Մեկնաբանություն

30.08.2014 13:00


Արևմուտքի սրած բիզն ու «արևմտամետների» ստացած հերթական ապտակը

Արևմուտքի սրած բիզն ու «արևմտամետների» ստացած հերթական ապտակը

Արևմուտքի լիդեր ԱՄՆ–ն իր իսկ սրած բզի զոհն է դառնում։ Սիրիայում նա Թուրքիայի հետ միասին աջակցում էր ծայրահեղ իսլամիստներին։ Ասադը, Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ, կարողացավ պահել իր դիրքերը և ձախողել արևմտյան նախագիծը։

Սիրիայում պարտված ծայրահեղականները հիմա Իրաքի հյուսիսում «Իսլամական խալիֆաթ» են ստեղծում՝ ձեռքի հետ էլ ոտնահարելով ԱՄՆ նավթային շահերն ու սպառնալով Մեքսիկայի տարածքով ներթափանցել ԱՄՆ՝ ահաբեկչության նպատակով։

Փաստորեն, ԱՄՆ–ի բուծած իսլամիստները դուրս են եկել իրենց բուծողների դեմ։ Օբամային այս պայմաններում այլ բան չի մնում, քան օդուժի միջոցով ռմկաբոծել նրանց դիրքերն ու գործընկեր տեսնել ... Ասադին։

Հարկ է արձանագրել, որ ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունն ամբողջությամբ տապալվեց՝ իր հետևից թողնելով քաոս, եզդիների ու քրիստոնյա արաբների ցեղասպանություն և լարվածության աճ։

Նույնն է պատկերը նաև Ուկրաինայում։ Մեկ տարի առաջ ՌԴ–ն առաջարկում էր Ուկրաինայի դաշնայնացում, ինչպես նաև եռակողմ բանակցություններ ԵՄ–Ուկրաինա–Ռուսաստան ձևաչափով, սակայն ԵՄ չինովնիկներն ԱՄՆ–ի ակնհայտ ճնշման տակ մերժում էին այդ տարբերակը՝ զուգահեռաբար շաբաշ տալով Մայդանին։ Ուկրաինայի եվրաասոցացման գործընթացի արդյունքը եղավ այն, որ Ղրիմն անցավ Կրեմլի տիրապետության տակ, Ուկրաինան կորցրել է իր վերահսկողությունն արևելյան որոշ հատվածների նկատմամբ, տիրում է քաոս, և առկա է տնտեսական կոլապս։

Միայն վերջերս Արևմուտքը համաձայնեց Պուտինի առաջարկած եռակողմ ձևաչափին, բայց դե, գնացքն արդեն գնացել է. Ուկրաինայում աղետ է։

Ուշագրավն այն է, որ Արևմուտքը, բացի տնտեսական տիպի պատժամիջոցներից, այլ քայլի չի դիմում, մինչդեռ ուկրաինացիները, և հատկապես այդ ժողովրդի քաղաքական վերնախավը միամտաբար կարծում էին, թե անվտանգության սպառնալիքի դեպքում Արևմուտքն իրենց կօգնի, ու ՆԱՏՕ–ի զորքերը կդիմակայեն ՌԴ հարձակումներին։ Այդպես չեղավ ու չէր էլ կարող լինել։ Ավելին՝ Օբաման հայտարարեց, որ իրենք ՌԴ–ի հետ չեն մտնելու ռազմական բախման մեջ և բավարարվելու են պատժամիջոցներով, իսկ Գերմանիայի կանցլեր Մերկելը որևէ վատ բան չի տեսնում այն բանում, որ Ուկրաինան եվրասիական ընտրություն կատարի ու դաշնայնացնի պետական համակարգը։

Տեղին է հիշեցնելը, թե ինչեր էին խոսում հայաստանյան «արևմտամետները» Հայաստանի եվրաասոցացման բուռն շրջանում։ Թե, իբր, դա հստակ անվտանգության երաշխիքներ կապահովի, թե, իբր, ՆԱՏՕ–ի նավերը կբարձրանան Հայաստանի լեռները, և թե, իբր, եվրաասոցացման արդյունքում ծովից ծով Հայաստան է լինելու։ «Ծովից ծով» Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, թե ինչպիսին են ԵՄ–ի տված անվտանգության երաշխիքները։

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հերթական ապտակն են՝ հասցված արկածախնդիր «արևմտամետներին»։ Ի դեպ, հենց նրանց ջանքերով Հայաստանը հայտնվեց Կրեմլի «նկուղում»։

Ու հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո տնաբույծ «արևմտամետները» դեռ երես ունեն հանրության աչքերին երևալու և Ուկրաինայի որոշումը որպես դրական ու արժանապատիվ գնահատելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը