Լրահոս

30.08.2014 02:15


Իշխանությունը դիմում է հին տեխնոլոգիաների օգնությանը. ինչո՞ւ

Իշխանությունը դիմում է հին տեխնոլոգիաների օգնությանը. ինչո՞ւ

Դատելով իշխանական քարոզչամեքենայի պահվածքից և շրջանառության մեջ դրվող անհեթեթություններից՝ սպասվում են արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ նախագահակա՛ն արտահերթ ընտրություններ։

«Լրատվական» կոչված հոսքերին հետևողներից շատերը «դեժա վյու»–ի զգացողություն ունեն։ Ահագին բան 2008–ն ու մի քիչ էլ 2013–ն է հիշեցնում, բայց շատ ավելի պարզունակ ու էժանագին տարբերակով։

Բանն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանին իշխանությունների պասով սկսել են մեղադրել այն բանի համար, որ նա ուկրաինական սցենարով հեղափոխություն է պատրաստում Հայաստանում։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը խճճվել է իր իսկ «մուտիտների» մեջ։ Քանի կար՝ ՀԱԿ–ը մեղադրվում էր Սերժ Սարգսյանից ավելի ռուսամետ լինելու և Սերժ Սարգսյանի արևմտամետությանը սատար չկանգնելու մեջ։ Իհարկե, հիմա էլ այդ «մեղադրանքը» ՀԱԿ առաջնորդի հասցեին տեղական նշանակության «արևմտամետների» կողմից հնչեցվում է, բայց ռուսական լսարանի համար Բաղրամյան 26–ից այլ հեքիաթ են պատրաստել, ու իրենց կարճ խելքով համոզված են, որ կարողանալու են մոռացված հին «մուտիտը» նորի տեղ անցկացնել։

Պատվեր է տրվում բուլվարային թերթերին, որպեսզի դրանք գրեն, թե Տեր–Պետրոսյանը Հայաստանում «նարնջագույն» հեղափոխություն է անելու և եվրամայդան է սարքելու։ Ահա այսպիսի մազալու բաներ։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Հիշեցնո՞ւմ է։ Բա ես էլ եմ դա ասում։

Նման «սահմռկեցուցիչ» սցենարների մասին մեկ էլ 2008–ին էին սիրում խոսել։ Մի քիչ էլ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ էժանագին լուրեր էին տարածում, թե, իբր, Րաֆֆի Հովհաննիսյանն Արևմուտքի աջակցությամբ գունավոր հեղափոխություն է ուզում անել։ Երկու դեպքում էլ «մուտիտի» լսարանը Ռուսաստանն էր («արևմտամետ» Սարգսյանի վերջին հանգրվանը)։

Մեկ այլ բան էլ է հուշում, որ Սերժ Սարգսյանը ենթագիտակցորեն պատրաստվում է արտահերթ ընտրական գործընթացների։ Նույն Տեր–Պետրսյանին սկսել են մեղադրել Ղարաբաղի պատերազմի տարիներին թուրքերի օգտին աշխատելու և նմանատիպ այլ բաների մեջ (հիշո՞ւմ եք 2008–ին հնչեցրած Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե, իբր, Տեր–Պետրոսյանը երեք տարով է ուզում գալ իշխանության, քանի որ այդքան ժամանակ է նրան պետք Ղարաբաղը ծախելու համար. թե ով է ծախողը, թողնենք ընթերցողի դատին)։ Գտել են մի քանի ապուշի ու բաց թողել լրատվական դաշտ։ Սրանք էլ բերանները շփոթել են աղբադույլի հետ և անցել գործի. «դարի» բացահայտումներ են անում, կռվի տարիներից խոսում։ Կարևորը, սակայն, դա չէ։

Կարևորն այն է, որ իշխանությունները մատնում են իրենց հոգեվիճակը։ Թեև գիտակցականի մակարդակով հասկանում են, որ մարազմով են զբաղված, բայց որպես համապատասխան սրտի մխիթարանք՝ կիրառում են նախկին տեխնոլոգիաները։ Բայց դե, քանի՞ ոչխար կա, ով կհավատա, թե Տեր–Պետրոսյանը կռվի ժամանակ թուրքերի կողմից է աշխատել, իսկ ահա «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր և հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները ստորագրած Սերժ Սարգսյանն ազգային գործչի քայլող մարմնավորում է, այնքան ազգային, որ գրեթե ամեն օր հայտարարում է, թե պատրաստ է հողերը հանձնել։ Էլ չասած Հայոց ցեղասպանության հարցն առևտրի առարկա դարձնելու մասին։

Պարզ է, որ էժանագին քարոզն ու անձնական վիրավորանքները ոչ մի ազդեցություն չեն կարող թողնել հանրության վրա։ Բայց իշխանություններն, այդուհանդերձ, գնում են այդպիսի քայլերի։ Ուրեմն, ամեն ինչ ըստ Ֆրեյդի է։ Ենթագիտակցականի դեմ ոչինչ չես կարող անել։

Ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի այդօրինակ պահվածքը պետք է որպես լավ լուր ընկալել։ Ի վերջո, փոփոխությունների ձգտողներն ուզում են արտահերթ գործընթացներ։ Իշխանություններն իրենց քարոզով ակամայից խոստովանում են, որ վախենում են դրանից ու հիմիկվանից սկսել են «մուտիտներ» դնել շրջանառության մեջ, բայց այդ «մուտիտներն» այնքան հնամաշ են, որ ավելի լավ է՝ նոր բան մտածեն։ Չէ՞ որ «կրեաԾիվ» տղաներ ու աղջիկներ են հավաքվել «արևմտամետ» Սերժ Սարգսյանի շուրջը։

Եվ վերջում ավելացնեմ, որ անկախ իշխանությունների գիտակցականով կամ ենթագիտակցականով պայմանավորված քայլերից՝ ընդդիմադիր ուժերը պետք է հետևողականորեն գնան նախապես նախանշված ծրագրով, քանզի ոչինչ չի կարող փոխել ընդհանուր գիծը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը