Մեկնաբանություն

29.08.2014 14:40


Թուրքիային պետք է նկարը, իսկ մե՞զ

Թուրքիային պետք է նկարը, իսկ մե՞զ

Բազմիցս առիթ եղել է նշելու, որ հայ–թուրքական հարաբերությունների առումով Թուրքիային հետաքրքրում է գործընթացը և ոչ արդյունքը, ձևը և ոչ բովանդակությունը։

Պաշտոնական Անկարան ուզում է միջազգային հանրությանը «մեսիջ» ուղարկել, որ չարժե Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով խոչընդոտել հայ–թուրքական հարաբերությունների, իբր, բարելավման գործընթացին, ինչպես նաև ուզում է լեգիտիմ մակարդակով մխրճվել Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ։ Նման նվեր Էրդողանին ու նրա թիմակիցներին տալիս է Երևանն իր «նախաձեռնողականությամբ»։

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» բացասական հետևանքները տեսանելի են բոլորին, բայց ոչ պաշտոնական Երևանին, որը շարունակում է արտաքին քաղաքականությունը վարել կենցաղային մակարդակով։

Երեկ Էդվարդ Նալբանդյանը, մասնակցելով Էրդողանի երդման արարողությանը, Թուրքիայի նորընտիր նախագահին է հանձնել Սերժ Սարգսյանի հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սխալ էր արտգործնախարարի մակարդակով Թուրքիայի նախագահի երդման արարողությանը մասնակցելը (դա պետք է լիներ որևէ դեսպանի կամ փոխարտգործնախարարի տեսքով, քանզի հայ–թուրքական հարաբերությունների մակարդակը, մեղմ ասած, վատն է)։

Մի կողմ թողնենք նաև այն հարցը, թե արդյոք Էրդողանը կգա՞, թե՞ ոչ։

Եթե դու արտգործնախարար ես ուղարկում Թուրքիա ու հրավեր ուղարկում, ապա դրանով գործնականում կանգնեցնում ես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առնվազն մինչև 2015 թվականի ապրիլի 24–ը, քանզի Թուրքիան, օգտվելով քո այդ մի «նախաձեռնողականությունից» ևս, հնարավորություն է ստանում խաղալ այդ խաղաթղթով ու աշխարհին ստիպել՝ չխառնվել Ցեղասպանության հարցին։

Թուրքիային Նալբանդյանի այցից պետք էր Էրդողանի հետ նրա նկարը, որը տարածվեց ամբողջ աշխարհով։ Դա հարաբերությունների ձևական կողմին է վերաբերում, իսկ ահա բովանդակային առումով Հայաստանը ոչինչ չի շահում և չի կարող շահել, քանի դեռ տխրահռչակ արձանագրություններից հետ չի կանչվել Հայաստանի ստորագրությունը, և Թուրքիայի հետ առանց նախապայմանների որակապես նոր տիպի հարաբերությունների ստեղծման սկիզբ չի դրվել։ Հարաբերություններ, որոնք պետք է տարանջատվեն հայ–ադրբեջանականից։

Իսկ եթե այսպես շարունակվի, ապա Նալբանդյանի այտերը մինչև նրա պաշտոնավարման ավարտը «լոճվելու» են, քանզի այլ բան «նախաձեռնողականությունն» ու «ֆուտբոլային» դիվանագիտությունը չեն նախատեսում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը