը

Ընդլայնել ճանաչման աշխարհագրությունը

Միանալով Կալիֆորնիայի օրենսդիր իշխանության կամքին՝ նույն նահանգի սենատը եւս միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը, ճանաչման շարքում դառնալով ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը:

Կալիֆորնիան ԱՄՆ-ի կարեւորագույն նահանգներից է, եւ նրա կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կընկալվի իբրեւ ամերիկյան քաղաքական կարեւորագույն միջավայրերից մեկի որդեգրած դիրքորոշում:

Եթե մտաբերենք նաեւ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի համապատասխան որոշումը, արդեն կսկսենք տեսնել քաղաքային եւ նահանգային մակարդակներում Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից սկսված ճանաչման երկրորդ գերակա ուղղությունը:

Արդեն իսկ կային նախադրյալներ, որ ճանաչումից հատուցում ռազմավարական կարեւոր ուղու որդեգրումը սկսել էր վաշինգտոնյան կենտրոններում արդյունավորվել եւ կրոնական ու հոգեւոր կառույցների պահանջատիրության առաջին քայլերը նկատվել:

Հիմա, նման ժամանակահատվածի ամերիկյան կարեւորագույն նահանգներից մեկի այս միաձայն որոշումը անպայման կարեւոր հանգրվան է նկատվում Արցախի Հանրապետության իրավական ճանաչման աշխատանքներում: Եւ պատահական հակազդեցություն չէ այն գնահատականը, որ պաշտոնական Ստեփանակերտը թե՛ նախագահի մամուլի պատասխանատուի եւ թե՛ արտգործնախարարի մակարդակով արժանի գնահատական տվեց կատարվածի մասին:

Արցախի նախագահի մամուլի բանբերը հայտնել է, որ սա փաստում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ հետագայում ևս պետք է ունենանք հաջողություններ. ըստ Դավիթ Բաբայանի՝ Ստեփանակերտը պիտի շարունակի աշխատել ճանաչման ուղղությամբ եւ ամեն ինչ պիտի արվի ընդլայնելու համար ճանաչման աշխարհագրությունը:

Մինչ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտնեց, որ Կալիֆորնիայի այս որոշումը հաստատում է Արցախի Հանրապետության միջազգային ընտանիքի մաս կազմելու անհրաժեշտությունը:

Պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը ոչ միայն քաջալերում է եւ ողջունում Հայ դատի հանձնախմբերի որդեգրած Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման վարքագիծը, այլ նաեւ այն նկատում է նախահանգրվան` միջազգային ճանաչման:

Ադրբեջանի արտգործնախարարությունը զբաղված էր մտահոգություն հայտնելով եզդիների դեպի Արցախ տարհանման հավանականության կամ ավելի ճիշտ՝ այդ ուղղությամբ Ստեփանակերտի հայտարարած պատրաստակամության վերաբերյալ, երբ «պայթեց» ճանաչման լուրը: Մինչ այդ, սակայն թուրքական, ադրբեջանական եւ հրեական քաղաքական խմբավորումները համակարգել էին իրենց լոբբիստական սլաքները տապալելու համար բանաձեւի ընդունումը: Ադրբեջանի արտգործնախարարության բանբերը հայտնել էր, որ որեւէ պետության նահանգ իրավունք չունի նման որոշումներ կայացնելու: Կամ Լոս Անջելոսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն էր տարածել, ուր անընդունելի էր նկատում Կալիֆորնիայի սենատի որոշումը: Հասկանալի է, որ որոշումը անընդունելի է Բաքվի համար: Բայց երբ դաս է տրվում մի պետության նահանգին, թե իրավունք ունի կամ չունի ընդունելու այս կամ այն բանաձեւն ու որոշումը, այդ դեպքում դա կլինի անընընդունելի հենց այդ պետության եւ նահանգի կողմից։

Եւ այստեղ 23/0 հարաբերակցությունը, այսինքն` միաձայնությունը պարտադրում է իրողության պատկերի հետ հաշվի նստել, իհարկե, նախ Բաքվին եւ ապա՝ ամերիկյան դաշնակցային մակարդակի ղեկավարությանը: Մանավանդ որ այնտեղ կոչ կա նաեւ ամերիկյան Կոնգրեսին՝ սատարելու Արցախի միջազգային ճանաչմանը:

Հակառակ այլ քաղաքական խմբավորումների աջակցությանը՝ Ադրբեջանին չհաջողվեց որեւե կետ արձանագրել այս պայքարում: Բոլոր նախադրյալները հուշում են, որ նահանգային մակարդակում Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու արշավը պիտի շարունակվի մեծ թափով: Ավստրալիական թե ամերիկյան նահանգները կարող են հաջորդել միմյանց: Եւ այս ռազմավարությունը հուշում է, որ արագ առավելություններ ձեռք բերելով կարող է ընդարձակվել տարբեր աշխարհամասերի քաղաքային թե նահանգային մակարդակներում նորանոր ճանաչումների աշխարհագրությունը:

Կալիֆորնիայի այս վերջին որոշմանը մեջ Բաքվի ապահոված զրո արդյունքը տարբեր հանգամանքներ ունի: Նախ, անշուշտ Հայ դատի հանձնախմբի նպատակաուղղված եւ բարձր արհեստավարժություն ձեռք բերած աշխատանքը, նահանգի հայաշատությունը եւ հայկական գործոնի նկատառումը: Գուցե նաեւ Բաքվի որդեգրած ռազմատենչությունը, կացնահարումը, սահմանային ոտնձգությունները, խաղաղ գործընթացներն արգելակելու անվերջ փորձերը: Այս բոլորի արդյունքը` 23/0 հարաբերակցությամբ հայկական հաղթանակն է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը