Մեկնաբանություն

29.08.2014 19:15


Բաղրամյան 26–ի «գրոհը»

Բաղրամյան 26–ի «գրոհը»

«Քառյակի» ներկայացրած 12 պահանջներն իշխանությունները չեն ուզում կատարել, քանզի չեն ուզում զրկվել եկամտաբեր բիզնեսներից և հրաժարվել հարկային ռեկետից։ Փոխարենը՝ նրանք ուզում են վերարտադրվել, որպեսզի հետագայում կարողանան կարմիր կետագծեր անցկացնել Հայաստանի բոլոր փողոցներում ու բակերում, մարդկանց տների խոհանոցներում և անգամ զուգարաններում։

Փող աշխատելու իրավունքը պահպանելու համար Բաղրամյան 26–ի «բնակիչներն» անցել են «գրոհի»։ Թիրախը, բնականաբար, «քառյակն» է և առանձին վերցրած դրա անդամ կուսակցությունները։

Չունենալով գաղափարական հակափաստարկներ ու առարկայական ասելիք՝ սրանք իրենց հաճախորդների ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի միջոցով դիմում են անձնական վիրավորանքների զինանոցին։

Մի ինքնակոչ հրամանատարի ուղարկում են ասուլիսի, որպեսզի նա վայրահաչի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ (Տեր–Պետրոսյանի դեմ աշխատացնում են նաև «գեոպիլիԾիկ» նշանակության «մուտիլովկա»)։ Մյուսներին մասնագիտացնում են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դեմ գեղամյանություն անելու գործի մեջ, իսկ երրորդներին էլ «քսի» են տալիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ (պարզվում է՝ սրանց դուր է գալիս այն, որ պաշտոնական Երևանը տրնգի է պարում Էրդողանի առաջ, բայց դուր չի գալիս այն, որ Ծառուկյանը ստացել է Էրդողանի հրավերն ու որոշել է չմասնակցել վերջինիս երդման արարողությանը)։

Դե, իսկ ՀՅԴ վերնախավի դեմ Բաղրամյան 26–ը ոչինչ չի անում, քանզի … եզրահանգումները թողնում ենք ընթերցողին։

Այսպիսով, կարող ենք ասել, որ աշնանային քաղաքական գործընթացներին ընդառաջ՝ իշխանությունները կիրառում են ձեռքի տակ եղածը՝ ակամայից բացահայտելով, որ եղածը մի մեծ բան չէ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Նոյեվ Կովչեգին» տված հարցազրույցի հրապարակումն ահագին ուրախացրեց Բաղրամյան 26–ի հաճախորդներին, որոնց ամռանը մի փոքր աչքաթող էին արել՝ պակասեցնելով պատվերների քանակն ու ինտենսիվությունը, հետևաբար՝ նաև վիտամինները։

Քոչարյանն իր հարցազրույցով փրկեց սրանց, քանզի ստամոքսն ամառային արձակուրդներ չի ճանաչում և կարիք ունի մշտական սնուցման։

Այժմ աշխատանքային լայն «ֆրոնտ» է բացվել, քանզի երկրորդ նախագահի դեմ «մոսկայություն» անելու համար Սերժ Սարգսյանի «լրատվական զինվորները» (բնորոշումն իրենցն է) միշտ պատրաստ են։

Այս խորագրի վերջին նյութերը